ՀՀ շնորհիվ ԵԱՏՄ-ի արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը լրացուցիչ խթան է ստացել. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ Հայաստանի շնորհիվ ԵԱՏՄ-ի արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը լրացուցիչ խթան է ստացել: Նա, մասնավորապես, նշեց, որ Իրանի հետ Հայաստանի քաղաքական և տնտեսական կապերը պայմաններ ստեղծեցին միության համար՝ դուրս գալ Մերձավոր Արևելքի տարածաշրջան, որի արդյունքում 2018-ի մայիսի 17-ին Աստանայում կնքվեց ԵԱՏՄ-ի և անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիր:
«ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նախարարը հիշեցրեց, որ համաձայնագիրը կնքվել է 3 տարի ժամկետով: Այն, հիշեցրեց Մնացականյանը, ներմուծման մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյականացում է նախատեսում ապրանքների բավականին լայն շրջանակի համար:
«Դա թույլ կտա զգալիորեն բարձրացնել փոխադարձ առևտրի ծավալը»,- ասաց նա:
Իրանի և Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրականացումը, շարունակեց ՀՀ արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ բանակցությունների ավարտը կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ ԵԱՏՄ-ի՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացի համար:
Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսը հունիսի 10-ին վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանները վավերացրել են համաձայնագիրը: