Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը
Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:
Փաստաթուղթը ստորագրվել է մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։ Այն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է: Հիշեցնենք, ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի կնքման հարցում:
Համաձայնագրով նախատեսված է ԻԻՀ սակագնային պարտավորությունների նվազեցում մինչև գործող մաքսատուրքերի 75%-ի չափով:
Նշենք, որ Համաձայնագրում ներառված ՀՀ-ի համար արտահանման հետաքրքրություն ունեցող հիմնական ապրանքներն են տավարի միսը (նախատեսվում է մաքսատուրքը 26-ից նվազեցնել 10 տոկոսի), հանքային և գազավորված ջրերը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 14 տոկոսի), հանքային և գազավորված ջրերը, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 14 տոկոսի), ոչ ոգելից խմիչքները (նախատեսվում է մաքսատուրքը 55-ից նվազեցնել 14 տոկոսի), շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 20 տոկոսի), հրուշակեղենը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 20 տոկոսի), դեղամիջոցները (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 25-ից 12.5 տոկոսի), կուտակիչները (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 38.5 տոկոսի) և տրիկոտաժե արտադրանքը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 38.5 տոկոսի):