26.11.2024
Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Հայաստանը նախաձեռնել է ստեղծել ԵԱՏՄ խորհրդարանական վեհաժողով. Մելքումյան

Եվրասիական տնտեսական միությունում մեր նախագահության տարին պետք է աչքի ընկնի որոշակի հստակ արդյունքներով: Այս մասին ԱԺ-ում ընթացող «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում, մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ այն ուղին, որ ընտրեց Հայաստանը 2015 թվականին անդամակցելով ԵԱՏՄ-ին, ճիշտ ուղղություն է, այն Հայաստանի զարգացման ուղղությունն է, բայց կարևոր է ևս մեկ անգամ շեշտել, որ այս հարաբերությունները այլ հարաբերությունների հաշվին չեն:

Մելքումյանը, նախ, արձանագրեց, որ կան որոշակի սպասումներ և անելիքներ.

«Ակնհայտ է, որ առայժմ միասնական շուկաները չեն կայացել: Կան պայմանավորվածություններ, թե ինչպես դրանք պետք է ձևավորվեն, բայց դեռ գործընթացը դանդաղում է: Եթե մենք միասնական շուկա ենք, ապա այն պետք է լինի միասնականություն ներդրումների առումով, արդյունաբերության առումով: Իսկ եթե դա չկա, ապա պետք է հասկանանք, թե ինչպե՞ս պետք է փոխենք մեր օրենսդրությունը, որպեսզի ներդրումները գան Հայաստան: Պետք է պատրաստ լինենք հեղափոխական փոփոխությունների»,- հայտարարեց ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահը:

Նա համաձայն չէ այն հնչող տեսակետի հետ, թե ԵԱՏՄ-ն միայն պետք է դիտարկել, որպես իրացման շուկա: Սա, ըստ Մելքումյանի, արմատապես սխալ տեսակետ է: Ըստ նրա, պետք է քննարկել ու հասկանալ, թե ինչ ուղիներ կան համատեղ բիզնես անելու և ներդրումներ Հայաստան բերելու ԵԱՏՄ երկրներից: Այս կոնտեքստում նա նշեց, որ ղազախ իր գործընկերների հետ բարձրաձայնել է այն հարցը, որ Ակտաու-Հենզելի կամ Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղին անպայման օգտագործվի նոր պայմաններում.

«Մենք պետք է կարողանանք բիզնես շրջանակների իրազեկվածությունն այս միջանցքների հետ կապված ճիշտ փաթեթավորել»,- ասաց նա:

Ամփոփելով իր ելույթը, Միքայել Մելքումյանը կարևոր հայտարարություն արեց՝ նախ նշելով, որ օրենքների սինխրոնիզացիան ԵԱՏՄ երկրներում դանդաղ է ընթանում: Նրա խոսքով, Հայաստանն ավելի արագ տեմպեր է ակնկալում.

«Հաշվի առնելով այն կարևոր գործոնը, որ առաջիկայում բացառված չէ, որ մեկ-երկու երկիր՝ ոչ ԱՊՀ անդամ երկրների մասին է խոսքը, համալրեն ԵԱՏՄ-ն, շատ կարևոր եմ համարում առաջարկել ԵԱՏՄ խորհրդարանական վեհաժողով ստեղծելու գաղափարը: Այս վեհաժողով ստեղծելու գաղափարը պետք է նախաձեռնվի և իրականացվի մեր կողմից»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ այս հարցով նամակ է հղել ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին, ինչպես նաև ԱԺ խմբակցություններին , որպեսզի հենց Հայաստանը նախաձեռնի ԵԱՏՄ խորհրդարանական վեհաժողով ձևավորելը: