ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, "Մարտի 1"-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի ելքը Հայաստանից չի թույլատրվել, քանի որ առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ ձեւակերպված թույլտվություն: Այս մասին ասված է ոստիկանության տարածած պարազաբանման մեջ:
Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Բազմաթիվ լրատվամիջոցներ, հղում կատարելով քրեական գործով պաշտպանին, տեղեկատվություն են հրապարակել այն մասին, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովին թույլ չի տրվել հատել ՀՀ սահմանը՝ չնայած այն հանգամանքին, որ առկա է եղել ելքը թույլատրելու վերաբերյալ դատարանի օրինական որոշում։
Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառով, որ առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի՝ պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ ձեւակերպված թույլտվություն:
ՀՀ քրեական դատավարության 143-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ:
Վերոգրյալից ակնհայտ է, որ մեղադրյալը, ում նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է գրավը, այլ տեղանք կարող է մեկնել բացառապես վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը պետք է արտահայտվի ոչ այլ կերպ, քան համապատասխան դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ: Մինչդեռ տվյալ դեպքում նման որեւէ որոշում կայացված չի եղել, եւ դատարանի կողմից ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանն ուղղված գրությունը հիմնված չի եղել նման դատավարական որոշման վրա:
Ելքի թույլտվությունը պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ արտահայտված լինելու մոտեցումը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի տրամաբանությունից, որում օրենսդիրը, քանիցս օգտագործելով «թույլատրել» եզրույթը, դրա արտահայտման ձեւ է համարում դատարանի որոշումը: Օրինակ, նույն հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը: Իսկ անշարժ գույքը որպես գրավի առարկա թույլատրելը կարող է արտահայտվել բացառապես դատարանի՝ խափանման միջոց գրավը թույլատրելի ճանաչելու մասին որոշմամբ:
Բացի այդ, մեղադրյալին այլ տեղանք մեկնելը թույլատրելը կամ չթույլատրելը պատշաճ դատավարական փաստաթղթով ձեւակերպելու պահանջը բխում է նաեւ դրա հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունն ապահովելու անհրաժեշտությունից: Մեղադրյալի մեկնելը թույլատրելու օրինականությունն ու հենց նրա իրավունքների պաշտպանությունն են ենթադրում, որ մեկնելը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի դիրքորոշումը պետք է լինի պատճառաբանված եւ արտահատվի պատշաճ այնպիսի փաստաթղթով, որը կարող է տալ այն վիճարկելու հնարավորություն, ինչը եւս բացակայում է տվյալ դեպքում: