ՄԻԵԴ-ը բավարարել է Մանվել Գրիգորյանի միջնորդությունը և պահանջ դրել կառավարության առջև
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 6-ի որոշմամբ բավարարել է Մանվել Գրիգորյանի 2019 թվականի հունիսի 5-ի միջնորդությունը՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ:
Եվրոպական դատարանը, պայմանավորված դիմումատուի ծանր առողջական վիճակով, ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի տեղափոխումը որոշմամբ մատնանշված բժշկական հաստատություն:
Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությունից պահանջել է մինչև հունիսի 12-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն: Եվրոպական դատարանը նշել է, որ կրկին կքննի միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբեյալ միջնորդությունը՝ հիմնվելով ներկայացված փաստական տվյալների վրա:
Եվրոպական դատարանը նաև կողմերի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ պետության կողմից 39-րդ կանոնի համաձայն սահմանված միջոցի իրականացումը չապահովելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման:
Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար:
Հիշեցնենք, հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել էին «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետեւ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Պաշտպանները հայտարարել էին, որ այդ տեղափոխությունը եղել է առանց բժիշկների համաձայնության և հայտարարել, որ այդ ամենի արդյունքում Գրիգորյանը կարող է կոմայի մեջ ընկնել:
Մանվել Գրիգորյանը հունիսի 6-ին տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց մինչև Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցի կիրառման մասին որոշումը ՀՀ կառավարությանը հանձնելը: Այս պահին բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր։