Մարտի 1-ի քրեական գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալված՝ ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել:
Ինչպես հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):
«Գեղամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- ասել է խոսնակը:
Նշենք, որ ավելի վաղ Գեղամ Պետրոսյանի պաշտպանը բողոքարկել էր Մարտի 1-ի գործով սպանություն կատարելու կասկածանքով նրա ձերբակալման որոշումը:
Հիշեցնենք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հունիսի 4-ին տեղեկացրել էին, որ Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: