Ֆոնդը կաջակցի կառավարությանը ներդրումային միջավայրի կատարելագործման բարեփոխումներում
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով առաջարկվում է «ՀՀ ներդրումների և արտահանման խթանման» ծրագրի իրականացման համար նախատեսվող 1072.1 մլն դրամ դրամաշնորհից 240 մլն դրամը տրամադրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին՝ առանց մրցույթի:
Հիմնավորման համաձայն, ընկերության նպատակն է լինել ՀՀ ներդրումային հետաքրքրությունների առաջմղման առանցքային խողովակ՝ ռազմավարական ներդրումային ծրագրերի կառավարման, տնտեսության գերակա հռչակված ոլորտներում իրականացվող նախաձեռնություններում ներդրումների ներգրավման, ինչպես նաև ընդունելի ռիսկեր պարունակող գործարար ձեռնարկներում մասնակցության միջոցով:
Ընկերությունը հիմնականում աշխատելու է խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ և խոշոր ներդրողների հետ:
Ընկերութունը նշված դրամաշնորհի շրջանակում, մասնավորապես, որպես ներդրող և խորհրդատու մասնակցելու է ներդրումային նախագծերում և գործարար նախաձեռնություններում ՀՀ-ում, աջակցելու է ՀՀ կառավարությանը խոշոր ներդրումային ծրագրերի կառավարման հետ կապված գործընթացներում, հանդես է գալու որպես պետության գործակալ պոտենցիալ խոշոր ներդրողների հետ երկխոսության և հետներդրումային փոխհարաբերությունների դաշտում, աջակցելու է ՀՀ կառավարությանը ներդրումային ու գործարար միջավայրի կատարելագործմանն ուղղված բարեփոխումներում, իրականացնելու է ներդրումային և գործարար խորհրդատվություն, այդ թվում՝ ներգրավելով օտարերկրյա բարձրակարգ մասնագետների: