ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան. F-35-ները կտեղակայեն Ս-400-ների գործողության գոտուց դուրս
Հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչները Թուրքիայում կտեղակայվեն ռուսական զենիթահրթիռային Ս-400 համալիրների գործողության գոտուց դուրս, հինգշաբթի ասել է ԱՄՆ-ում թուրք դեսպան Սերդար Քըլըչը՝ հանդես գալով Վաշինգտոնում Ազգային մամուլի ակումբում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ Ս-400-ները եւ F-35-ները կգտնվեն երկրի երկու կոնկրետ շրջաններում։
Թուրք դիվանագետը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իսրայելական F-35-ները թռչում են Սիրիայի վրայով, որտեղ նույնպես կան ռուսական Ս-400 ԶՀՀ-ներ, բայց դա հարցեր չի առաջացնում ԱՄՆ-ում։
«Բայց երբ խոսքը վերաբերում է Թուրքիային, որը փորձում է հակաօդային պաշտպանության համակարգ տեղակայել, այլ ոչ թե հարված հասցնելու համակարգ, ապա խնդիրներ են առաջանում»,- նշել է Քըլըչը։
Նա հավաստիացրել է, որ ԶՀՀ-ների վրա կաշխատեն միայն թուրք զինվորականները։