Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:
Սի Ծինփինը նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը: Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը:
«ՉԺՀ-ի հետ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է: Մեզ համար շատ կարևոր է կառուցողական և արդյունավետ հարաբերությունները Չինաստանի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ-ն իր արտաքին քաղաքական ուղենիշներն դիվերսիֆիկացնելու և եվրո-ատլանտյան ու ռուսական ուղղություններին զուգահեռ պետք է խորացնի ռազմավարական հարաբերությունները Չինաստանի հետ:
Չինաստանն այսօր աշխարհի ուժային կենտրոններից, բևեռներից մեկն է, ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ վետոյի իրավունքով, Պեկինն ունի գեոպոլիտիկ շահեր Հարավային Կովկասում ու Կասպյան տարածաշրջանում:
Պեկինը Մետաքսի ճանապարհի կառուցման շրջանակներում ակտիվացրել է Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը՝ Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության վրա և ՀՀ-ն չպետք է տարածաշրջանում հետ մնա Ադրբեջանից:
Երևանը պետք է փորձի չինական ներդրումներն ուղղել հայկական տնտեսության իրական հատված ու կյանքի կոչել խոշոր ենթակառուցվածքային նախագծեր: Այդ նախագծերը պետք է փոխկապակցված լինեն նաև Իրանի հետ՝ Պեկին-Թեհրան գեոպոլիտիկ տանդեմի դաշնակիցը, այդ թվում տնտեսական ոլորտում պետք է դառնա նաև Երևանը:
ՀՀ-ի սահմանների երկայնքով արդեն իսկ ձևավորվել է Արևելք-Արևմուտք էներգետիկ-տրանսպորտային միջանցքը, որը թուրք-ադրբեջանական տանդեմի ջանքերի շնորհիվ տարածաշրջանային ծրագրերից դուրս է թողել ՀՀ-ին:
Բացի տնտեսական բաղադրիչից, հայ-չինական հարաբերություններում ոչ պակաս կարևոր է նաև գեոպոլիտիկ ենթատեքստն ու առաջին հերթին Անկարայի պանթուրքիստական ծրագրերը կանխելն ու հակազդելը:
Հայ-չինական ռազմավարական շահերից և ազգային-անվտանգության տրամաբանությունից է բխում պանթուրքական ծրագրերի կանխարգելելը: Չպետք է մոռանալ, որ Չինաստանը իր տարածքում ունենալով Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզ, բնակեցված թուրքական ույգուր ցեղախմբով, շատ հաճախ է բախվում այդ տարածաշրջանում անջատողական և հակաչինական շարժումների հետ: Այդ շարժումները շատ դեպքերում ուղղակի խրախուսվում և դրդվում են Թուրքիայի և նրա հետախուզության (MIT) կողմից:
Հայաստանը Հարավային Կովկասում բախվելով թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական քաղաքականությանը և պանթուրքիստական նոր նկրտումներին, կարող է տարածաշրջանում դառնալ Պեկինի ռազմավարական դաշնակիցը, որը կզսպի պանթուրքիստական ալիքը, որը Հայաստանի թուլացման պարագայում Կասպյան-կենտրոնական ասիական տարածաշրջանները ընդգրկելով կհասնի Չինաստանի հյուսիս-արևմտյան, թուրքաբնակ շրջաններ: