Միջնաժամկետ հատվածում առաջնային պետք է լինի ուղղակի հարկերի ավելացումը. ուսումնասիրություն
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն իրականացրել է ՀՀ պետբյուջեի եկամուտների ուսումնասիրություն:
ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները (ներառյալ տուրքերը) 2019թ.-ի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 44.042 մլրդ ՀՀ դրամով կամ 30.5%-ով:
Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) կազմել է հարկային եկամուտների 41.12%-ը: ԱԱՀ-ի գծով հարկային եկամուտները 2019թ.-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 4.1%-ով, մինչդեռ ապրանքների ներմուծումը կրճատվել է 39.62 մլն ԱՄՆ դոլարով՝ կազմելով 674.04 մլն ԱՄՆ դոլար: Հավաքագրված ԱԱՀ-ի ավելացումը պայմանավորված է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրմամբ, որն ապահովում է թափանցիկության ավելի բարձր աստիճան: Ներմուծման ծավալների կրճատմանը զուգահեռ նաև մաքսատուրքի 4.2% աճ է գրանցվել՝ ՀՀ պետական բյուջե փոխանցվող մաքսատուրքերի հաշվին (յուրաքանչյուր ԵԱՏՄ անդամի դեպքում՝ 1.13%): Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրմամբ է պայմանավորված նաև շրջանառության հարկի գծով արձանագրված 38.6% աճը:
Հարկային եկամուտների կառուցվածքում տեսակարար կշռով երկրորդը համարվող եկամտային հարկի (34.53%) գծով 2019թ.-ի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13.2% աճ է արձանագրվել, որը պայմանավորված է ինչպես 2019թ.-ի հունվար-փետրվար ամիսներին մեկ և ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում միջին ամսական անվանական աշխատավարձերի 3.5% աճով, այնպես էլ գրանցված աշխատակիցների թվաքանակի 15.5% աճով (2019թ. հունվարի դրությամբ անցյալ տարվա նույն ամսվա հետ համեմատած):
Դիտարկվող ժամանակահատվածում, բացի վերը նշված հարկատեսակներից հավաքագրվող գումարների կտրվածքով աճ է արձանագրվել նաև պետական տուրքի գծով՝ 2019թ.-ի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12.8% աճ է գրանցվել:
Տվյալ ժամանակահատվածում բավականին մեծ անկում է արձանագրվել շահութահարկի (94.5%) և բնապահպանական և բնօգտագործման վճարների (91.8%) պարագայում: Բնապահպանական և բնօգտագործման վճարների կրճատումը պայմանավորված է եղել Ալավերդու պղնձաձուլարանի, «Թեղուտ» ՓԲԸ-ի և Ամուլսարի հանքի գործունեության դադարեցման հետ: Այս գործարանների փակ լինելը, ինչպես նաև այլ ընկերությունների շահույթի մակարդակը ազդել է բյուջե փոխանցվող շահութահարկի մեծության վրա:
Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում հավաքագրվող հարկային եկամուտների աճը պայմանավորված է եղել ԱԱՀ-ի և գրանցված աշխատակիցների թվաքանակի ավելացմամբ, նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրմամբ, սակայն շահութահարկի գծով 94.5% անկում է գրանցել: Սակայն այս միջոցառումները կարող են հարկային եկամուտների աճ ապահովեն կարճաժամկետ հատվածում, մինչդեռ միջնաժամկետ հատվածում առաջնային պետք է դառնա ուղղակի հարկերի ավելացումը՝ մասնավորապես նոր ստեղծվող աշխատատեղերի հաշվին ավելի մեծ եկամտային հարկի ծավալների և շահութահարկի ավելացմամբ, ինչն իր հերթին հնարավոր է միայն տնտեսության զարգացման լավատեսական սցենարի պարագայում: