25.11.2024
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Երեւանի կենտրոնում ունի 250 անշարժ գույք. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Գագիկ Խաչատրյանն, այնուամենայնիվ, ԱԱԾ-ում եղել է. ի՞նչ է առաջարկել նա

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, հեղափոխությունից հետո ՀՀ իշխանությունները պատերազմ են հայտարարել կոռուպցիային` միաժամանակ վեր հանելով նախկինների չարաշահումները: Միայն թե զարմանալի է փաստը, որ համառ լռություն է` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցած դեպքերի հետ կապված: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գ. Խաչատրյանն ԱԱԾ-ում «հյուրընկալվելու» առիթ արդեն ունեցել է: Ըստ մեզ հասած լուրերի` երբ իրավապահները Խաչատրյանի գործունեության հետ կապված փաստեր են ներկայացրել, վերջինս ասել է, թե ՀՀ պետական բյուջե պատրաստ է վերադարձնել ցանկացած գումար, միայն թե քրեական պատասխանատվության չենթարկվի: Այսինքն` նա, այնուամենայնիվ, ընդունել է, որ վնաս է տվել պետությանը եւ պատրաստ է վերականգնել այն: Իսկ թե արդյոք նա վերադարձրել է գումարները, եւ որքան են կազմում դրանք, պարզ չէ»։


«Ժամանակ» թերթը գրում է. «ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը, ինչպես հայտնի է, սկսվեց ՊՎԾ-ում պաշտոն զբաղեցնող Ադյան եղբայրներից։ Նախ նրանցից մեկը բռնվեց, ապա երկրորդը, եւ հարցաքննվելով երկուսն էլ ազատ արձակվեցին՝ շրջանառվող լուրերի համաձայն Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու շնորհիվ։ Մեզ բավական ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ադյան եղբայրների մասին։ Մասնավորապես, որ նրանց հորեղբայրը Յուրա Ադյանն է, ով նախկին իշխանությունների ժամանակ համարվել է գնումների ոլորտում «գել»։ Յուրա Ադյանը իր հիմնադրած տարբեր անուններով ՍՊԸ-ներով, այդ թվում՝ Արցախում գրանցված «Ամարասյուս» ՍՊԸ-ով մշտապես մասնակցել է ամենատարբեր գնումների տարբեր գերատեսչությունների ու կառույցների կարիքների համար՝ սկսած մանկապարտեզներից մինչեւ ՊՆ։ Ադյանը սկզբունք է ունեցել՝ բոլոր գնումների ժամանակ ներկայացնել ամենացածր գինը, շահել տենդերը, ապա եթե մասնագիտացած չի եղել այդ ոլորտում, պայմանագիրը վաճառել այլ ընկերության։ Նման մեխանիզմով տարիներ շարունակ Ադյանը կարողացել է միլիոններ դիզել՝ ունենալով նաեւ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի բարձր հովանավորությունը, ով ի պաշտոնե կոչված էր կանխելու Ադյանի եւ նրա նմանների թալանչիությունը։ Ի դեպ, Ադյանը իր ՍՊԸ-ները գրանցել էր Արցախում, որպեսզի ԱԱՀ չվճարեր։ Այս ամենից հետո բնավ զարմանալի չէ Ադյան եղբայրների վարքագիծը»։


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ին մերձ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այդ կառույցը հասարակական կարծիքի հերթական ուսումնասիրությունն է իրականացրել՝ պարզելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը: Ըստ հարցման արդյունքների՝ Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկումը, գրանցելով նոր հակառեկորդ՝ 34 տոկոս: Ընդամենը երեք ամիս առաջ անցկացված հարցման համաձայն՝ Փաշինյանի վարկանիշը 30 տոկոսով ավելի բարձր էր: Փաշինյանի վարկանիշը նվազում է հասարակության բոլոր շերտերում եւ տարիքային խմբերում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկվա ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացահայտումներից մեկը շատերի համար ցնցող էր, եւ պատահական չէ, որ քաղաքական, հասարակական դաշտում լայն քննարկումների թեմա դարձավ: Փաշինյանի խոսքով` նախքան հեղափոխությունը նախկին իշխանություններն ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել, եւ հիմա ծառայողական քննություն է իրականացվում: Ավելի ուշ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը մանրամասնել է. «Այս մասին տեղեկությունը որոշել են հրապարակել, քանի որ շատ են հնչում հարցադրումներ կառավարության հասցեին: Մասնավորապես, հարցադրումներ են հնչում` ԱԱԾ-ն, ինչ է, չգիտի՞՝ մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել»: Թե ինչ նյութերի մասին է խոսքը, Փաշինյանն ընդհանրական պատասխան է տվել. «Որ դրանք լայնածավալ շրջանակի են առնչվում, ակնհայտ է` ե՛ւ մարդկանց, ե՛ւ իրադարձությունների։ Ընդդիմադիր գործչի նկատմամբ ի՞նչ գործողություն է ձեռնարկվել… Որոշ դեպքերում պատառիկներ են մնում, եւ էդ պատառիկների հետեւից գնալով՝ արձանագրում ենք, որ բուն նյութը չկա եւ էդպես…»: Այս թեմային անդրադարձել է նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` հավելելով. «Կգա ժամանակը, ինքներդ կտեսնեք՝ ինչ է արվել»: 


Նկատենք, որ տեղի ունեցածն ամենեւին էլ արտառոց չէ. վաղ, թե ուշ սպասելի էր, որ նման փաստ կբացահայտվի` հաշվի առնելով նախկին իշխանությունների բնույթը: Բնական է, որ հեռանալուց առաջ հետքերը մաքրելու փորձեր արվել են: Ի վերջո, նախկինների օրոք ԱԱԾ-ն քաղաքական հալածանքների գործիք է եղել: Ու բնական է, որ առաջին հերթին արխիվներից պետք է անհետացած լինեն մարտի 1-ի, նաեւ ՀՀԿ իշխանության ժամանակ ընդդիմադիր գործիչների դեմ «թղթապանակները», որպեսզի չերեւա, թե իրենց իշխանությունն ինչերի է ընդունակ եղել: Չենք զարմանա, եթե պարզվի` անհետացել են նաեւ շատ այլ աղմկահարույց դեպքերի նյութեր, այդ թվում` հոկտեմբերի 27-ին ու նախկին իշխանությունների օրոք քաղաքական սպանություններին վերաբերող»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանը, որ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար կալանքի տակ է, «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ այս շրջանում ընդդիմադիր խմբակցությունները համախմբվում են և առաջիկայում կարող են մարտահրավեր նետել նոր ղեկավարությանը: Ըստ էության, այստեղ անակնկալներ չեն լինելու. խոսքն այն կուսակցությունների ու գործիչների մասին է, որոնք մշտապես էլ համագործակցել են Քոչարյանի հետ` թե՛ նրա իշխանության տարիներին, թե՛ կալանավորումից հետո: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանից մեկնաբանություններ ստանալ: «Հանուն հայության միավորման` ցանկացած ուժի շուրջ դա հնարավոր է, մենք հիմա էլ աշխատում ենք հանուն դրա»,- նշեց նա: Մինչ այդ մեզ հայտնի դարձավ, որ Քոչարյանը նման համախմբման փորձել է գնալ Աժ արտահերթ ընտրություններից առաջ` ցանկանալով քաղաքական բևեռ ձևավորել, սակայն վերջին պահին նրա հետ համագործակցելու հայտ ներկայացրած ուժերն ու անձինք միանգամից «անհետացել են», և Քոչարյանն էլ դրանից հետո որոշել է չմասնակցել ընտրություններին` դժգոհելով ոմանց տղամարդկության պակասից »:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը ԲՀԿ խորհրդարանական ֆրակցիան հավաքվել է Գագիկ Ծառուկյանի մոտ` Առինջի հայտնի այգում` մտերմիկ միջավայրում քննարկելու կուսակցության շուրջ տեղի ունեցող զարգացումները, կատարելիք քայլերը: ԲՀԿ-ականները միահամուռ պնդել են, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում ողջ թիմով վայր կդնեն մանդատները, եթե իշխանության ճնշումները շարունակվեն, եւ կուսակցության առաջնորդից մանդատը վերցնեն: Իր հերթին Գագիկ Ծառուկյանն ասել է․ «Գնալու եմ մինչեւ վերջ, ոչ մի բանի առջեւ չեմ կանգնելու»: Սակայն թիմում թերահավատությամբ են լսել այդ հավաստիացումները՝ չեն հակաճառել, բայց կարծում են, որ վճռական պահին նա կրկին «զադնի կդնի», իսկ իրենք կմնան անտեր ու անպաշտպան՝ իշխանության մեքենայի առաջ դեմ հանդիման»:


«168 ժամ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 կետերով «փաստեր» է ներկայացնում այն մասին, թե իշխանության գալու մեկ տարվա ընթացքում իր կողմից տրված խոստումներից որոնք են արվել եւ որոնք պետք է արվեն՝ սկսած բանակում զինվորների սննդակարգում վարունգ-պոմիդորի, մեղրի, խոզի ճարպի ավելացումից՝ մինչեւ երջանկության ինդեքս, մեր ձեռքին հետաքրքիր փաստեր են հայտնվել։ Ներկայացված փաստաթղթերով հայտնի են դառնում 2019թ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների եւ վարչական շրջանների ղեկավարների պարգեւատրումների չափերը։ Օրինակ՝ Երեւանի վարչական բոլոր 12 շրջանների ղեկավարները՝ թաղապետերը, պարգեւատրվել են 840.000-ական դրամներով։ Ընդհանուր կազմել է 10.080.000 դրամ։ Քաղաքապետի տեղակալները եւ որոշ վարչության պետեր, քաղաքապետի մամուլի քարտուղարը եւ այլք եւս 840.000-ական դրամներով են պարգեւատրվել, քաղաքապետի տեղակալների որոշ օգնականներ՝ 300-500.000 դրամներով, եւ այլն։ Ըստ մեր աղբյուրների՝ քաղաքապետ Հայկ Մարությանն այս անգամ իրեն չի պարգեւատրել։ Զարմանալի է, սակայն, ըստ այս ցուցակի, ապրիլին քաղաքապետարանից ամենաբարձր պարգեւատրում ստացած անձը քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանն է. նա ստացել է 1.060.000 դրամ: Պարգեւատրվել են ընդհանուր թվով 130 անձինք, ընդհանուր գումարը կազմել է 58.496.625.00 դրամ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արմենիա» հեռուստաընկերությունը գրեթե ամեն օր հիշեցնում է հայ հանրությանը, թե ով էր Հայկ Մարությանը մինչեւ քաղաքապետ դառնալը։ Էկրանից չեն իջնում նրա մասնակցությամբ կատակերգությունները, որտեղ նա Գառնիկ Ազիզյանի, սուպեր մամայի ու այլ տարբեր զվարճալի կերպարներ է մարմնավորում։ Իրար հերթ չեն տալիս գովազդային հոլովակները, որտեղ նա տարբեր ապրանքներ ու ծառայություններ է գովազդում։ Ի դեպ, «Ազիզյաններ» սերիալի Գառնիկը Երեւանի ընտրությունների օրերին մեկնեց խոպան, որտեղ էլ վախճանվեց, բայց սերիաներից մեկում Ռուզանի մայրը հարցնում է՝ «էն մեյմուն մարդդ ո՞ւր ա», Ռուզանն էլ պատասխանում է, թե խոպան է գնացել։ Հայկ Մարությանի ֆիլմերն ու հոլովակները հեռուստաընկերության սեփականությունն են, եւ նա է որոշում՝ ցուցադրե՞լ, թե՞ ոչ։ Բայց պարզվում է՝ այս ամենը դուր չի գալիս Հայկ Մարությանին։ Մենք տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետը դիմել է «Արմենիա TV»-ին՝ խնդրելով այլեւս չցուցադրել իր մասնակցությամբ ֆիլմերը, սակայն հեռուստաընկերությունից ներողություն են խնդրել եւ մերժել։ Չնայած հեռուստաընկերության նոր սեփականատեր Արթուր Ջանիբեկյանն ամեն ինչ անում է նոր իշխանություններին դուր գալու համար»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում հացն ու ալյուրը դարձյալ թանկացել են: Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի գինը բարձրացել է 6.2, իսկ հացինը՝ 5.3 տոկոսով: Իսկ, ահա, ապրիլին, մարտի, համեմատ, ալյուրը թանկացել 11.3, իսկ հացը՝0.2 տոկոսով: Սրան զուգահեռ թանկացել է նաեւ հացաբուլկեղենն ու ձավարեղենը: Մյուս կողմից՝ տեղական շուկայում թռչնամսի գինը գնալով բարձրանում է: Թռչնամսի շուկայում թանկացում արձանագրել է նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն. այս ապրիլին, անցած տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է թռչնամսի 13.4 տոկոս, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 0.8 տոկոս գնաճ: Հանրապետությունում թռչնամսի մեկ կիլոգրամը թանկացել է շուրջ 300 դրամով: Նկատենք, որ թռչնաբուծության ոլորտում վերջին մի քանի տարիների ընթացքում արտադրության անընդհատ աճ է արձանագրվում: Ի դեպ, թռչնամսի մեծ խմբաքանակ Ռուսաստանից ներմուծվում է Հայաստան: Բայց, չնայած մեծ պահանջարկին, այն թանկանում է»:


«Փաստ» թերթը գրում է. «Երբեմն այնպիսի տպավորություն է, որ իշխող խմբակցությունում ոմանք ուղղակի ինքնագործունեությամբ են զբաղվում: Եվ եթե այլ հարցերում արձագանքը շատ մեծ չէ, ապա պաշտպանության, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության, խորհրդարանական դիվանագիտության ոլորտներում ցանկացած «բլթոց» կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: Մասնավորաբար, օրերս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը հայտարարել էր, որ չի բացառվում, որ կնքվի զինադադարի նոր համաձայնագիր այլ ձեւաչափով, քան նախորդն էր: Նշենք, որ նախկինը կնքվել էր եռակողմ՝ Հայաստան, Ադրբեջան եւ Արցախ: Պարզվում է՝ այս հայտարարությունը եղել է ընդամենը Իգիթյանի դիվանագիտական մտքի երեւակայության արդյունքը: Այս հայտարարությունից հետո ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը հրապարակավ հակադարձեց եւ սթափության կոչ արեց: «Փաստ» թերթի տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցությունում բավական բուռն են արձագանքել եւ նշել, որ նման հայտարարություններից առաջ պետք է թիմի հետ համաձայնեցնել: Նույն աղբյուրի փոխանցմամբ, լուրջ դժգոհություններ են եղել նաեւ ՔՊԿ-ից ու ԱԳՆ-ից: Արդյունքում Իգիթյանը չգիտի, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Մեր տեղեկություններով, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անգամ ասել է, թե՝ «դու արել ես էդ հայտարարությունը, ինքդ էլ տակից դուրս արի»: Մեր զրուցակցի պնդմամբ, Իգիթյանին զգուշացրել են, որ եւս մեկ «լյապից» հետո գուցե եւ մտածեն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում նրա մնալու նպատակահարմարության ուղղությամբ»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթին հայտնի է դարձել, որ դեռեւս 2019 թ. մարտի 4-ին իտալացի գործարար Դանիլո Պասսարիելլոյի կողմից ներկայացված՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այսպես՝ դեռեւս 2003 թվականին գործարար Դանիլո Պասսարիելլոն ՀՀ-ում հիմնադրել է «Պասեպ Ինթերնեյշնլ» ՓԲԸ-ն՝ Հաշվեքննիչ պալատի ներկայիս նախագահ Լեւոն Յոլյանի, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանի, ՀՀ-ում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Հայրապետյանի եւ Հովսեփ Պետրոսյանի հետ միասին, ընդ որում, Պասսարիելլոյի համոզմամբ, ընկերության իրական բաժնետերը եղել է Ալիկ Սարգսյանը, այլ ոչ թե նրա եղբայր Արմեն Սարգսյանը: Գործարարի համոզմամբ, իր գործընկերները, տարիներ շարունակ ապօրինի գործողություններ կատարելով, անհայտ ուղղություններով ֆինանսական միջոցները ելքագրելով, թաքցրել են ընկերության իրական եկամուտը, տնօրինել են ընկերության միջոցները անձնական նպատակներով եւ զրկել են իրեն ընկերության գործունեությունից շահութաբաժին ստանալու հնարավորությունից:


Բոլոր կողմերի մոտեցումները ճշտելու նպատակով մենք փորձեցինք կապ հաստատել Լեւոն Յոլյանի հետ՝ զանգահարելով Հաշվեքննիչ պալատ: Այնտեղից, ի պատասխան մեր հարցման, փոխանցեցին պարոն Յոլյանի դիրքորոշումը. «Նախաքննության ընթացքը որեւէ կերպ չվտանգելու համար պարոն Յոլյանը ներկա պահին հարցի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չունի»: Փորձեցինք կապ հաստատել նաեւ Ալիկ Սարգսյանի հետ: Նա, մինչեւ վերջ չլսելով հարցը, ասաց, որ շատ զբաղված է եւ որ ավելի ուշ զանգահարենք իրեն: Սակայն օրվա ընթացքում մեր հետագա մի քանի զանգերը մնացին անպատասխան: Մեզ հաջողվել է կապ հաստատել Դանիլո Պասսարիելլոյի հետ. վերջինս հաստատեց, որ մեր ունեցած տեղեկատվությունը ճիշտ է: Նա նշեց, որ դիմել է AM իրավաբանական ընկերության փաստաբան Դավիթ Հունանյանին, որեւէ կերպ չի ցանկանում պրովոկացիայի ենթարկել մյուս կողմին եւ, հարգելով նախաքննական գաղտնիքը, հրաժարվում է պատասխանել մեր մյուս հարցերին՝ հավելելով, որ ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող ենք կապ հաստատել իր փաստաբանի հետ: Գործարարը հավելեց, որ նախկինում հույս չուներ, թե իրավապահ մարմիններին դիմելով՝ կհասներ որեւիցե հաջողության՝ նկատի ունենալով գործընկերների դիրքը եւ կապերը, սակայն հեղափոխությունից հետո հավատում է իրավապահ մարմինների անաչառությանը եւ համոզված է, որ ապօրինությունը կբացահայտվի, եւ մեղավոր անձինք կենթարկվեն պատասխանատվության»: