Այս տարվա փետրվարի 8–ից հայկական 83 հոգուց բաղկացած հումանիտար առաքելության խումբը Սիրիայում բազմաթիվ կյանքեր է փրկել՝ կատարելով վիրահատություններ եւ ականազերծելով հազարավոր քառակուսի մետր տարածքներ:
Հումանիտար առաքելությամբ սակրավորներից եւ բժիշկենրից բաղկացած հայկական խումբը տեղակայված է Սիրիայի Հալեպ քաղաքում: Քաղաքի ընտրությունը պատահական չէ: Ահաբեկչական պատերազմի արհավիքներից հետո քիչ-քիչ ուշքի եկող Հալեպում է կենտրոնացած Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական գաղթոջախներից մեկը, որը մեծապես ձեւավորվել է Օսմանյան Կայսրությունում Ցեղասպանությունից փրկված հայերից:
Ինչպե՞ս է աշխատում հայկական խումբը
Հայկական հումանիտար խումբը սեպարատ գործունեություն չի իրականացնում, այն սերտորեն համագործակցում է փաստացի Սիրիայի անվտանգության երաշխավոր Ռուսաստանի ռազմական ղեկավարության հետ: Ուստի նրա գործողությունները տեղավորվում են Սիրիայում երկու հիմնական դաշնակիցների՝ Իրանի ու Ռուսաստանի խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված հակաահաբեկչական ջանքերի տրամաբանության շրջանակում:
Պատահական չէ, որ հումանիտար առաքելության մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներից մեկի արդյունքում՝ մինչ այդ նաեւ նշելով, որ այն փաստացի հայ-ռուսական հումանիտար ծրագիր է: Այսպիսով, Հայաստանը հումանիտար առաքելությանը զուգահեռ իր դաշնակցի հետ մասնակցում է Մերձավոր Արեւելքի ամենախնդրահարույց կետում ընթացող կարեւորագույն գործընթացներում, որոնք ոչ միայն կապված են տեղի հայ համայնքի անվտանգության ապահովման հետ, այլեւ անմիջականորեն ազդեցություն ունեն հարեւան՝ Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության միջավայրի վրա:
Այս համատեքստում արժե հիշեցնել, թե որ երկիրն էր դեմ Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության իրականացմանը: Հիշելը դժվար չէ՝ ԱՄՆ-ն էր: Սիրիայի թեման անցյալ տարի Հայաստան կատարած այցի ժամանակ քննարկել էր ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: VERELQ-ի տեղեկություններով, բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան զգուշացրել էր ՀՀ ղեկավարությանը, թե ինչ բացասական հետեւանքներ կարող են տեղի ունենալ, եթե հայկական հումանիտար խումբը անգամ «պատահականորեն դառնա որեւէ ռազմական գործողության մասնակից»:
Ուստի պատահական չէ, որ թեպետ խումբը բաղկացած է ՊՆ-ի մասնագետներից, այն կոչվեց «հումանիտար» այլ ոչ թե «զորախումբ» ու տեղակայվեց հայկական դրոշի ներքո: Սա այն պարագայում, երբ հայկական խաղաղապահները տարիներ շարունակ մասնակցել ու մասնակցում են ԱՄՆ-ի ղեկավարությամբ իրականացվող տարբեր խաղաղապահ առաքելություններում՝ Իրաքում, Աֆղանստանում եւ այլուր:
Օկուպացիոն պատերազմներ
Իսկ եթե իրերն իրենց անունով կոչենք, ապա Իրաքում եւ Աֆղանստանում գործ ունենք դասական օկուպացիոն պատերազմների հետ, որոնք հանգեցրեցին այդ երկու պետությունների հիմնահատակ փլուզմանն ու տարածաշրջանի ընդհանուր ապակայունացմանը: Միակ բանը, որ աճեց ամերիկայն ներխուժումից հետո, նարկոտրաֆիկն է Աֆղանստանից: Մյուս կողմից, Թալիբան ահաբեկչական խմբավորման ուժեղացումն է ու կրոնական հենքի վրա ձեւվավորված հուժկու ահաբեչական շարժման՝ «Իսլամական պետության» ստեղծումը:
Եթե ժողովրդավարության հաստատման մասին դատարկ խոսակցությունները մի կողմ թողնենք, իսկ պրոպագանդիստական շղարշը մաքրենք աչքերից, ապա տակը կմնա ամերիկայն ներխուժման իրական, սակայն շատ տխուր պատկերը: Երեք պետությունների փլուզում՝ Իրաք, Լիբիա եւ Սիրիա, որոնք, իհարկե, հեռու էին ժողովրդավարության արեւմտյան մոդելից, սակայն իրենց էթնիկական բազմազանության մեջ գոյություն ունեին եւ խաղաղ գոյատեւում էին նաեւ երկրի ներսում հաստատված աշխարհիկ խիստ ու կոշտ իշխանության շնորհիվ:
Ամերիկան դետոնացրեց այդ տարածաշրջանը, որտեղ արդեն տարիներ շարունակ ընթանում են արյունալի պատերազմներ, վխտում ահաբեկչական խմբավորումներ եւ գերիշխում է նարկոբիզնեսը: Իսկ այն պետությունները, որոնք ցանկանում են կայունացնել տարածաշրջանը՝ հայտնվում են ամերիկայի պատժամիջոցների տակ կամ վախեցվում այդ հեռանկարով: «Խաղաղարարության» ամերիկայն ընալումն ուղղակի սարսափելի է, ու դժոխային հետեւանքներով լի Մերձավոր Արեւելքի ժողովուրդների համար:
Փրկվում են կյանքեր, ականազերծվում՝ ատարծքներ
Վերջում, այն մասին, թե ինչ են անում հայ բժիշկներն ու սակրավորները Սիրիայում եւ ինչպես են նրանց այնտեղ վերաբերում տեղի բնակիչները: «Թե Սիրիայի բնակիչները, թե հալեպահայերը որպես եղբայրական առաքելություն են ընդունում Հայաստանի հումանիտար առաքելության խմբին», - նշում է Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը՝ փոխանցելով Սիրիայում Հայաստանի հյուպատոս Արմեն Սարգսյանի խոսքերը։
Ըստ նրա, բժիշկներից եւ ականազերծողներից բաղկացած խմբի տեղակայման մշտական վայրը Հալեպի թաղամասերից մեկում է. բժիշկները աշխատում են Հալեպի 4 հիվանդանցներում եւ մինչ այժմ բազմաթիվ վիրահատություններ են կատարել։ Հալեպում աշխատում են մանկաբույժներ, գինեկոլոգներ, վիրաբույժներ են. հայ մասնագետները թե հայերի են բուժում, թե Սիրիայի բնակիչներին։
Նազելի Էլբակյանը շեշտեց, որ ականազերծողները հիմնականում աշխատում են Հալեպում եւ հարակից հատվածներում, որոնք առնչվում են բնակչության հետ. բնակավայրերի եւ դպրոցների մոտակայքը, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքի ռիթմը։
Ինչ վերաբերում է ականներին, ապա Նազելի էլբակյանը նշում է, որ հանդիպում է ինչպես հակատանկային, այնպես էլ հակահետեւակային ականներ, շատ են հանդիպում նաեւ ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք տարբեր կառուցվածք ունեն։
«Մեր սակրավորները ունենում են տեսական եւ գործնական պարապմունքներ, խմբերի են բաժանվում, կատարելագործում են իրենց գիտելիքները՝ ինքնաշեն պայթուցիկ սարքերի առումով, որպեսզի կարողանան հանդիպող տարբեր տեսակաների ինքնաշեն պայթուցիկները ականազերծեն»,– նշում է Նազելի Էլբակյանը, որի խոսքերը մեջբերում է news.am-ը։
Ըստ նրա, հայ սակրավորները շփվում են երեխաների հետ, ընդհանրապես շատ լավ է վերաբերմունքը հալեպահայերի կողմից, մեծ ոգեւորություն կա։ «Մենք ամենօրյա շփում ունենք մեր խմբի հետ եւ իրենք ոգեւորվում են, որ պարբերաբար անդրադառնում են, մեր կենտրոնը հաճախ է զանգեր ստանում, եւ նրանց փոխանցում ենք՝ բարի վերադարձ, անփորձանք ծառայություն»,– ասել է Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն։