26.11.2024
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Թավշյա հեղափոխությունը չբերեց ՀՀ-ում տնտեսական հեղափոխության

Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական հեղափոխության իրագործման մեթոդը լինելու է նույն քաղաքական հեղափոխության նման՝ առանցքը անհատական ջանքն է, քաղաքացիներին խրախուսելը:


«Տնտեսական հեղափոխության պարագայում ատելության նոր օբյեկտ ենք առաջարկում, մենք առաջարկում ենք, որ մենք սկսենք ատել մեր աղքատությունը: Խեղճությունը, նախաձեռնողականության բացակայությունն ատել, մենք ուզում ենք մարդկանց օգնել, որպեսզի իրենք իրենց ուժը գիտակցեն»,- ասաց վարչապետը:


ՀՀ-ի առջև ծառացած բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրները նոր կառավարության կողմից լուծում չեն ստանում: Խոսվում է աղքատությունն ատելու և այլ փիլիսոփայական կատեգորիաներով, որոնք ՀՀ-ի բնակչության ճնշող մեծամասնության համար, առաջին հերթին գյուղերում և մարզերում, ուղղակի խոսքեր են:


Տնտեսական հեղափոխությունը ենթադրում է նոր արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծում՝ աշխատատեղերի ավելացում հատկապես դատարկվող մարզերում և գյուղերում, օրինակ տարիներ շարունակ աղետի գոտի համարվող Գյումրիում, որտեղից մեծ արտագաղթի հոսք է եղել տարիներ շարունակ:


Արդեն մեկ տարի է ՀՀ-ում նոր կառավարություն է, սակայն չկան լուրջ ներդրումներ՝ ո՛չ տեղական, ո՛չ արտասահմանյան, այլ հակառակը՝ ներքաղաքական շարունակվող լարվածությունն ու մի շարք տեղական գործարարների նկատմամբ քրեական գործերը չեն նպաստում ներդրումներին և բերում են կապիտալի արտահոսքի, ինչի մասին տեղեկություններ են առկա ԶԼՄ-ներում:


ՀՀ-ն ունի 7 միլիարդը գերազանցող պարտք, որի սպասարկման համար ամեն տարի անհրաժեշտ են հարյուրավոր միլիոնների հասնող և ՀՀ ռազմական բյուջեն գերազանցող գումարներ: Այդ գումարների՝ արտաքին պարտքի եթե ոչ մարման, ապա գոնե սպասարկման համար, անհրաժեշտ գումարները պետք է հայթայթել կա՛մ երկրի ներսում՝ ավելացնելով հարկային բեռը, կա՛մ նոր պարտքեր վերցնել արտաքին աղբյուրներից, օրինակ՝ Համաշխարհային բանկից կամ Արժույթի միջազգային հիմնադրամից, ինչը միայն ավելացնում է ՀՀ-ի տնտեսական խնդիրները:


Տնտեսական ծրագրերի՝ հստակ ներդրումների ու պայմանավորվածությունների բացակայությունը հանգեցնում է այսօրվա կառավարության վարկանիշի կտրուկ անկման, ինչը ոչ թե քաղաքական ընդդիմադիրների գործունեության արդյունք է՝ նախկին իշխանությունների կամ ֆեյքերի, այլ կոնկրետ գործողությունների ու արդյունքների բացակայություն:


Տնտեսական ձախողումները բերելու են արտագաղթի նոր ալիքի, որն այլևս հնարավոր չի լինելու կանգնեցնել պոպուլիստական կամ այլ հայտարարություններով:


Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց հստակ է մեկ բան՝ առկա չեն տնտեսական հեղափոխության համար հիմքեր, չկան ներդրումներ ու նոր բացված աշխատատեղեր: Տնտեսական ծրագրերը սահմանափակվում են մարդկանց մտքում աղքատության հաղթահարման և ֆիլիսոփայական ոճի խոսակցություններով, որոնց նկատմամբ հասարակությունն արդեն իսկ իր խորը դժգոհությունն ու հիասթափությունն է արտահայտում դեռևս խոհանոցներում և ֆեյսբուքյան տիրույթում, սակայն ամենավտանգավորը կլինի, եթե այդ դժգոհությունը նորից դուրս գա փողոցներ՝ առանց հստակ քաղաքական պահանջների, առաջնորդների: Դա կրելու է սոցիալական բունտի էլեմենտներ, ինչը շատ վտանգավոր է պատերազմական վիճակում գտնվող ու ղարաբաղյան հարց ունեցող երկրի համար: