ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այցով եղել է Արցախում
Պաշտպանության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցության ծրագրի շրջանակում ապրիլի 19-ին Արցախ են ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզպետները, պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներ:
Այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների միջև քաղաքացիական համակարգի պատրաստության և պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման ու փոխգործողությունների արդյունավետության բարձրացման շրջանակում ապրիլի 20-ին բանակի շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ:
Այնուհետև կազմակերպվել է այցելություն բանակի խորացված հրամանատարական կետ, որտեղ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ներկայացրել է հակառակորդի հավանական գործողությունների բնույթն ու դրանց համարժեք արձագանքելու առավել արդյունավետ տարբերակները:
Այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները եղել են նաև ռազմական նշանակության ապրանքներ թողարկող արտադրամասերում:
Միջոցառման երկրորդ օրը ՀՀ-ից ժամանած բարձրաստիճան հյուրերը այցելել են հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս, շնորհավորել դիրքապահ անձնակազմին Սուրբ Զատիկի կապակցությամբ, հետաքրքրվել օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, ծանոթացել հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահության կրման խնդիրներին ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև գործնականում պարզորոշել հարակից վարչական շրջանների և բանակային ստորաբաժանումների ղեկավարների միջև առկա փոխհամագործակցության առանձնահատկությունները: