Անցած տարի մայիսին այն ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, ինչո՞ւ այդ խոստումը չի կատարվում։
Այս մասին Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի քննարկման ժամանակ հարց բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մեկ տարի է սպասում ենք այս նախագծին, որ տեսնենք Կառավարության տեսլականը ու հիմա ուզում եմ իմանալ, ո՞րն է պատճառը, որ վարչապետի խոստումը չեք կատարում՝ որպես իշխող ուժի վարչության անդամ, արդյոք մի՞տք է փոխվել խոստումից հետո, եթե այո, որո՞նք են այն նախադրյալները, որոնց արդյունքում կամ ճնշման ներքո խոստումը չի կատարվում: Կարո՞ղ ենք մյուս խոստումներն էլ կասկածի տակ դնել, խոստումը խոստում է»,–հարցրեց նա։
Հիմնական զեկուցող, ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանն ի պատասխան նշեց. «Կառավարությունը եկել է այն համոզման, որ այս փուլում կառավարության ծրագրի իրականացման համար իրենց այս կառուցվածքն է պետք, իսկ թե հաջորդ փուլում կլինի՞ նախաձեռնություն ուժային կառույցներին տալ նախարարության կարգավիճակ, չի կարող ասել»։
Մարուքյանն արձագանքեց. «Ես չեմ վիճարկում Կառավարության մենաշնորհը կառուցվածքի ներկայացման հարցում։ Այն մարդը, որը խոստում է տվել, Կառավարության ղեկավարն է, հիմա ինչո՞ւ չի կատարել։ Ինչ–որ բա՞ն է փոխվել»։
Հովակիմյանն առաջարկեց հարցն ուղղել Նիկոլ Փաշինյանին. «Համոզված եմ, որ երբ հարցը տաք վարչապետին, պարզ պատասխան կտրվի։ Այս հարցը հնարավորություն ունեք տալու վարչապետին»։
Հիշեցնենք, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իսկապես ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ: «Ակնհայտ է, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը պետք է ստանան նախարարության կարգավիճակ», - ասել էր նա: ամիսներ անց սակայն, նա հանչեցրեց տրամագծորեն այն դիրքորոշում՝ նշելով, որ այս կառույցները չպետք է ստանան կնախարարության կարգավիճակ: