Դուք համաձա՞յն եք վճարել հաստիքների համար, որոնց անհրաժեշտությունը չկա: Նման հարցարդում հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով լրագրողների հետ «Գազպրոմ-Արմենիա»-ում տեղի ունեցող կրճատումներից:
Տարսկզբին գազի գնի 15 դոլարով բարձրացումից եւ դրա ազդեցությունը Գազպրոմ-ՀՀ կառավարությաւն պայմանավորվածությա արդյունքում սպառողների վրա փաստացի չանդրադառնալուց հետո, ակտիվորեն քննարկվում է ընկերությունում հաստիքների կրճատումների եւ խնայողություններ սկսելու հարցը:
Այսօր Ագրարային համալսարանում ճանաչողական այցից հետո լրագրողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք տեղյակ է «Գազպրոմ-Արմենիա»-ում տեղի ունեցող կրճատումներից եւ արդյո՞ք դա պայմանավորված է նրանով, որ «Գազպրոմ»-ը պետք է խնայողություններ անի, որ թանկացումներ չլինեն»:
Վարչապետն առաջարկեց հարցին հարցով պատասխանել. «Իսկ հնարավո՞ր է այնպես եղած լինի, որ «Գազպրոմ»-ում, այլ հիմնարկներում ընտրություններից առաջ՝ քաղաքական նպատակներով, հազարավոր ավելորդ հաստիքներով մարդիկ ընդունած լինեն, որպեսզի համապատասխան չափով ավել ձայն ստանան ու լծակներ ստանան, եւ հնարավո՞ր է, որ այդ բոլորի համար վճարած լինեն քաղաքացիները»,- ասաց վարչապետը: «Մենք համարո՞ւմ ենք, որ Հայաստանում կարող են լինել ընկերություններ, որոնց գործունեության համար վճարում է քաղաքացին եւ այդ ընկերությունները լինում են ոչ էֆեկտիվ: Դուք համաձա՞յն եք վճարել հաստիքների համար, որոնց անհրաժեշտությունը չկա»,- ասաց վարչապետը:
Փաստացի Փաշինյանը բաց տեսքտով հայտարարում է՝ 230 հազար միջին աշխատավարձով 5800 աշխատակիցներ ունեցող «Գազպրոմ Արմենիան»-ում հաստիքացուցակի եւ աշխատավարձների ֆոնդի ուռճացվածության մասին նախկինում տրված գնահատականների ոչ հիմնազուրկ լինելու մասին: Ավելին, նրա խոսքերից կարելի է ենթադրել, որ սա արվել է նախորդ իշխանությունների հետ պայմանավորվածության արդյունքում՝ սոցիալական վիճակը մեղմելու միջոցով քաղաքական դիվիդենտներ, այն է՝ ձայներ ստանալու համար:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վարչապետ Կարեն կարապետյանի կառավարության հետ պայմանավորվածության արդյունքում իր շահույթի հաշվին նվազեցրել է բնական գազի սակագինը, ինչի հաշվին արտոնյալ սակագներ է սահմանել սոցիալապես անապահով ընտանիքների եւ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար՝ նպատակ ունենալով կանխել վերջին տարիներին բնական գազի ընդհանուր սպառման անկումը, ստեղծել նպաստավոր պայմաններ բնական գազի շուկայի կայունացման եւ սպառման ծավալների աճի համար, ինչպես նաեւ խրախուսել գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնումը:
Այդ ժամանակից, համաձայն պաշտանական տվյալների, ընկերությունն գործում է վնասով: «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2017 թվականի ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ 2017թ. դեկտեմբերի 31-ի թվականի դրությամբ ընկերության կուտակված վնասը կազմել էր 103.3 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել էր 9.3 մլրդ ՀՀ դրամով:
2018 թվականի ֆինանսական տվյալները դեռ չեն հրապարակվել: Այնուամենայնիվ, կանխատեսելի է, որ 2018 թվականի ընթացքում վնասը կավելանա:
2019 թվականի ապրիլի 11-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարը վերահաստատեց կառավարության մոտեցումը, ըստ որի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր խնայողությունների հաշվին չի բարձրացնի բնական գազի սակագինը: Արդեն ապրիլի 12-ին ընկերությունը հայտարարեց, որ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաեւ խնայողությունների հարցը: