Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացնող խորհրդարանի հայ պատգամավոր Մարգար Եսայանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայի պատգամավորների պալատի որոշմանը և Ֆրասնիայի նախագահի հրամանագրին, 1915 թ-ի իրադարձություններն անվանել է «աքսոր»:
Նրա խոսքերին շատ կոշտ է արձագանքել ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ Եսայանը հանդիսանում է 1915 թ. հայ մտավորականների ցուցակը կազմած և երիտթուրքերին հանձնած Վահե Իհսանի «դավաճան ժառանգը»:
«1915 թ. հայ մտավորականների ցուցակը կազմած և երիտթուրքերին հանձնած Վահե Իհսանի դավաճան ժառանգ Մարգար Եսայանը կրկին ակտիվացել է:
Էրդողանի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր, հայտնի թափթփուկ Մարգար Եսայանը նորից ակտիվացել է: Վերջինս քննադատել է Իտալիայի պատգամավորների պալատին՝ Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունման համար: Թրքաբարո թափթփուկը Իտալիայի խորհրդարանականների որոշումը համարել է պոպուլիզմ և հայտարարել է, որ ինքը ՝ որպես Թուրքիայում ապրող ազգությամբ հայ և Թուրքիայի քաղաքացի, դեմ է նման որոշումներին: Ժամանակին, երբ որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ես, գուցեև ցենզուրայից դուրս, իր տեսակին խիստ բնորոշիչ բառ ասեցի այս կենդանուն, իմ հարցը Թուրքիայի պատվիրակության կողմից հասցվեց մինչև էթիկայի հանձնաժողով, որ ես անարգել եմ թուրքական պատվիրակության հայ անդամին:
Հիմա մեկ անգամ ևս վերահաստատում եմ իմ այն բառերը, որ ԵԽ դահլիճում ասել եմ Մարգար Եսայան թափթփուկին, և կոչ եմ անում Թուրքիայի հայ համայնքին անհապաղ և հստակ քայլեր ձեռնարկել, որպեսզի նման կենդանիները իրավունք չունենան խոսելու Թուրքիայի հայ համայնքի անունից:
Ի դեպ, հիշեցնեմ, որ Մարգար Եսայանը 1915 թվականին հայ մտավորականների ցուցակը կազմած և թուրք իշխանություններին հանձնած հայ դավաճան Վահէ Իհսանի (Եսայանի) ժառանգներից է», - ասված է Զոհրաբյանի հայտարարության մեջ:
Ի տարբերություն մեջլիսի մյուս հայ պատգամավոր Գարո Փայլանի արձագանքի` Եսայանը սկզբունքորեն հակառակ դիրքորոշում է հայտնել և արտահայտել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) տեսակետը:
Ermenihaber-ի փոխանցմամբ, Մարգար Եսայանը իր խոսքում Հայոց ցեղասպանությունը չի որակել որպես ցեղասպանություն, այլ այն անվանել է որպես «աքսոր»: Ինչպես Թուրքիայի պաշտոնական պետական դիրքորոշումն է: Պատգամավորը ասել է, որ խստորեն դատապարտում է նման բանաձևերի ընդունումը:
Եսայանն ասել է` երբ գալիս է ապրիլը բացվում է նաև բանաձևերի ընդունման ժամանակաշրջանը: Ըստ նրա` այս թեման պետք է քննարկվի և վեր հանվի փաստաթղթերի օգնությամբ: