Հանքերի սեփականատերերը այլևս գաղտնի չեն մնա. նախագծին ԱԺ-ում «կանաչ լույս» տրվեց
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հանքարդյունաբերության ոլորտին առնչվող կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթին, որի նպատակն է բացահայտել ոլորտի իրական սեփականատերերին։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը նշեց, որ նախագծով կառավարությունը փորձում է բացահայտել, թե ո՞վ է իրականում հանքի տերը, այսինքն՝ փաթեթը կարգավորում է հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտման ամբողջ գործընթացը։
«Նախագծով սահմանվել են իրական սեփականատերերի ինստիտուտին առնչվող հասկացությունները, ինչպես նաև իրական սեփականատերերի գրանցման կարգը։ Գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նախագծով նույնացվել է հանրային ծառայության մասին օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց, բացառությամբ քննիչների և վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին», - նշեց նախարարի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ մեկ այլ օրենքում փոփոխություններով ահմանվում է, որ հայտարարատուն կրում է շահերի հայտարարգիր ներկայացնելու պարտականություն՝ անկախ իրավաբանական անձի բաժնեմասի մասնակցության չափից։
Օրինագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2019-ի հուլիսի 1-ից։