Բաց լոբինգ. Ծառուկյանի ցեմենտի բիզնեսին աջակցող օրինագիծը հավանություն արժանացավ
ՀՀ ներկրվող ցեմենտի պետական տուրք սահմանելու ՀՀ կառավարության նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Ավելի վաց ՀՀ կառավարությունը որոշել է սահմանափակումներ կիրառել ցեմենտի ներկրման ոլորտում՝ պետական տուրք սահմանելով այդ ապրանքատեսակի համար։ Որոշման նպատակն է պաշտպանել տեղական արտադրողներին:
Նախագիծը ներկայացնող ՀՀ տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ դա թույլ կտա շուկայում հավասարեցնել ներմուծվող և տեղական ցեմենտի գները:
Որոշումը բխում է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի շահերից. նա 2018 թվականին իր ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել էր, որ ՀՀ ներկրվող էժան իրանական ցեմենտի պատճառով տեղեկան ցեմենտն իրացման լուրջ խնդիրներ ունի: Ծառուկյանը մասնավորապես նշել էլ, որ եթե նախկինում 1200 աշխատող ունեցող գործարանը կարողանում էր արտահանել իր ցեմենտը Վրաստան և Իրան, ապա այժմ հակառակ պրոցեսն է՝ օրական Իրանից 500 տոննա էժան ցեմենտ է ներկրվում:
Պանարմենիանը հիշեցնում է, որ ՀՀ-ն ունի ցեմենտի երկու տեղական արտադրող՝ «Արարատցեմենտը» և «Հրազդանցեմենտը»:
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ներմուծվող իրանական ցեմենտը` դեմպինգային գներով տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում: Տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հնարավորությունները բավարարում են արտադրելու մոտ 2.1-2.2 մլն տոննա ցեմենտ, ինչը կբավարարի ցեմենտի տեղական պահանջարկն ամբողջությամբ։
«Շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է պետության կողմից ներմուծվող ցեմենտի վրա որոշակի սահմանափակումների կիրառում` ապահովելով տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ, սակայն այդ սահմանափակումը պետք է լինի այնպիսին, որը արտադրողներին «հանգստի ռեժիմի» հնարավորություն չի տա, այլ պայմաններ կստեղծի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու», - ասվում է հիմնավորման մեջ:
Ծառուկյանի հանձնարարությամբ, հունվարի 1-ից իջեցվել են ցեմենտի գները: Գործարարը հանձնարարել է նաև արդիականացնել «Արարատցեմենտ» գործարանը: