TRIPP-ի կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետ` 99 կամ 49 տարի
Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) նախագծի իրագործման կառուցապատման իրավունքի տրամադրման համար երկու սցենար է քննարկվում՝ 99 և 49 տարվա: Այս մասին «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընկերությունը ստանալու է կառուցապատման իրավունք, առանձնահատկությունն այն է, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո այդ հողի վրա գտնվող գույքը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, բայց հողը միշտ է Հայաստանի Հանրապետության սեփականությունը: Ինչի՞ հետ է կապված ժամկետների կարգավորումը՝ այդտեղ ներդրումներ են արվելու և ներդնողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով: Եթե մենք ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրած գումարը հետ ստանալը»,- ասաց Փաշինյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ ժամկետի վերաբերյալ քննարկումները զուտ ֆինանսատնտեսական են, և այդտեղ քաղաքական կոմպոնենտ չկա: ՀՀ որևէ պետական ինստիտուտ որևէ սահմանափակում չի ունենալու TRIPP-ի վրա, նշեց վարչապետը։