Առողջության ապահովագրության փաթեթն անհետաձգելի կարգով կքննարկվի Ազգային ժողովում
Լուսանկարը` Sputnik
Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման օրենսդրական փաթեթը Կառավարության կողմից հաստատվել և անհետաձգելի ռեժիմով քննարկման է ուղարկվել Ազգային ժողով։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Երեք տարվա աշխատանքի արդյունք հանդիսացող այս բարեփոխումը, սակայն, կյանքի է կոչվելու փուլային տարբերակով և սկզբնական շրջանում չի ծածկելու բոլոր բժշկական ծախսերը։
Նախարար Ավանեսյանը տեղեկացրեց, որ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը և հարակից փաստաթղթերն արդեն ԱԺ-ում են։ Նա նշեց, որ փաթեթի շուրջ երկարատև աշխատանք է տարվել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ՝ հասնելով համաձայնեցված տարբերակի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծեց նախագծի անհետաձգելիությունը՝ պայմանավորված նախկինում արդեն իսկ տեղի ունեցած հետաձգումներով։ Նա կարևոր շեշտադրում արեց՝ համակարգը լինելու է համընդհանուր, այսինքն՝ ներառելու է բոլորին, բայց ոչ համապարփակ, ինչը նշանակում է, որ չի ծածկելու առողջապահական բոլոր հնարավոր ծախսերը։
Համակարգի մեկնարկը նախատեսվում է հունվարի 1-ից, սակայն դա լինելու է միայն առաջին փուլը։ Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, որ սկզբնական փուլում պետությունը կկատարի ապահովագրավճարները քաղաքացիների որոշակի խմբերի համար՝ մինչև 18 տարեկաններ, 65-ից բարձր տարիք ունեցողներ, ինչպես նաև 18-65 տարեկան հաշմանդամություն կամ սոցիալական անապահովության կարգ ունեցող քաղաքացիներ։ Շահառուներն անհատապես կտեղեկացվեն իրենց ընդգրկման մասին «Արմեդ» էլեկտրոնային հավելվածի միջոցով, որն այս պահին ունի շուրջ 700 հազար օգտատեր։
Բարեփոխման առանցքային նպատակներից է վճարումների լիակատար թափանցիկության ապահովումը։ Վարչապետը նկատեց, որ այս պահին համակարգում տեսանելի է միայն պետպատվերի կամ ապահովագրության հատվածը, մինչդեռ անհրաժեշտ է, որ ամբողջ շարժը լինի տեսանելի։ Նախարարը հաստատեց, որ խնդիր է դրված, որպեսզի վճարովի ծառայությունները ևս անցնեն «Արմեդ» համակարգով, ինչը թույլ կտա բացառել այլ շրջանառությունները և ապահովել ամբողջական հետագծելիություն։
Ըստ վարչապետի՝ նախնական գնահատականով, համակարգը կապահովի առկա բժշկական ծառայությունների մոտ 30 տոկոսի ծածկույթը, սակայն դրանք լինելու են ամենաշատ պահանջարկ ունեցող ծառայությունները։ Նա եզրափակեց, որ սա լինելու է դինամիկ զարգացող համակարգ, որը պրակտիկայի ընթացքում կբացահայտի նոր հնարավորություններ և խնդիրներ։