Իրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների վերականգնմանը
Չնայած ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հունիսին տրամադրված և իրանական նավթային հատվածի դեմ պատժամիջոցները թուլացրած գլխավոր արտոնագրի չեղարկմանը՝ Թեհրանը շարունակում է նավթի արտահանման գործընթացը։ Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության նավթի նախարար Մոհսեն Պակնեժադը։
«Նավթի նախարարությունն արդեն երկար տարիներ է, ինչ կառուցում է անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս չեզոքացնել ամերիկյան անարդար պատժամիջոցների հետևանքները։ Քանի որ նավթի անխափան արտահանումն ապահովելու համար նախատեսված մեխանիզմները պահպանվել են, իրանական նավթի արտահանումը շարունակվում է նախկին ռեժիմով»,- նրա խոսքերն է մեջբերում նախարարության մամուլի ծառայությունը։
Պակնեժադը նշել է, որ Թեհրանը չի հրաժարվել նախկինում մշակված բոլոր մեխանիզմներից, քանի որ ակնկալում է, որ Վաշինգտոնը չի պահի իր տված խոստումը։
Հուլիսի 7-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չեղարկել է հունիսին տրամադրված գլխավոր արտոնագիրը, որը մինչև օգոստոսի 21-ը թուլացնում էր Իրանի նավթային հատվածի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, և արգելել է նոր գործառնություններ իրականացնել այս ոլորտում։