21.07.2026
Լուսանկարը` sputnik
prev Նախորդ նորություն

Դատվածություն ունեցող միգրանտներին կարգելվի բնակվել Ռուսաստանում

Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավորները լիագումար նիստում երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել են կառավարության օրինագիծը, ըստ որի օտարերկրացիներին կմերժվի քաղաքացիության, ինչպես նաև ժամանակավոր բնակության թույլտվություն կամ կացության իրավունք  տրամադրումը, եթե նրանք ունեն չհանված կամ չմարված դատվածություն ցանկացած հանցագործության համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։


Գործող նորմերի համաձայն՝ օտարերկրացիներին մերժում են քաղաքացիություն տրամադրել դիտավորյալ հանցագործությունների համար դատվածության առկայության դեպքում։ Ընդ որում, ժամանակավոր բնակության թույլտվություն կամ կացության իրավունք չեն տրամադրվում միայն այն անձանց, ովքեր դատվածություն ունեն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար։ Օրենքը նախատեսում է նաև, որ քաղաքացիություն, ժամանակավոր բնակության թույլտվություն կամ կացության իրավունք չեն տրամադրվի ցանկացած հանցագործության համար չհանված կամ չմարված դատվածության առկայության դեպքում։ Եթե փաստաթղթերն արդեն տրամադրվել են, չմարված դատվածություն հայտնաբերելու դեպքում դրանք չեղյալ կհայտարարվեն։


Միևնույն ժամանակ, փաստաթղթում նշվում է, որ նոր նորմերը չեն տարածվի այն օտարերկրացիների վրա, ովքեր Ռուսաստանում ճանաչվել են փախստական կամ ստացել են քաղաքական ապաստան։


Օրենքը նաև նոր պահանջներ է նախատեսում ժամանակավոր բնակության թույլտվություն կամ կացության իրավունք ստանալու հայտ ներկայացնելիս։ Այսպես, միգրանտները պետք է ներկայացնեն փաստաթուղթ, որը կամ կհաստատի դատվածության բացակայությունը, կամ կպարունակի տեղեկատվություն այն հանցագործությունների մասին, որոնց համար դիմորդները դատապարտվել են։ Նման փաստաթուղթը պետք է տրված լինի այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ բնակվում է միգրանտը, հայտը ներկայացնելուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ։ Եթե օտարերկրացին ունի երկքաղաքացիություն (կամ բազմակի քաղաքացիություն) կամ բնակության մի քանի թույլտվություն, նա պետք է ներկայացնի դատվածության առկայության կամ բացակայության մասին համապատասխան քանակի փաստաթղթեր։


Նախատեսվում է, որ նման փաստաթուղթ չեն պահանջի ներկայացնել 14 տարեկանից ցածր օտարերկրացիներից, Ռուսաստանում քաղաքական ապաստան ստացած փախստականներից, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիներից, որոնք ծառայել են կամ ծառայում են ՌԴ Զինված ուժերում պայմանագրային հիմունքներով։


Եթե օրենքը ստորագրի ՌԴ նախագահը, փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից 180 օր անց։ Ընդ որում, բոլոր հայտերը, որոնք ներկայացվել են մինչև այդ պահը, կդիտարկվեն հին կանոններով, այսինքն՝ օտարերկրացիները ստիպված չեն լինի լրացուցիչ ներկայացնել դատվածության առկայության կամ բացակայության մասին փաստաթուղթ։