Ուկրաինան հարվածել է Wildberries-ի պահեստներին, տուժածներ կան
Ուկրաինական անօդաչուներն այսօր հարվածել են Ռուսաստանի խոշորագույն առցանց առևտրային հարթակի՝ Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքում։ Ընկերության պահեստներում խոշոր հրդեհներ են բռնկվել։
Հարձակումը հաստատել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Քիմը։ Նա Telegram-ում գրել է, որ կենտրոններից իրականացվել է տարհանում, կան տուժածներ, սակայն նրանց թիվը չի նշել։
Ռուսական պետական լրատվամիջոցները, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնում են, որ Կրասնոդարում վիրավորվել է երեք, իսկ Նևիննոմիսկում՝ հինգ մարդ։
Ուկրաինական և ռուսական Telegram-ալիքները հրապարակել են ականատեսների նկարահանած տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում երևում են պահեստներում բռնկված խոշոր հրդեհները։
Սա վերջին օրերին Wildberries-ի ենթակառուցվածքների վրա արդեն երրորդ հարձակումն է․ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հուլիսի 18-ին և 20-ին նույնպես անօդաչուներով հարվածել էին ընկերության պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում։