13.07.2026
Լուսանկարը` ադրբեջանական ԶԼՄ-ներ
prev Նախորդ նորություն

Ալիևն ազդարարել է Բաքվի ու Մոսկվայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին

Լուսանկարը` AFP
Լուսանկարը` AFP

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Մոսկվայի հետ երկկողմ հարաբերություններում առկա նախկին դժվարությունների հաղթահարման և տարածաշրջանային համագործակցության նոր, առավել ակտիվ փուլի մեկնարկի մասին։


Շուշիում ընթացող Չորրորդ գլոբալ մեդիաֆորումի շրջանակներում պետության ղեկավարն ընդգծել է, որ Բաքուն առանձնահատուկ կարևորություն է տալիս Ռուսաստանի Դաշնության հետ գործակցությանը: Անդրադառնալով ռուսական պաշտոնական շրջանակների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած դրական գնահատականներին՝ Ալիևն արձանագրել է երկու պետությունների միջև կապերի դինամիկ զարգացումը:


Ընդունելով, որ անցյալում եղել են որոշակի բարդություններ, նա վստահեցրել է, որ այդ փուլն այլևս անցյալում է, իսկ միջպետական հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են։


Այժմ, ըստ Ադրբեջանի նախագահի, ակտիվ և անխափան շփումներ են ընթանում բոլոր մակարդակներում. սերտորեն համագործակցում են կառավարությունները, միջկառավարական հանձնաժողովները, արտաքին քաղաքական գերատեսչությունները և նախագահական աշխատակազմերը: Ռուս-ադրբեջանական համագործակցությունը դիտարկվում է որպես առանցքային գործոն ոչ միայն երկկողմ ձևաչափում, այլև ավելի լայն տարածաշրջանային համատեքստում։


Շեշտադրվում է, որ գործընկերությունն ընդգրկում է ինչպես ավանդական, այնպես էլ ապագայում ձևավորվելիք նոր ուղղություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը և հումանիտար փոխգործակցությանը:

Լուսանկարը` sputnik
Հաջորդ նորություն next