Մոռանալով «ադրբեջանական լվացքատունը»՝ Ալիևը մեղադրել է Օկամպոյին կոռուպցիայի մեջ
Լուսանկարը` ադրբեջանական ԶԼՄ-ներ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում ընթացող, այսպես կոչված, Գլոբալ մեդիաֆորումի ժամանակ հանդես է եկել աղմկահարույց հայտարարություններով՝ մեղադրելով Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազին ֆինանսական մեքենայությունների մեջ և քննադատելով Եվրոպական միության նախկին բարձրաստիճան պաշտոնյային:
Ադրբեջանական Report գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 13-ին կայացած միջոցառման բացման արարողության ժամանակ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ֆինանսավորվել է «հայ օլիգարխի կողմից»։ Ըստ Ալիևի՝ այդ աջակցությունն ուղղված է եղել Հայաստանին առնչվող հարցերի առաջմղմանը, իսկ Եվրոպական հանձնաժողովի ներսում գործել է ընդգծված հակաադրբեջանական խմբավորում։
Անդրադառնալով Եվրամիության հետ կապերին՝ Ադրբեջանի նախագահը խիստ քննադատության է ենթարկել եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելին։ Նա նշել է, որ Բորելի պաշտոնավարման ընթացքում Բրյուսելի և Բաքվի միջև հարաբերությունները հայտնվել էին գրեթե ամբողջական փլուզման եզրին: Ալիևը հույս է հայտնել, որ եվրոպացի պաշտոնյայի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո երկկողմ հարաբերությունները վերջապես կթևակոխեն բարելավման փուլ:
Հարկ է նշել, որ եվրոպացի և միջազգային պաշտոնյաների հասցեին հնչող կոռուպցիոն մեղադրանքներն աչքի են ընկնում լուրջ հակասություններով, քանի որ հենց Ադրբեջանի ղեկավարությունն է բազմիցս հայտնվել միջազգային խոշոր ֆինանսական սկանդալների կենտրոնում։ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը (OCCRP) և աշխարհի առաջատար լրատվամիջոցները տարիներ առաջ բացահայտել էին «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը ստացած սխեման։
Հետաքննող լրագրողները պարզել էին, որ Բաքուն շուրջ 2.9 միլիարդ դոլար է շրջանառել արևմտյան բանկերի և կեղծ ընկերությունների միջոցով՝ Եվրոպայում քաղաքական գործիչներին կաշառելու և երկրի շահերը լոբբինգի ենթարկելու նպատակով:
Ավելին, ֆինանսական փաստաթղթերի հայտնի արտահոսքերը, ինչպիսիք են «Պանդորայի թղթերը», ի հայտ են բերել Ալիևների ընտանիքին և նրանց մերձավորներին պատկանող հարյուր միլիոնավոր դոլարների գաղտնի օֆշորային ակտիվներ ու շքեղ անշարժ գույք Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում, ինչը շարունակում է մնալ միջազգային իրավապաշտպան ու հակակոռուպցիոն կառույցների խիստ քննադատության թիրախում: