Ռուսական Ս-400 համակարգերի գնման գործարքը չի կարելի չեղարկել. Չավուշօղլու
Ռուսական Ս-400 համակարգերի գնման գործարքը չի կարելի չեղարկել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Թուրքիան կցանկանար ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր, բայց չէին հրաժարվի Ռուսաստանի հետ գործարքից: Նա նշել է, որ Անկարան Վաշինգտոնին հասկացրել է, որ «գործն արված» է, եւ «մենք չենք կարող չեղարկել գործարքը»:
Չավուշօղլուն հայտնել է, որ Միացյալ Նահանգներից Patriot-ի վերաբերյալ նոր առաջարկ են ստացել, որը ներառել է գործարքի գինը եւ մատակարարման ժամկետները, բայց հավելել է, որ իրենք բանակցություններ կվարեն: Նա նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսում փակուղու պատճառով երկրի վարչակազմը չի կարող երաշխավորել, որ Անկարային կվաճառի Patriot համակարգեր:
«Իսկական խնդիրն այն է, որ նույնիսկ այսօր Միացյալ Նահանգները չի կարող երաշխիքներ տալ Թուրքիային Patriot-ի վաճառքի մասին: Նրանք կարո՞ղ են դա տալ վաղը: Նրանք չեն կարող դա երաշխավորել: Այդ դեպքում ո՞վ է բավարարելու մեր պահանջը»,- ասել է նա:
Չավուշօղլուն հավաստիացրել է, որ Ս-400-ը որեւիցե սպառնալիք չի ստեղծի ՆԱՏՕ-ի համակարգերի գործառնության համար, այդ թվում՝ F-35 կործանիչների: Նրա խոսքով՝ այս հարցը նախօրոք համաձայնեցվել է նաեւ ռուսական կողմի հետ:
Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի իր անդամակցությանը կամ Եվրամիության հետ նրա գործընկերային հարաբերություններին այլընտրանք չեն:
«Մենք մեր ընտրությունը վաղուց ենք կատարել, եւ հիմա պետք է լավ հարաբերություններ ունենանք բոլորի հետ, եւ մենք պետք է դա հավասարակշռենք,- ասել է նա: - Մենք չպետք է ընտրություն կատարենք, մենք արդեն որոշում կատարել ենք եւ դարձել ՆԱՏՕ-ի դաշնակիցը»: