Հարցում. Եվրոպացիները սառել են ՆԱՏՕ-ի հանդեպ
ՆԱՏՕ-ի ստեղծումից 70 տարի անց Եվրամիության երկրների բնակչությունների համակրանքը Հյուսիսատլանտյան դաշինքի հանդեպ նկատելիորեն սառել է։ Այդ միտումը նկատելի է նաեւ Գերմանիայում ՝ եթե 2017թ․ երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին հավանություն էր տալիս գերմանացիների 2/3-ը (68 տոկոս), ապա այժմ՝ միայն 54 տոկոսը՝ այս մասին է վկայում YouGov սոցիոլոգիական ինստիտուտի կողմից արված հարցումների արդյունքը, որը հրատարակվել է ապրիլի 4-ին՝ հայտնում է DW-ն։
Մեծ Բրիտանիայում նույն ժամանակահատվածում ՆԱՏՕ-ին անդամակցության կողմնակիցների թիվը նվազել է՝ 73-ից իջնելով 59 տոկոսի, Ֆրանսիայում՝ 54-ից 39 տոկոսի։ ՆԱՏՕ-ի հանդեպ համակրանքը թուլացել է նաեւ Սկանդինավիայում, թեեւ մնացել է ավելի բարձր մակարդակի վրա։ Դանիայում համապատասխան ցուցանիշները նվազել են՝ 80-ից հասնելով 70-ի, իսկ Նորվեգիայում՝ 75-ից 66 տոկոսի։ ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի կողմնակիցների թիվը պահպանվում է կայուն մակարդակի վրա (44 տոկոս այս տարի, 47 տոկոս՝ 2017-ին։)
ՆԱՏՕ-ի երկրներում մեծամասնությունը սկզբունքորեն պաշտպանում է այդ կազմակերպության կանոնադրության 5-րդ հոդվածը, որը պարտավորեցնում է ՆԱՏՕ-ին ռազմական օգնություն ցուցաբերել դաշինքի այլ անդամին, եթե նա ենթարկվել է ռազմական ագրեսիայի։ Գերմանիայում այդ հոդվածի կողմնակիցն է բնակչության 58 տոկոսը, Ֆրանսիայում՝ 53 տոկոսը, Մեծ Բրիտանիայում՝ 66 տոկոսը եւ ԱՄՆ-ում՝ 57 տոկոսը։