25.11.2024
Թողնում եմ Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը եւ զորացրվում․ Սամվել Կարապետյան
prev Նախորդ նորություն

Մադրիդյան սկզբունքների մերժումն Արցախի կողմից Բաքվին կդրդի լայնածավալ պատերազմի

Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ նոր փաստաթուղթ չի մշակվում: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ վստահեցրել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:


Մինչ այս պահը Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակվել և ՀՀ-ին ու Ադրբեջանին բանակցելու համար հիմք էին առաջարկվել այսպես կոչված մադրիդյան սկզբունքները, որոնք բոլորին հայտնի 3 սկզբունքների և 6 տարրերի հիման վրա կառուցված փաստաթուղթ է:


Այս փաստաթղթի շուրջ էլ հավանաբար բանակցություններ են վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


Մադրիդյան սկզբունքները՝ տարածքների հանձնման, ադրբեջանցի փախստականների վերադարձի կետերով կազմաքանդում են Արցախի անվտանգային ողջ համակարգը և անհնար դարձնում այդ նոր սահմաններով (փաստացի՝ նախկին ԼՂԻՄ սահմաններիով) Արցախի և նրա բնակչության ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը:


Եթե այս փաստաթուղթը շարունակում է մնալ բանակցությունների հիմք, ապա Փաշինյանի հայտարարություններն՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու քաղաքականությունը փաստացի հանգեցնելու է նրան, որ Արցախը պետք է բանակցային սեղանի շուրջ վերադառնալով կա՛մ մերժի այդ վերջնական փաստաթուղթը, կա՛մ ընդունի՝ ինքնասպանության տանելով Արցախի ողջ բնակչությանը:


Իլհամ Ալիևը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ բանակցությունների ֆորմատը ՀՀ-Ադրբեջանն է ու ինքը չի պատրաստվում բանակցել Արցախի իշխանությունների հետ:


Եթե անգամ թեորիապես պատկերացնենք մի իրավիճակ, որ Ալիևն արտաքին խաղացողների ու Մինսկի խմբի կողմից ճնշումների ու սպառնալիքների ներքո համաձայնվում է Արցախի վերադարձին բանակցային սեղան, ապա կրկին անգամ մադրիդյան փաստաթղթին համաձայնությունը պետք է տան հայկական կողմերը՝ ՀՀ-ն ու Արցախը:


Եթե Արցախի իշխանությունները եռակողմ՝ ՀՀ-Ադրբեջան-Արցախ ֆորմատով բանակցությունների ընթացքում կրկին անգամ մերժեն կյանքի կոչել մադրիդյան սկզբունքները, ապա Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախը, այսինքն  հայկական կողմը, մերժում է Մինսկի խմբի կազմած փաստաթուղթն ու հայտարարում բանակցություններից դուրս գալու ու հետագայում հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկության մասին:


Բանակցային հիմնական փաստաթղթի տորպեդահարողը հայկական կողմերն են լինելու:


Արցախի իշխանություններն ու հասարակությունը բազմաթիվ անգամ հայտարարել են, որ նրանց համար անընդունելի է որևէ տարածքային զիջում Ադրբեջանին, այդ դիրքորոշումն ավելի խստացավ 2016թ.-ի ապրիլյան քառօրյայից հետո:


ՀՀ-ի նոր իշխանությունների բանակցային մարտավարությունն այժմ միտված է ժամանակ ձգելուն՝ մադրիդյան փաստաթուղթը մեկնաբանելու, քննարկելու և համապատասխան մթնոլորտ ստեղծելուն: Սակայն Ադրբեջանն ինտենսիվորեն պատրաստվում է ռազմական գործողությունների. թավշյա հեղափոխությունից հետո մինչ այս պահը նրանք հարաբերական խաղաղությունը սահմաններում օգտագործել են ամրապնդվելու թե՛ ապրիլյան քառօրյայի ժամանակ Արցախում գրաված դիրքերում, թե՛ Նախիջևանում, թե՛ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում:


Բաքուն շատ լավ հասկանում է Երևանի պինգ-պոնգ դիվանագիտությունը, երբ Երևանը բանակցություններում վերջնական խոսքը գցում է Արցախի վրա, իսկ Արցախը հայտարարում է, որ մինչև Ադրբեջանը չճանաչի Արցախի լիիրավ բանակցային կողմ ու Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը, նրանք շարունակելու են պահպանել այսօրվա ստատուս-քվոն:


Հայկական կողմերի մարտավարությունը՝ ձգել ժամանակ ու Արցախի  բանակցային սեղան վերադարձնելու մասին հայտարարությունները, կարող են ունենան երկու ավարտ:


Առաջինը. Ադրբեջանը, ելնելով իր շահերից, հրավիրի Արցախին մասնակցելու բանակցությունների վերջնական փուլում, երբ մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախը պետք է զիջի 7 շրջան ու այնտեղ վերադառնան ադրբեջանցի փախստականներ առանց մեկ կրակոցի, իսկ Ստեփանակերտն այդ ժամանակ հայտնվում է բարդ վիճակում՝ համաձայնվել դրան կամ մերժել այդ փաստաթուղթը:


Երկրորդ. Ադրբեջանը շարունակելու է բանակցությունները ՀՀ-ի հետ, մերժելով Արցախի վերադարձը բանակցային սեղանին: Ինչ-որ պահի, երբ հայկական կողմի զգոնությունը բթանա հասարակությունները խաղաղության պատրաստելու և այլ կեղծ օրակարգերից, ուժերի բալանսը 100 տոկոսով թեքելով իր կողմ, լայնածավալ պատերազմ սկսի Արցախի դեմ՝ Մինսկի խմբին ու հայկական կողմերին կանգնեցնելով փաստի առաջ, ինչպես դա եղավ ապրիլյան քառօրյայի ժամանակ:


Երկու սցենարներն էլ վտանգավոր են ՀՀ-ի ու Արցախի համար: Միակ լուծումը ինտենսիվորեն պատրաստվելն է նոր պատերազմի, նոր զինատեսակների գնումը ու ՌԴ-ի հետ ռազմական, դաշնակցային կապերը խորացնելը: