24.11.2024
Գործնականում զրո․ Փաշինյանը դժգոհ է «թավշյա հեղափոխությանը» ԱՄՆ-ի արձագանքից
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ընկերոջ շահերն առաջնային են. Ինչո՞ւ է Սիմոնյանը զբաղվում ԱԺ հավաքարարների խնդրով

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ հավաքարարների թեման նոր զարգացումներ է ստանում: Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ նրանցից շատերն աշխատանքից ազատվելու դիմում են գրում արդեն: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս «բունտի» առեղծվածը նաեւ ուշագրավ այլ շերտեր ունի. ըստ լուրերի, այս քրենինգային բիզնեսով հետաքրքրված է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, եւ հենց Սիմոնյանի ընկերոջ ֆիրման է շահել ԱԺ-ում մաքրություն կազմակերպելու մրցույթը: Ավելին, մեր աղբյուրների հավաստմամբ, Սիմոնյանն անձամբ զանգահարել է նաեւ մի քանի խոշոր բուհերի ռեկտորների, որպեսզի այդ ընկերությունը շահի տվյալ բուհերի մաքրման աշխատանքների կազմակերպման մրցույթները: Դրա համար ռեկտորները նախ պետք է տարբեր պատճառաբանություններով չեղյալ հայտարարեն գործող պայմանագրերը եւ նոր մրցույթ հայտարարեն: Փաստորեն նաեւ այս հանգամանքով էր պայմանավորված, որ հավաքարարների հետ հենց Սիմոնյանն էր ոգեւորված բանակցում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ խաղաղապահների ներկայացուցիչը մեզ պատմեց, որ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի հովանու ներքո հանդես եկող հայ խաղաղապահների, Սիրիա մեկնած մեր առաքելությունը շատ վատ կենցաղային պայմաններում է գտնվում ոչ միայն բնակության պայմանների եւ անվտանգության առումով, այլեւ տարրական սնվելու՝ «իրենց հետ տարած պահածոներն են ուտում»։ Իսկ Սիրիա մեկնելու արդյունքում ՆԱՏՕ-ն հրաժարվել է մեզ հետ համագործակցության շատ ծրագրերից, եւ մտավախություն ունեն, որ Աֆղանստան եւ Կոսովո մեկնող հայ խաղաղապահների «ծառայություններից» էլ կարող են առաջիկայում հրաժարվել։ «Սիրիա առաքելություն ուղարկելը շատ մեծ վնաս պատճառեց մեզ»,- ասաց մեր զրուցակիցը։ Այս օրերին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ԱՄՆ-ում է, եւ որոշ հույսեր ունեն, որ նա կկարողանա հարթել այս իրավիճակը»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե բանակի նկատմամբ «բզբզոցը» չի ավարտվում Ռոբերտ Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի նկատմամբ «նոր ընթերցումներով»: Օրերս Սերժ Սարգսյանի ծննդավայր Տեղ գյուղի բնակիչ, ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության երբեմնի պետ Վարդան Ավետիսյանը, որի անունը մի ժամանակ շրջանառվում էր որպես Սյունիքի մարզպետ, որը նաև «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մոդերատորներից էր, և որին պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ցանկանում էր գործից ազատել (վերջնահաշվում Վարդան Ավետիսյանը դարձավ նախարարի խորհրդական` շնորհիվ Սերժ Սարգսյանի հոր` Ազատ դայու հետ լավ կապերի), օրերս ասել է, որ ապրիլի սկզբներին հայրենական հետախուզությունը հայաստանյան իշխանություններին, երկու անգամ տեղյակ է պահել ադրբեջանական հարձակման մասին, սակայն իշխանությունները բանի տեղ չեն դրել։«Մարդն ակնհայտորեն Սերժ Սարգսյանին է խաղի մեջ քաշում, չնայած նրան իր տեղը դրեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը»,- ասաց մեր աղբյուրը»:


«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլի կեսերին տեղի կունենա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ էլ Արամ Սիմոնյանը կհեռացվի ռեկտորի պաշտոնից: Թե՛ կառավարության վերջին նիստի ժամանակ, թե ԱԺ-ում վարչապետը բացահայտ հայտարարեց, որ «նման ռեկտորները» նոր Հայաստանում այլեւս անելիք չունեն: «Փաստ» թերթի տեղեկություններով, առկա են բավական բարդ ու խորքային խնդիրներ, այդ իսկ պատճառով էլ Փաշինյանն ստիպված է եղել անձամբ «խառնվել գործին»: Ի սկզբանե Փաշինյանին վստահեցրել են, որ ռեկտորի հարցը կլուծվի իրավական դաշտում՝ հարուցված քրեական գործ, վերահսկիչ մարմնի ստուգումներ եւ այլն, սակայն վարչապետին օրերս զեկուցել են, որ իրականում նման հիմքեր ուղղակի չկան, «ամբողջը ջուր է», գումարած՝ հոգաբարձուների խորհուրդը նույնիսկ օրակարգ չի կարողանում հաստատել, ուստի իրավական կարգավորումներով նրանից ազատվել չի լինի: Ըստ այդմ, ստիպված են եղել անցնել պլան Բ-ին՝ քաղաքական որոշմամբ հեռացնել ռեկտորին: Այդ նպատակով, ըստ մեզ հասած տեղեկությունների, այս օրերին անհատապես ակտիվորեն «աշխատում» են հոգաբարձուների խորհրդի անդամների հետ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ակտիվ շրջագայում էր՝ հաճախակի այցելելով օտարերկրյա պետություններ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում միայն ՌԴ այցելել է 11 անգամ, նրան սպասարկել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիվանագիտական անձնակազմը: Սարգսյանը ՌԴ-ում ունեցել է հանդիպումներ, սակայն ոչ բոլոր այցերի մասին է եղել պաշտոնական հաղորդագրություն: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը նախագահականից պատասխանել են, որ Արմեն Սարգսյանը ՌԴ մեկ անգամ է աշխատանքային այցով մեկնել՝ 2018թ. հուլիսի 13-16-ը՝ Մոսկվայում մասնակցելով ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը: Սակայն, ըստ նախագահականի. «Քանի որ Հայաստանն ունի դեպի Եվրոպա ուղիղ չվերթների սահմանափակ հնարավորություններ, որոշ արտասահմանյան երկրներ այցեր կատարելիս ՌԴ մայրաքաղաք Մոսկվան օգտագործվել է որպես տարանցիկ քաղաք»: Եվ նախագահականից տեղեկացրել են, որ այդ այցերի ընթացքում նա երկու անգամ ոչ պաշտոնական հանդիպում-ճաշ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի եւ փոխնախարար Կարասինի հետ»:


«Փաստ» թերթը գրում է. «Օրերս արդարադատության փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանին եւ Սուրեն Քրմոյանին աշխատանքից ազատելու պատճառը եղել է զուտ քաղաքական: Ի դեպ, դա փաստացի ակնարկել է նաեւ արդարադատության նախարարը՝ նշելով. «Մենք բավարարված ենք, շատ բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը: Սա քաղաքական թիմի, քաղաքական թիմով աշխատելու որոշում է»: «Փաստ» թերթի տեղեկություններով, շրջանառվող այն տեղեկությունը, թե փոխնախարարներն ազատվել են, որովհետեւ Ամանորի տոներին չեն անսացել վարչապետի հորդորին եւ ՀՀ սահմաններից դուրս են նշել Նոր տարին, ընդամենը շղարշային պատճառաբանություններ են. փոխնախարարներն իրենց անմիջական վերադաս Արտակ Զեյնալյանին նախապես տեղեկացրել են այդ մասին: Ստացվում է, որ երկու պրոֆեսիոնալ փոխնախարարները, որոնց ուսերին էին նախարարության կողմից ողջ օրենսդրական նախաձեռնություններն ու ընդհանուր փաթեթների կազմումը, իրենց պաշտոններից ազատվել են ընդամենը իշխանության թիմում «սվոյ» չլինելու պատճառով: Նշենք, որ եւ՛ Քրմոյանը, եւ՛ Հովհաննիսյանը փոխնախարարներ էին նաեւ Կարեն Կարապետյանի վարչապետ եղած ժամանակ, ավելին՝ Քրմոյանը փոխնախարար է եղել դեռեւս Հովիկ Աբրահամյանի օրոք»:


«Իրատես» թերթը գրում է. «Մամուլի վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ, պարզվում է, հեղափոխական թիմի սրտով չեն եղել, եւ քայլիստներից ոմանք խորապես վիրավորվել են իրենց առաջնորդից։ Հիշեցնենք, որ լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը, անդրադառնալով իր ընտանիքին, նշել էր. «Ես ապրել եմ ծայրահեղ աղքատության պայմաններում, իմ ընտանիքը եղել է ինձ հետ եւ իմ կողքին, երբ ես զրոյից ստեղծել եմ լրատվամիջոց, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ իմ դեմ տեռոր են իրականացրել, քրեական եւ քրեածին, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ եղել եմ բանտում, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ հանրահավաքներ եմ անցկացրել, իմ ընտանիքը եղել է իմ կողքին»։ Հեղափոխականների անտեսումն ու ստորադասումը թիմի անդամները ծանր են տարել։ «Բա մե՞նք։ Գյումրիից մինչեւ Երեւան քայլել ենք, հանրահավաքներին օրուգիշեր մասնակցել, ճանապարհ ենք փակել, եղել Փաշինյանի կողքին»,- սրտնեղած ասում են նրանք»:


«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի կիզակետում եղել է նաեւ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային-հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին: Հետաքրքիրն այն է, որ այս հրապարակումից հետո Տավարածյանը երեկ չեղյալ է հայտարարել իր հանդիպումները: Մասնավորապես, երեկ «Օրբելի» կենտրոնի կազմակերպված միջազգային գիտաժողովում նախատեսված էր նաեւ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային-հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի ելույթը, սակայն վերջինս չէր ներկայացել, եւ նրա փոխարեն ելույթ էր ունեցել իր տեղակալը: Շատերի կարծիքով՝ Գենադի Տավարածյանը չէր եկել՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի այսօրվա նիստը խոստանում է թեժ լինել. բանն այն է, որ հանձնաժողովը պատրաստվում է հյուրընկալել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատախազի հետ հանդիպումն անցկացվելու է փակ: Հիշեցնենք, որ Դավթյանին հանձնաժողով հրավիրելու առաջարկ արել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որի մասին հանձնաժողովի նիստում հայտնել էր նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Տեւական ժամանակ հնարավոր չէր լինում կազմակերպել Դավթյանի հետ հանդիպումը. այն անընդհատ հետաձգվում էր, սակայն, ի վերջո, այսօրվա համար համաձայնությունն արդեն կայացվել է։ Նիստը տեղի կունենա ժամը 12։00-ին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր մեծ պատվիրակությամբ կմեկնի Արցախ։ Օրվա ընտրությունը պատահական չէ՝ Փաշինյան-Ալիև հանդիպման օրը որոշել են «միասնության» մեսիջ հղել՝ այդ օրն անցկացնելով Արցախում։ Պատվիրակության կազմում են ԱԺ մշտական հանձնաժողովների «Իմ Քայլը» խմբակցության անդամ հանդիսացող նախագահները, խմբակցության քարտուղարն ու ղեկավարը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ինչպես նաև պաշտպանության հանձնաժողովի բոլոր իմքայլական անդամները։ Հանդիպումներ կլինեն Արցախի խորհրդարանի ներկայացուցիչների հետ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս «Ժամանակ»-ը գրել էր, որ Երևանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են առկա։ Մետրոպոլիտենը տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ` պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ։ Իսկ այդ ամենը հնարավոր է դարձել նաև մետրոպոլիտենի գնումները համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ, որը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի աջ ձեռք համարվող, ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի դուստրն է։ Մեզ հասած տեղեկություններով՝ մեր հրապարակումից հետո ԱԱԾ մոտ երկու տասնյակ աշխատակիցներ մտել են մետրոպոլիտեն, մեծածավալ ստուգումներ իրականացրել, դռներ կնքել։ Չի բացառվում, որ այս ստուգումների արդյունքում ձերբակալություններ լինեն՝ ի դեմս ՊԵԿ պաշտոնյայի դստեր, և ազատումներ՝ հանձինս մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանի։ Նշենք, որ մեր հրապարակումից հետո խնդրով զբաղվում է նաև ոստիկանության Արաբկիրի բաժինը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ-ն, որն ինչ-որ առումով համարվում է կիսառազմական կառույց, չի կարողանում Արշակունյաց պողոտայում գտնվող իր կենտրոնական գրասենյակի տարածքն ու շենքը լուսավորել։ «Փողի խնդիր ունենք, անգամ համագումարն ենք դրա համար հետաձգում: Առաջ Մանվելը քերում էր Սերժից, օլիգարխներից, նալոգ էր դրել սաղի վրա, պահում էր ԵԿՄ-ն, տղերքին քիչ ու միչ տիրություն էր անում, հիմա չկա դա, տղերքի սպասումները մեծ են իշխանություններից, հեղափոխությունից, Սասունն էլ չի կարա էդքանի դարդը հոգա»,- ասաց ԵԿՄ-ականը: Գումարի խնդիր ունեք, դրա համա՞ր շենքի լույսերը չեն վառվում՝ հարցրինք ԵԿՄ ապագա նախագահ Սասուն Միքայելյանին։ «Շուտով բոլոր լույսերը կվառվեն»: Իսկ ճի՞շտ է, որ քաղաքապետ Հայկ Մարությանն ուզում է ԵԿՄ-ի ձեռքից վերցնել Կենտրոնի` Պարոնյան փողոցում գտնվող բավականին «գեղատեսիլ շենքը»: Սասուն Միքայելյանը երկար լռեց, ապա․ «Նման բան չկա. կան բաժանմունքներ, որ մանկապարտեզների շենքում են, հանձնաժողով է ձեւավորվելու` վերանայի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ «Սանիթեք» ընկերությանն ուղղված հրապարակային նախազգուշացումից հետո աղբահանությամբ զբաղվող կազմակերպության ներսում լուրջ խուճապ է սկսվել: Քաղաքապետի հայտարարությունից հետո ընկերության ղեկավար կազմը ժողով է հրավիրել: Աշխատողների պատմելով՝ ընկերության ղեկավարը իրենց հորդորել է «դուխները չգցել», քանի որ շուտով աղբի մեքենաներ եւ աղբամաններ են բերվելու Հայաստան, եւ ամեն բան լավ է լինելու: Բայց ընկերության աշխատակիցները վստահ են, որ ղեկավարության խոստումները ձեւական են, քանի որ նրանք մեկ տարուց ավելի է, ինչ հնչեցնում են նման հայտարարություններ: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընկերության աշխատակիցները պատմել են, որ իրենց հետ տարիուկես է՝ աշխատանքային պայմանագիր չի կնքվում: Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Խաչիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, թե այսօր ինքը հանդիպում է ունենալու «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլի հետ՝ քննարկելու խնդիրները»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի տարածքով ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման հետ կապված կրկին խոչընդոտներ են ստեղծվել։ Վրացական կողմից բեռնափոխադրողներին երեկ տեղեկացրել են, որ այսօրվանից ցորենով բեռնված մեքենաները պետք է կշռեն ոչ թե 44 տոննա, այլ 40։ Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեցին բեռնափոխադրողները։ «Տարօրինակ, մեզ համար անհասկանալի պայմաններ են ներկայացվում։ Միջազգային բեռնափոխադրման չափանիշներով բեռնատարն ու բեռը միասին պետք է կշռեն 44 տոննա։ Իսկ հիմա Վրաստանում մեկ գիշերվա մեջ որոշել են, որ մեքենան ու բեռը պետք է լինեն 40 տոննա։ Ընդ որում՝ խոսքը մասնավորապես վերաբերում է ցորենին»,- ասաց բեռնափոխադրողը»: