26.11.2024
ՌԴ-ից ուղարկված Իլ-76-ը մեծ ներդրում է ունեցել Խոսրովի անտառի հրդեհի մարման գործում
prev Նախորդ նորություն

Գազ ու շաքարավազ․հարկային փոփոխությունները փողոց են դուրս բերել լիմոնադ արտադրողներին

ՀՀ կառավարության մշակած Հարկային օրենսգրքի փոփոխությունները առաջացրել են շաքարավազի պարունակությամբ գազավորված ըմպելիքներ արտադրողների դժգոհությունը։ Նրանք այսօր կրկին հավաքվել են կառավարության դիմաց եւ բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների դեմ:


Հարկային օրենսգրքում փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։


Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է 5 տոկոս և ավելի շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ, այսինքն՝ այդ հարկը ներառվելու է ըմպելիքի գնի մեջ: Սա նոր հարկատեսակ է, և այն, ինչպես հայտնում են կառավարությունից, ներմուծվում է շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով։


Թեպետ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողներին մարտի 18-ին հավաստիացնում է, որ Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները «սպասված են բիզնեսի համար», գործարարներն ընդդեմ այդ փոփոխությունների բողոքի ակցիա են իրականացնում փոխվարչապետի աշխատավայրի դիմաց։


Բողոքի ակցիային մասնակցող «Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը նշում է, որ տվյալ հարկային փոփոխություններից հետո իրենք շուկայում կդառնան անմրցունակ եւ շուրջ 100 մարդ կհամալրի գործազուրկների բանակը։ Նա նաեւ «երեսով է տալիս» հեղափոխության իրենց մասնակցության փաստը՝ կրկնելով վերջին շրջանում ՀՀ-ում բողոքի ձայն բարձրացնելու համար թրենդային դարձած «բա մենք սրա՞ համար ենք հեղափոխություն արե» հայտարարությունը։


«Բա մենք սրա՞ համար ենք հեղափոխություն արել։ Մեր բոլոր աշխաըակիցները մասնակցել են հեղափոխությանն առաջին օրվանից։ Իսկ հիմա ինչո՞վ են մեղավոր մեր 100 աշխատակիցները, որ շուտով դառնալու են գործազուրկ», - ասում է Հովսեփյանը ԶԼՄ-նրի հետ զրույցում։


Ընկերության աշխատակիցները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում են պահանջում։ Փոխվարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ցուցարարների հետ։


Գազավորված ըմպելիք արտադրողները կառավարություն են եկել «Հայ կառավարությունը սպանում է «Հայ կոլային»», «Ով է այդ ակցիզի պատվիրատուն», «Ֆիննախ` սաբոտաժի կենտրոն» պաստառներով։ Նրանք իրենց հետ այսօր նաև վուվուզելներ են բերել, բայց առայժմ չեն կիրառել դրանք։ Բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում շարունակվում է։ Ակցիայի մասնակիցները սպասում են փոխվարչապետի հետ հանդիպմանն ու այդ ընթացքում «դըմփ–դըմփ– հու» բղավում։