26.11.2024
Երևանն ու Մոսկվան դեռ չեն պայմանավորվել գազի գնի շուրջ. փոխվարչապետ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ից ուղարկված Իլ-76-ը մեծ ներդրում է ունեցել Խոսրովի անտառի հրդեհի մարման գործում

Երկու տարի առաջ «Խոսրովի անտառ» ազգային արգելոցում ծագած հրդեհի մարման գործում իրենց զգալի ավանդն են ներդրել ինչպես արգելոցի աշխատակիցները, այնպես էլ համայնքների բնակիչները, Հայաստանի բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաեւ Ռուսաստանից ուղարկված Իլ-76 ինքնաթիռը։


Այս մասին «Խոսրովի անտառ» ազգային արգելոցում՝ «Հայաստանում կլիմայի փոփոխությունների հետեւանքների մեղմումը անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման ճանապարհով» ՄԱԿ Զարգացման ծրագրի շրջանակում ասել է Հայաստանի բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։


Ինչպես նշել է նախարարը, ինքնաթիռի անձնակազմն աշխատել է իր համար անսովոր բարձրլեռնային պայմաններում։ «Այդ թռիչքների շնորհիվ նրանց հաջողվեց թույլ չտալ, որ հրդեհը տարածվի, ինչը շատ կարեւոր է, քանի որ «Խոսրովի անտառ» ազգային արգելոցը պարզապես անտառ չէ, այլ կարեւորագույն վայր՝ համաշխարհային կենսաբազմազանության տեսակետից»,- ընդգծել է Գրիգորյանը։


Խոսելով բուն ծրագրի մասին՝ նախարարն ասաց, որ իրենք եւ թիմը, որն իրականացնում է այս ծրագիրը, հիանալի հասկանում են, թե ինչ ընդհանուր նպատակ են հետապնդում։ «Եվ այդ տեսլականն այն է, որ Հայաստանը պետք է ունենա անտառային հրդեհների կառավարման ուժեղ, առցանց ռեժիմով իրականացվող, լավ, արդիական համակարգ»,- պարզաբանել է Հայաստանի բնապահպանության նախարարը։


Ընդ որում՝ Գրիգորյանը նշել է, որ իրենք հիանալի հասկանում են, որ նորարարական մեխանիզմների օգտագործումը թույլ կտա հասնել տասնակի ավելի դրական արդյունքների՝ միաժամանակ շատ ավելի քիչ ռեսուրսներ ծախսելով։ Նա նաեւ հույս հայտնեց, որ այս ծրագրի իրականացման ժամանակ կհաջողվի հասնել նման արդյունքների։


Նախարարը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը ծրագրի իրականացման գործում ցուցաբերվող աջակցության համար։


Հարկ է նշել, որ այս ծրագրի շրջանակում հայաստանցի 360 հրշեջ հատուկ սարքավորումներ եւ գործիքներ է ստացել, որոնք նախատեսված են անտառային հրդեհների դեմ պայքարի համար դժվարհասանելի վայրերում։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է մոտ 1 միլիոն դոլար։ Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ գծով եւ լիովին ֆինանսավորվել Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության, ինչպես նաեւ Հայաստանի բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ակտիվ աջակցությամբ։