25.11.2024
Ստեղծված է պայթյունավտանգ իրավիճակ․ «Ջազզվե»-ի հայտարարությունը՝ բողոքը դադարեցնելու մասին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հայտնվել է սոցիալ-տնտեսական ցուգցվանգի մեջ

Օպերայի մերձակայքից սրճարանների ապամոնտաժումը դարձել է այսօրվա իշխանությունների համար մի շարք ոչ պոպուլյար գործողությունների սկիզբ:

Կառավարության գործունեության 10 ամիսների ընթացքում հանրությունն իր կյանքում սոցիալ-տնտեսական իմաստով ոչ մի դրական փոփոխություն չի զգացել՝ թանկացումներ, պետական ապարատի կրճատումներ, որոնք ստիպում են տարբեր խմբերի մարդկանց ամենօրյա բողոքի ակցիաներ իրականացնել կառավարության շենքի դիմաց:

Օպերայի մերձակայքում սրճարանների ապամոնտաժումը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումն է, սակայն նա Փաշինյանի թիմի անդամ է և ժողովրդի դժգոհությունն ուղղվելու է նաև անձամբ Փաշինյանի դեմ:

ՀՀ-ն ունի բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ՝ 7 միլիարդ արտաքին պարտք, սոցիալական բևեռվածություն, ժողովրդագրական խնդիրներ, մարզերի և գյուղերի դատարկում արտագաղթի պատճառով և այլն: Շարքը կարելի է անվերջ թվարկել, և Նիկոլ Փաշինյանն այս պահին չի կարողանում լուծում տալ բոլոր առկա խնդիրներին, մինչդեռ հասարակությունը թավշյա հեղափոխությունից ակնկալում էր արագ, որակյալ փոփոխություններ, հատկապես կյանքի մակարդակի հետ կապված: Իրականում Փաշինյանի կառավարությունից հասարակության մեծամասնությունն ունի սոցիալական կյանքի բարելավման և տնտեսական ակտիվության ակնկալիքներ, որոնք չեն իրականանում:

Ամեն օր ավելացող ոչ պոպուլյար միջոցառումները ազդում են Փաշինյանի վարկանիշի վրա և մի քանի ամսից սոցհարցումները ցույց կտան, որ ընտրություններին գրանցված արդյունքն ամռանը կայանալիք նոր ընտրությունների պայմաններում լրիվ այլ պատկեր ցույց կտար:


Փաշինյանը տնտեսական, սոցիալական բազմաթիվ խնդիրների պատճառով ընկել է ցուգցվանգի մեջ՝ չկրճատել աշխատատեղեր այսօրվա բյուջեի և տնտեսական վիճակի պայմաններում նա չի կարող, իսկ կրճատել նշանակում է իր դեմ հանել տասնյակ հազարավոր մարդկանց: Բայց նրանք կառավարության դեմ դուրս են գալու ոչ թե քաղաքական պահանջներով, ասենք Փաշինյանի հեռացման, այլ սոցիալական պահանջներով, որոնց չբավարարելն ապագայում հանգեցնելու է նաև քաղաքական պահանջների ի հայտ գալուն: Ներքաղաքական դաշտում առկա ուժերը կարող են ակումուլացնել այդ սոցիալ-տնտեսական դժգոհությունն ընդդեմ այսօրվա իշխանությունների:

Փաշինյանն իր լայվերով արդեն իսկ չի կարողանալու զսպել այն մարդկանց, ովքեր զրկվելով օրվա հացից և աշխատատեղից չեն կարողանալու հոգալ իրենց ընտանիքների կարիքները:


Այս պարագայում, ինչպես ասում են՝ սառնարանը հաղթելու է հեռուստացույցին: Մարդկանց չի բավարարելու գեղեցիկ ռեպորտաժները կյանքի բարելավման մասին այն պայմաններում, երբ նրանց սառնարանի պարունակությունն ամեն օր պակասում է:

ՀՀ-ին սպասվում են բարդ ժամանակներ. սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ ակումուլացնելու են հզոր սոցիալական պայթյուն, որը կարող է օգտագործվել թե՛ ներքին ուժերի կողմից՝ քաղաքական ռևանշի համար, թե՛ արտաքին՝ Ադրբեջանը կարող է Արցախի դեմ պատերազմ սկսել այն պայմաններում, երբ ՀՀ-ում քաոս է: