24.11.2024
Փաշինյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է ԼՂ հարցում ՀՀ սկզբունքային դիրքորոշումը
prev Նախորդ նորություն

Մամուլ. ՔԿ-ից հեռացվել է` նախկին պաշտոնյայի դեմ քրգործ հարուցելու փորձը «չմարսելու» համար

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«168 ժամ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի (ՔԿ) Արագածոտնի մարզի քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանն ազատվել է պաշտոնից: ՔԿ պաշտոնյայի ազատման հիմքը պաշտոնապես նշվում է՝ սեփական դիմումի համաձայն: Սակայն բնական է, որ Գլխավոր դատախազությունից ՔԿ տեղափոխված Կարեն Շահբազյանը մեծ եռանդով դեռ երկար կշարունակեր աշխատել համակարգում, եթե չխանգարեին որոշ գործոններ: Խանգարող գործոնների մասին տարբեր խոսակցություններ կան: Համակարգի ներսում, սակայն, նախապատմության երկու հիմնական վարկած է շրջանառվում՝ Կարեն Շահբազյանը չի ենթարկվել ՔԿ նոր պետի սահմանած խաղի կանոններին՝ այն է՝ չսպառնալ, կաշառք չվերցնել, քաղաքացիների ընդունելություններ սահմանել, և այլն, երկրորդ վարկածն առնչվում է գործարարներից մեկի նկատմամբ հարուցված քրեական գործին: Պարզվում է, հեղափոխությունից հետո բացահայտումների մրցավազքից փորձել է ետ չմնալ նաև Կարեն Շահբազյանը և ջանացել է գործարարների միջոցով չարաշահումների կծիկ բացել տապալված ռեժիմի պաշտոնյաներից մեկի վրա, սակայն նրան չի հաջողվել գործը մինչև վերջ գլուխ բերել՝ ոչ բավարար հիմքերի պատճառով:


Պաշտոնական հաղորդագրությամբ գործարարին վարկաբեկելուց բացի, Կարեն Շահբազյանը հասցրել է միայն մեկ անգամ հարցաքննության կանչել գործարարին՝ «Հրաշք այգի» ընկերության սեփականատիրոջը, և հարցաքննել 2014-16թթ. Գյուղատնտեսության նախարարության հետ կապված հողօգտագործողներին աջակցության ծրագրերով գործակցության մասին: 168.am-ի տված հարցազրույցում ընկերության սեփականատեր Արթուր Իվանյանը պատմել էր սուբսիդավորված պարարտանյութի հետքերով ՔԿ-ում մի շարք համայնքապետերի նկատմամբ հարուցված քրեական գործի ու դրա շրջանակներում Կարեն Շահբազյանի դրսևորած անձնական շահագրգռվածության մասին: Նրա խոսքով՝ Կարեն Շահբազյանը փորձել էր իր ակնկալած «ատկատների» մասին կորզվող ցուցմունքներով ամեն գնով հասնել կոռուպցիոն բացահայտումների, որոնք կառնչվեին նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների, սակայն այդպես էլ նրան չէր հաջողվել: Նշենք, որ Կարեն Շահբազյանի հարուցած քրգործն այսքան ժամանակ օդում կախված է մնացել, ՀՔԾ-ում առկախված գործը փաստացի մինչ օրս ոչ կարճվում է, և ոչ էլ զարգացում է սպասվում: «Հրաշք այգի» ընկերությունը դիմում-բողոքներ էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, Քննչական կոմիտե և Գլխավոր դատախազություն՝ Արագածոտնի մարզի քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի դեմ: Ու բացառված չէ, որ իրականում հենց այս գործի շրջանակներում է Կարեն Շահբազյանի կարիերան ընդհատվել՝ մարտի 5-ից. իր «սեփական դիմումի համաձայն»՝ իրավական համակարգում նա այլևս անելիք չունի: Կարեն Շահբազյանը հերքում է իր ազատման մասին երկու լուրերն էլ՝ պնդելով, որ ինքն է ցանկացել հեռանալ համակարգից: «Ես իմ դիմումի համաձայն եմ ազատվել պաշտոնից և շնորհակալ եմ, որ ղեկավարն ընդառաջ գնաց իմ պահանջին ու ստորագրեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Շահբազյանը՝ չթաքցնելով, որ շատ կցանկանար այդուհանդերձ պետական համակարգ վերադառնալ: Շանսեր ունե՞ք, հարցրեցինք նրան։ ՔԿ նախկին պաշտոնյան փիլիսոփայորեն պատասխանեց՝ «Մեծ կյանք է, ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար՝ մի օր վերադարձա, ինչո՞ւ ոչ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ավելի ու ավելի է հակվում դեպի քաղաքականություն։ Հենց այդ ցանկությունների շրջանակում պետք է դիտարկել Արցախում վերջին հայտարարությունը ազատագրված տարածքները բնակեցնելու վերաբերյալ։ Վանեցյանին շատ լավ են վերաբերվում Արցախում, դա էլ կարող է Վանեցյանի քաղաքական հեռանկարին օգտակար ակտիվ համարվել։ Եթե իշխանությանը հաջողվի հաղթել մեդիապատերազմում, կասկած չկա, որ Վանեցյանի հաջորդ հանգրվանը քաղաքականությունն է՝ անկախ նրանից, թե գործող ուժից քանիսն են համաձայն այդպիսի հեռանկարի հետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունում մի հարցի շուրջ երկու թեւի են բաժանվել՝ հայտնի աղմկահարույց միջադեպից հետո հրավիրե՞լ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին խմբակցությունում «հաշվետվություն» ներկայացնելու, թե՞ ոչ։ Եթե մեծամասնությունը ուզում է բացատրություններ լսել, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել, եւ արդյոք Սանասարյանն անձամբ մասնակցե՞լ է «Զորաշենի» հովանավորչությանը եւ մրցակից ընկերությունից բիզնես խլելուն, ապա ակտիվ փոքրամասնությունը, ի դեմս ՊՎԾ պետի նախկին տեղակալ Տիգրան Ուլիխանյանի, որն այժմ պատգամավոր է, համաձայն չէ, եւ հակադարձում են, թե դրանով կնսեմացնեն կառույցի դերակատարումը։ Եթե ցույց տան, որ կասկածում են վարչապետի ենթակայության տակ գործող կառույցի ղեկավարին, դա կնշանակի, որ այլեւս որեւէ մեկը չի հավատա այդ կառույցին։ Թե որ կողմը կհաղթի այս պայքարում, դեռեւս հայտնի չէ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` արմատական հեղափոխական Դավիթ Սանասարյանը բավականին հետաքրքիր կադրային քաղաքականություն է վարում: Նրա «կադրային բանկը» հիմնականում բաղկացած է Հաշվեքննիչ պալատի կադրերից, սակայն էլ ավելի հետաքրքիրը ՀՀԿ-ական եւ մերձՀՀԿ-ական կադրերն են, որ բավականին լուրջ ֆունկցիաներ ունեցող ՊՎԾ-ի առանցքային պաշտոններում են: ՊՎԾ բնապահպանության վարչության պետը` Արման Դավթյանը, ՀՀԿ-ական Թունելի Հակոբի (Հակոբ Հակոբյանի) քրոջ որդին է։ Հիշեցնենք` Թունելի Հակոբը հետաքրքրություններ ունի «բնապահպանության» ոլորտում, այդ թվում եւ «Ամուլսարի» տեխնիկան ինքն է «սպասարկում»: Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի տեղակալ Ալբերտ Աբգարյանին, ապա նա ժամանակին աշխատել է նախագահականում, համարվել է Սերժ Սարգսյանի հովանավորյալը, 2017-ին ՀՀԿ համամասնական ցուցակի 58-րդ համարն էր, ստեղծագործում էր ՀՀԿ-ի համար` նախընտրական երգն ինքն էր գրել: Ըստ որոշ աղբյուրների, Սանասարյանը մտերիմ է «Մոնարխի»՝ Արմեն Գինոսյանի հետ։ Ի դեպ, մեզանում վեբ-կայք ունեն անգամ փոքրիկ վարսավիրանոցներն ու արհեստանոցները, սակայն ՊՎԾ-ն առ այս պահը կայք չունի։ Կառավարության կայքում եւ ծառայության ֆեյսբուքյան էջերում միայն հեռախոսահամար կա նշված, որին չեն պատասխանում, եւ էլեկտրոնային փոստի հասցե»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցները գրեթե ողջ կազմով երեկ աշխատանքից ազատման դիմում են գրել եւ մեկ այլ պետական կառույց են տեղափոխվել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարության մյուս վարչություններից եւս առաջիկայում զանգվածային արտահոսք կլինի: Բանն այն է, որ համակարգի որակյալ կադրերը հրաժարվում են աշխատել նախարար Արսեն Թորոսյանի հետ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական պարտքը կրկին սկսել է ավելանալ: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ կազմել է 6 միլիարդ 943.6 միլիոն դոլար: Տարեսկզբին ՀՀ պետական պարտքը 6 միլիարդ 922,9 միլիոն դոլար էր, այսինքն` երկու ամսվա ընթացքում այն ավելացել է 20,7 միլիոնով: Այս գումարի մեծ մասը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 393.6 մլն դոլար, որից 4 մլրդ 977.2 մլն դոլարն արտաքին պարտքն է: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ի սկզբանե որդեգրեց ՀՀ պետական պարտքը նվազեցնելու քաղաքականություն` հրաժարվելով նոր վարկային միջոցներ ներգրավելուց: Սակայն հիմա կառավարությունը հայտնվել է նոր պարտք վերցնելու պարտադրանքի առաջ, միայն թե, ի տարբերություն նախորդ իշխանությունների, կառավարության վերցրած պարտքերն ավելի համեստ չափերի են, եւ, բացի այդ, գումարները ծախսվում են` ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե մսխվում կամ գրպանվում»:


«Փաստ» թերթը գրում է. «Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած` Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, քաղաքական առումով, ավելի տպավորիչ կլիներ, եթե չուղեկցվեր ներիշխանական սկանդալով։ ԱՀ մայրաքաղաքում անցկացված իրապես պատմական նիստը նպատակ ուներ ցույց տալ երկու հայկական պետությունների, մեր ժողովրդի միասնականությունը, ու պատշաճ կլիներ, եթե դրան մասնակցեր նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, թեեւ նա ԱԽ անդամ չէ։ ԱԽ նիստի նախօրեին մամուլը տարակուսում էր, թե ինչու Ստեփանակերտ չի մեկնել հանրապետության չորրորդ նախագահը, թեպետ Արցախի մայրաքաղաքում էր, օրինակ, Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, ով ի պաշտոնե նույնպես ԱԽ անդամ չէ։ Հեղափոխության թիմը Սարգսյանին Արցախ չէր հրավիրել կա՛մ ավանդական դարձած թափթփվածության, կա՛մ էլ այն պատճառով, որ նրան յուրային չի համարում։ Ամեն դեպքում գործ ունենք բացասական հետեւանքներով հղի իրավիճակի հետ, որովհետեւ ցանկացած դեպքում ակնհայտ է պետական մտածողության դեֆիցիտը։ ԶԼՄ-ների տարակուսանքից հետո պարզվեց, որ Արմեն Սարգսյանին նիստի նախորդ օրվա ուշ երեկոյան, փաստացի՝ նիստից ժամեր առաջ, այնուամենայնիվ, հրավիրել են Արցախ։ Նախագահի գրասենյակը շտապեց տեղեկացնել, որ Արմեն Սարգսյանը մարտի 11-ի ուշ երեկոյան հրավիրվել էր մասնակցելու մարտի 12-ին Արցախում կայանալիք ԱԽ նիստին, սակայն տեխնիկական պատճառներով հանրապետության նախագահը Ստեփանակերտ չի մեկնել։


Եթե պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակվում է «ուշ երեկոյան» արտահայտությունն, ապա ակնհայտ է, որ Սարգսյանը պատշաճ չի համարել իրեն հասցեագրված հրավերի ձեւն ու արժանապատիվ կեցվածքով հրաժարվել է մեկնել Արցախ։ Ինքնին հասկանալի է, որ ԱԽ նիստն ընդամենը պատրվակ է, ու Փաշինյանի թիմի ու Սարգսյանի միջեւ հակասություններն ավելի խորքային բնույթ են կրում։ Չնայած այն հանգամանքին, որ նախագահն անգնահատելի կայունացնող դեր է խաղացել հեղափոխության օրերին ու դրան հաջորդող անցումային շրջանում, ակնհայտ է, որ անցած գրեթե մեկ տարում նա չի կարողացել ինտեգրվել իշխանության նոր էլիտային, որը «քայլողների» շրջանակից դուրս ցանկացած մեկի մեջ տեսնում է օտարի կամ մրցակցի։ Հեղափոխական էյֆորիան նահանջում է՝ անխուսափելիորեն հանգեցնելով Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշի կորստին, ինչն ավելի է մեծացնում խանդը միջազգային մեծ հեղինակություն ունեցող Արմեն Սարգսյանի հանդեպ։ Մինչդեռ պետական մտածողությունը պահանջում էր Փաշինյանի ու նրա թիմի հեղափոխական ավյունը, հանրային ռեսուրսը համադրել Արմեն Սարգսյանի փորձառության, միջազգային հեղինակության հետ։ Այդ դեպքում պետությունը միայն կշահեր, սակայն միշտ չէ, որ մեր էլիտան կարողանում է սանձել խմբային շահերը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 28-ին տեղի է ունեցել վարչապետի տեղակալ Տիգրան Ավինյանի ծննդյան 30-ամյակին նվիրված արարողություն, որին ներկա է եղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Վերջինս փորձում է հարաբերություններ հաստատել նոր իշխանական վերնախավի հետ՝ դրանով երկարաձգելու համար իր պաշտոնավարման ժամկետը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի 7 հոգանոց կազմը, որում է նաեւ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարապետյանը, անշուշտ, առաջին անգամ չէ, որ զբաղեցնում է ռուսական պետական կորպորացիայի մենեջերական դիրք: Մինչ Հայաստանի վարչապետ դառնալը նա այդ դիրքն ուներ «Գազպրոմ»-ի ցանցում: Այդ իմաստով, Կարեն Կարապետյանն ընդամենը վերադառնում է այնտեղ, որտեղից եկել էր Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու, այսինքն` ռուսական պետական կորպորացիա: Այստեղ ուշագրավն այն է, որ հայկական մամուլն արդեն տեւական ժամանակ տեղեկություններ է հրապարակում այն մասին, որ Կարեն Կարապետյանը Հայաստանում մտադիր է զբաղվել քաղաքականությամբ, ուժ ստեղծել, միավորել նախկին իշխանության ամենատարբեր շրջանակների, հանդիպումներ է ունենում այդ շրջանակների հետ եւ այլն: Ընդ որում, Կարապետյանը որեւէ կերպ պաշտոնապես, կարծես թե, չի անդրադարձել այդ հրապարակումներին եւ չի հերքել, որ չունի Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն, չունի սեփական, կամ այլոց քաղաքական ծրագրերում ներգրավվածության մտադրություն:


Ու ստացվում է, որ Հայաստանում քաղաքական ծրագրեր են վերագրվում մարդու, գործչի, որը պաշտոն է զբաղեցնում այլ պետության պետական կորպորացիայում՝ տնօրենների խորհրդի անդամ է: Ընդ որում, այստեղ, մի կողմից, որեւէ նշանակություն չունի, թե խոսքը ինչ պետության եւ ինչ կորպորացիայի, եւ որ գործչի մասին է, մյուս կողմից էլ այդ հանգամանքը նշանակություն է ստանում հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերության անցնող երկու տասնամյակի բնույթը, բաղադրությունը, դրանում եղած շահառուների խմբերը, Հայաստանի նախկին իշխող համակարգի հետ թելերը, քաղաքական շահերը եւ այլն: Այդ ամենի հանրագումարում ստացվում է պատկեր, որը ընդհուպ առնչություն ունի Հայաստանի ազգային անվտանգությանն ու պետական արժանապատվությանը, հատկապես, որ Հայաստանի «տառապանքն էլ այդ առումով փորձ ունի»: Միեւնույն ժամանակ, ինչի մասին կարող է լինել խոսքը, երբ Կարեն Կարապետյանը այդ կարգավիճակում ոչ միայն մենակ չէ, եւ այլ կա նաեւ գործիչ, որը ոչ թե մամուլի հրապարակումների մեջ, այլ անձամբ է հայտարարել Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու պլանների մասին, լինելով ռուսական մեկ այլ խոշոր ընկերության՝ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամ: Խոսքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է: Բայց նա էլ, իհարկե, ինչպես ասում են՝ մենակ չէր: «Ռոսնեֆտ»-ում էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ընդ որում, նա այդ իմաստով առայժմ մենակ է, մենակ այն առումով, որ միայն նա է քաղաքական պարտությունից հետո հայտարարել Հայաստանում քաղաքականությունից դուրս գալու մասին, ի պատիվ իրեն: Բայց ցանկը՝ Հայաստանում պետական բարձրաստիճան պաշտոն ունեցածների եւ հետպաշտոնեական շրջանում Ռուսաստանում աշխատանք եւ ապաստան գտածների, իհարկե, շատ մեծ է, որից ամենամեծ աղմուկը, թերեւս, առ այսօր սպասում է պատասխանի, թե ինչպես է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում հայտնվել ՌԴ քաղաքացի Միքայել Հարությունյանը, որն այժմ մարտիմեկյան քննությունից պաշտպանվում է Ռուսաստանում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի կենտրոնում` Օպերային հարող տարածքում, երեկ իրավիճակը բավականին թեժ էր: Երեւանի քաղաքապետարանը անցել է Օպերային հարակից տարածքի սրճարանները ապամոնտաժելուն, փոխարենը այնտեղ կանաչապատման աշխատանքներ են իրականացվելու: Այս գործընթացի մասին քաղաքապետարանը հայտարարել էր ավելի վաղ` սրճարանատերերին տարածքն ինքնակամ լքելու ժամանակ տալով: Սակայն այս ընթացքում ընդամենը սրճարաններից մեկի սեփականատերն է ինքնակամ կատարել պահանջը, իսկ մյուսները, ընդհակառակը, երեկ ամեն կերպ դիմադրում էին: Անգամ, որպես բողոքի նշան, երեկ միացրել էին հեղափոխության օրերի երգերը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեռեւս դերասան ժամանակ հնչեցրած երգերը: Պարբերաբար երեկ վիճաբանություններ էին լինում սրճարանատերերի, սրճարանների աշխատակիցների ու տարածքում գտնվող քաղաքապետարանի աշխատակիցների միջեւ: Բանը հասավ անգամ «կարմիր բերետավորների» միջամտությանը: Մինչ այդ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք քննարկվո՞ւմ է սրճարանատերերին փոխհատուցման տարբերակը: «Ինքնակամ կառույցներին փոխհատուցելու որեւէ իրավական հիմք առկա չէ: Իսկ սրանք ինքնակամ կառույցներ են եղել՝ առանց օրենքով սահմանված ընթացակարգերի կառուցված, հետեւաբար փոխհատուցում չի ենթադրում»,- ասաց նա: Ավելին, ըստ Մարտիրոսյանի՝ օրենքը հնարավորություն է տալիս քաղաքապետարանին ապամոնտաժման աշխատանքների ծախսերը պահանջել հենց սրճարանատերերից՝ համապատասխան հայց ներկայացնելով դատարան: Սակայն Մարտիրոսյանն ասաց, թե առայժմ նման քայլի դիմելու մտադրություն չունեն. «Ես չեմ կարող դրանք նշել, այս պահին ընթանում են աշխատանքները, հետագայում համապատասխան քննարկումներ կիրականացվեն, եւ որոշում կկայացվի»: Իսկ մինչ այդ նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է կանաչապատման ծրագրեր իրականացնել նաեւ Օղակաձեւ զբոսայգում՝ այնտեղից եւս հանելով կառուցված, բայց եւ չգործող սրճարանները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օպերայի շրջակայքի սրճարանները, որոնք երեկ ապամոնտաժվում էին, շատ տարբեր կարգավիճակ ունեն։ Եթե դրանց մեծ մասը փաստաթղթերի հետ խնդիրներ ունեն եւ կիսատ-պռատ, ժամկետանց թույլտվություններ, ապա «Շոկոլադնիցա» սրճարանի իրավունքներն օրինական են, կադաստրի վկայականով փաստված, ինչը նշանակում է, որ գոնե այս սրճարանի տնօրինությունը եթե մտնի դատարան եւ անգամ չհաղթի Երեւանի քաղաքապետարանին, ապա բավականին ծանրակշիռ փոխհատուցում կարող է ստանալ։ Երբ սեփականատերերի փաստաթղթերը ստուգվել են քաղաքապետարանի ներկայացուցիչների կողմից, նրանք ակնհայտորեն նեղվել են այս մեկի փաստաթղթերի առկայությունից, բայց դա նրանց չի կանգնեցրել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մարտի 1-ի գործով հարցաքննվել է ՀՀ ՍԴ անդամներից Ֆելիքս Թոխյանը. հենց նա է ՍԴ-ում եղել  2008թ. նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով զեկուցող դատավորներից մեկը: Իսկ, ահա, ՍԴ այն ժամանակ նախագահ Գագիկ Հարությունյանը, որ հիմա ԲԴԽ նախագահն է, այս գործով չի հարցաքննվել: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան Թոխյանի հարցաքննությունից. հիմնական հարցերը վերաբերել են ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի կողմից միջնորդավորված ճնշումներին: Այդ մասին Պողոսյանը պատմել էր ամերիկացի դիվանագետների, եւ որը բացահայտվել էր Վիքիլիքսյան հրապարակումների արդյունքում, երբ գաղտնազերծվեց ամերիկացի դիվանագետների նամակագրությունը: Այս դրվագով քրեական գործը հարուցված է արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով, մեղադրյալն էլ Արմեն Գեւորգյանն է: Ի դեպ, ՍԴ անդամ Թոխյանը էական ցուցմունքներ չի տվել` հիմնականում ասելով, որ տեղյակ չէ, չի հիշում»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Սասնա ծռեր» խմբի դատավարությունը նոր անակնկալներ է խոստանում, եւ այս պահին թե՛ իշխանությունը, թե՛ խմբի ներկայացուցիչները նախապատրաստվում են հնարավոր զարգացումներին: Մասնավորապես՝ երբ դատարանի վճռով խմբի անդամները դատապարտվեն խիստ պատժաժամկետների, տեղի կունենան հակաիշխանական ընդվզումներ, այդ թվում եւ՝ գործի հետ կապ ունեցող իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ: «Սասնա ծռերի» ներկայացուցիչները հավաքագրումներ են իրականացնում, իսկ իշխանությունները մտածում են ինչպես դիմագրավել դրան»: