Փաշինյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է ԼՂ հարցում ՀՀ սկզբունքային դիրքորոշումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Ողջունելով Միրոսլավ Լայչակի այցը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման խթանման գործում: Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել կառույցում Սլովակիայի նախագահության առաջնահերթությունների առաջմղմանը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ի հետ ակտիվ գործակցությունը կնպաստի ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացմանը և մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցերի՝ ընդգծելով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին միասնական ջանքերով դիմագրավելու անհրաժեշտությունը:
Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել այս ուղղությամբ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը: Նա անդրադարձ է կատարել խաղաղության գործընթացի շրջանակներում նախատեսվող առաջիկա քայլերին:
Կողմերը կարևորել են խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորման, մարդկանց միջև շփումների խթանման, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրման ուղղությամբ արժանահավատ քայլերի ձեռնարկումը: