VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանության ներսում բավականին լուրջ հակասություններ են սկսվում, որոնք կարող են ուշագրավ զարգացումներ ստանալ: «Փաստ» օրաթերթն իր հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել է այն հանգամանքին, որ իշխանության ներսում լուրջ տարաձայնություններ կան, այսպես կոչված, «բուն հեղափոխական» (կամ, այլ կերպ ասած, «նիկոլական») եւ «սորոսական» թեւերի միջեւ, եւ որ վերջիններս անհանգստություններ ունեն, թե «նիկոլականներն» ուզում են «քցել» իրենց: Թերթը պարզել է, որ այդ հակասություններն ունեն մի քանի խորքային պատճառներ, որոնցից առաջնայինը երկուսն են. նախ՝ լուրջ պայքար է գնում իշխանության ներսում վերադասավորումների ու ազդեցության գոտիների համար, եւ երկրորդ` «սորոսականների» իշխանությունը թուլացնելու կամ ընդհանրապես իշխանական օղակից հանելու փաստը հետագայում ՌԴ վրա թանկ «վաճառելու» խնդիր է լուծվում` որպես լոյալության դրսեւորում: Նշվածի վառ օրինակ կարող են հանդիսանալ Դավիթ Սանասարյանի շուրջ բարձրացած աղմուկը, իշխանական ֆեյքերով եւ տեղեկատվական «սլիվներով» ամենատարբեր մեկնաբանություններ տարածելն ու թեմայի արհեստական սրացումը: Լուրերի համաձայն` մութ ամպեր են կուտակվում ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավերեւում, ով նույնպես ակնհայտ արեւմտամետ գործիչ է: Այս համատեքստում ուշագրավ են նաեւ ԵՊՀ-ում ընթացող գործընթացները, երբ «Ռեստարտ» նախագիծը տանուլ տվեց հերթական «ճակատամարտը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով Արցախ էր մեկնել դեռեւս մարտի առաջին օրերին, շարունակում է մնալ Արցախում: Սարգսյանը սպասում էր երեկ կայացած ԱԽ արտագնա նիստին, որ ըստ դրա որոշի իր հետագա անելիքները: Սարգսյանն այս ընթացքում շարունակել է ակտիվ շփումները Արցախի վերնախավի ներկայացուցիչների հետ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետագա գործունեության ճակատագիրը դեռեւս անորոշ է. հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ է` չի կայանում: Ու հիմա մարզային գրասենյակները սպասողական վիճակում են: Ավելին, պարզվում է՝ այս հիմնադրամի` Շիրակի մարզային կենտրոնը, որ նախկինում տեղակայված էր ՀՀԿ մարզային գրասենյակում, հայտնվել է դրսում: ՀՀԿ-ն հետ է վերցրել այն տարածքը, որը նախկինում անվարձահատույց տվել էր նրանց: «Քանի որ վարչապետը ՀՀԿ-ական չէ, իրենք մեզ տարածքից հանեցին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Շիրակի մարզային կենտրոնը համակարգող Գոհար Պետրոսյանը: ՀՀԿ այդ քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ երկար ժամանակ այս հիմնադրամը եղել է նախկին իշխող կուսակցության ոչ պաշտոնական ստորաբաժանում: Ի դեպ, այս պահին չի գործում Ծաղկաձորում գտնվող առողջարանական համալիրը, որտեղ անցկացվում էին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքները: Ի դեպ, Ծաղկաձորում գտնվող այդ համալիրը հիմնադրամի հաշվառման տակ է գտնվում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունն այս տարվա հունվարի 1-ից չի վճարել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պեւորոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը: Նշենք, որ խոսքը երեք աշխատակցի աշխատավարձի մասին է: ՀՀ կառավարության 2018թ. օգոստոսի 2-ի 856-Ն որոշմամբ՝ սահմանված է, որ պաշտոնաթող նախագահի գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է վարչապետի աշխատակազմի ֆինանսավորման ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ հաստատված նախահաշվի հիման վրա: Ու, փաստորեն, Փաշինյանի կառավարությունը չի վճարել ՀՀ հիմնադիր նախագահի գրասենյակի աշխատակիցներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը հաստատեց այդ տեղեկությունները, սակայն պատճառները խորհուրդ տվեց ճշտել կառավարությունից: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ խնդիրը զուտ տեխնիկական է: «Վարչապետի գրասենյակից պետք է համապատասխան գրություն գա աշխատակազմ, որը չի եկել: Դա ընթացակարգային խնդիր է»: Նկատենք, որ մյուս երկու պաշտոնաթող նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրասենյակների աշխատակիցներին կառավարությունն այս ընթացքում փոխանցել է աշխատավարձերը, նրանք որեւէ խնդիր չեն ունեցել: Ի դեպ, ստեղծված իրավիճակն աննախադեպ է. անգամ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, չնայած Տեր-Պետրոսյանի հետ իշխանությունների հակասություններին, նրա գրասենյակը ֆինանսավորվել է՝ օրենքով հաստատված կարգով»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ներսում հակասությունները եւ փոխադարձ անհանդուրժողականությունը ավելի են խորանում: Խմբակցության անդամները միմյանց մեղադրում են դիլետանտիզմի մեջ՝ համոզված լինելով, որ իրենք ավելի պատրաստված են խորհրդարանական աշխատանքի համար: Շատերը իրար նույնիսկ չեն բարեւում՝ համարելով, որ իրենց համար վիրավորական է գտնվել միեւնույն խմբակցությունում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգը տապալելու դրվագով մաս է առանձնացրել ու նախաքննության ավարտ հայտարարել: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան այս գործից: Ըստ մեզ հասած տեղեկությունների` մարտի մեկի գործով հարցաքննվել են ներկայիս զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Օնիկ Կարապետյանը: Այս գործի փաստաթղթերում շրջանառվում է նաեւ ՀՀ պաշտպանության ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանի անունը: 2008թ. ՊՆ միջազգային ռազմագործակցության պաշտպանական ծրագրերի վարչության պետ, այժմ նախարար Տոնոյանը մասնակից է եղել փետրվարի 23-ին ՊՆ 0038 հույժ գաղտնի հրամանի ընդունման վերաբերյալ խորհրդակցությանը: Հիշեցնենք, որ Տոնոյանը օրերս խոսել էր մարտի 1-ի իրադարձություններում բանակի ներգրավվածության մասին` ասելով, որ բանակը իսկապես ներգրավված է եղել ե՛ւ բուն մարտի մեկի իրադարձությունների ժամանակ, ե՛ւ դրան նախորդող օրերին»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում Մարտի 1-ի գործով: Ըստ թերթի աղբյուրի, քանի որ Մարտի 1-ի եւ Ռոբերտ Քոչարյանի դատավարության շուրջ վերջին շրջանում որոշակի պասիվություն է նկատվում, իսկ հասարակական լայն հնչեղություն ունեցող իրադարձություններ չեն նկատվում, ուստի իշխանությունները որոշում են կայացրել այդ գործին «նոր լիցք» հաղորդել: Ըստ տեղեկությունների, առաջիկայում ՀՔԾ-ում «հարցաքննության» կկանչվի նաեւ Շվեդիայում եւ Դանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետն էր եւ այդ օրերին կուլիսային ամենաառանցքային «խաղացողներից» մեկը: Աղբյուրի փոխանցմամբ, այս մասին Արզումանյանը նախապես տեղեկացվել է: Արզումանյանի հարցաքննությունը թույլ կտա խուսափել ավելորդ ինտրիգներից ու տարաբնույթ շահարկումներից, քանի որ Արզումանյանի նման ֆիգուրը չէր կարող անմասն մնալ իրավապահներին բացատրություն տալուց: Հիշեցնենք, որ համացանցում ժամանակ առ ժամանակ շրջանառվում են Ալեքսանդր Արզումանյանի՝ մարտի 1-ի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, այդ թվում՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում ԱԺ-ում սպասվում է հերթական «էքշընը». օրենքով սահմանված կարգով` ՀՀ դատախազը պետք է իր տարեկան հաշվետվությունը ներկայացնի պառլամենտին։ Ե՞րբ կլինի դատախազի հաշվետվությունը՝ հարցրինք` պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանին։ «Տարեկան հաշվետվությունը դատախազը պարտավոր է ներկայացնել մինչեւ ապրիլի 1-ը. դեռ բավականին ժամանակ կա։ Այս պահին կարող եմ ասել, որ այն դեռ ԱԺ չի ներկայացվել»: Ի դեպ, մեր տեղեկություններով, մարտի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «կհյուրընկալվի» ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում: Պատգամավորներն ուշի-ուշով նախապատրաստվում են այդ հանդիպմանը։ «Բավականին հարցեր են կուտակվել` սկսած Քոչարյան-Մայրապետյան-Մանվել Գրիգորյան, մինչեւ բանակ-գեներալիտետ եւ «հարակից» հարցեր»,- ասացին ԱԺ-ից: Հնարավո՞ր է դա անում եք օդ բաց թողնելու, դատախազի հաղորդման սպասվող աղմուկի «հետքերը մաքրելու» համար։ «Բացարձակապես. հարցերն իսկապես կուտակվել են, դրանք պատասխաններ են պահանջում»: Իսկ հնարավո՞ր է դա նաեւ դատախազի փոփոխության նախապատրաստում է։ «Ո՛չ, իհարկե` ոչ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլում լուր եղավ, որ առերեսում է տեղի ունեցել ամենայն հայոց կաշառատու Սիլվա Համբարձումյանի եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջեւ։ Մենք պարզեցինք, որ Օսկանյանը տիկնոջ «զոհերից» չէ, պարզապես գործով անցնում է որպես վկա, քանի որ Համբարձումյանի արաբ գործընկերներին հենց Վարդան Օսկանյանն է ներդրումների համար Հայաստան հրավիրել, ավելի ճիշտ՝ վստահեցրել, որ կան համապատասխան պայմաններ ներդրումներ անելու համար։ Դեռեւս 2017 թ․ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը չանցավ խորհրդարան, եւ նախկին արտգործնախարարը փակեց քաղաքականության էջը, նա տարվա հիմնական մասն անցկացնում է ԱՄՆ-ում, դասավանդում է Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում։ Հեղափոխությունից հետո, սակայն, նա մի քանի անգամ ստիպված է եղել վերադառնալ հայրենիք․ մեկը՝ մոր մահվան կապակցությամբ, երկրորդը՝ Մարտի մեկի գործով վկայի կարգավիճակում հարցաքննվելու, հաջորդը՝ Սիլվա Համբարձումյանի հետ առերեսվելու»:
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հայտարարության տեքստը, որը տեղեկատվական դաշտում դարձավ լուրջ քննարկումների եւ շահարկումների առիթ, ՀՀ իշխանությունների շրջանում առանձնապես զարմանք ու աժիոտաժ չի առաջացրել: Բանն այն է, որ «Փաստ» թերթի տեղեկություններով, հրապարակելուց առաջ տվյալ տեքստը նախապես ուղարկվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ի դեպ, դա թելադրում է հենց դիվանագիտական արարողակարգը: Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ պատմության մեջ (1992թ.) ադրբեջանական կողմը ոչ մի անգամ չի ողջունել համանախագահների հայտարարությունների տեքստերը, եւ մարտի 9-ին հրապարակված հայտարարությունը, որպես այդպիսին, առաջինն էր, ինչը հայաստանյան ներքաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում որոշակի մտահոգության տեղիք է տալիս»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ արտահերթ նիստը գործնականում կարող է պատմական դառնալ Արցախի հարցի պատմության համատեքստում: Պատմական այն իմաստով, որ հայկական կողմը Մինսկի խմբի համանախագահների առաջ կամ, այլ կերպ ասած, բանակցային սեղանին դնում է նոր տրամաբանության հարց, որն այլ բան չէ, քան մինչ այժմ բանակցային հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքների» չեղարկում: Երեւանն ուղիղ չի հայտարարում այդ մասին, սակայն գործնականում ազդարարում է, որ համանախագահները պետք է ներկայացնեն ավելի հստակ եւ աներկբա բանակցային հիմք, որը չտա նենգափոխումների կամ տարբեր մեկնաբանությունների տեղիք: Աներկբա է այն, որ Երեւանը սկսել եւ գործնականում շրջադարձային կետի է հասցրել նոր քաղաքականություն Արցախի հարցում, եւ մարտի 12-ը, մեծ հաշվով, այսպես ասած՝ հետդարձ բացառող կետն է:
Եվ այստեղ թերեւս անհրաժեշտ է արցախյան հարցից սահուն անցում կատարել տնտեսական հարցերին, քանի որ Երեւանն ակնհայտորեն սահմանում է բավականին բարձր քաղաքական, անվտանգային նշաձողեր, ընդ որում պետք է ասել, որ սահմանում է արդարացիորեն եւ անհրաժեշտաբար: Սա միաժամանակ մեզնից, որպես ազգ եւ պետություն՝ ներառյալ բնականաբար Արցախը, պահանջելու է ավելի մեծ դիմադրունակություն, որում, անկասկած, հույժ կարեւոր պայման է իշխանության լեգիտիմությունը, սակայն ոչ բավարար, քանի որ այդ պայմանը կարող է սպառվել, եթե չամրապնդվի տնտեսական կարողություններով, տնտեսական ներուժի աշխույժ գեներացիոն գործընթացով: Մարտի 12-ի շարունակությունը պետք է լինի տնտեսական դաշտում, անշուշտ ոչ կամ-կամ-ի սկզբունքով՝ կամ այս, կամ այն դաշտում, սակայն նախօրեին ասվել են կարեւորագույն բաներ, եւ այժմ պետք է ինտենսիվացնել զուգահեռ աշխատանքը այդ ամենի, այլ կերպ ասած՝ հայկական պետական սուբյեկտության նոր մակարդակի տնտեսական ամուր պատվանդանը կառուցելու համար: Այն, ինչ կա ներկայումս, բավականին թույլ է քաղաքական այն ծանրակշռությունը երկար պահելու համար, որում գործելու հայտ է ներկայացնում Երեւանը: Հայաստանն ակնհայտորեն փորձում է տեղափոխվել ավելի ծանր քաղաքական քաշային կատեգորիա, ինչը պահանջելու է ավելի մեծ տնտեսական հենման կետ, ավելի ամուր եւ հաստատուն»: