28.03.2024
Արցախի ազատագրված տարածքների հանձնման մասին քննարկումներն արդեն դավաճանություն է. Ասրյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վիեննայի պայմանավորվածությունները մոռացվեցի՞ն. ԱԺ-ն արձագանքում է ԵԱՀԿ ՄԽ-ին

Լուսանկարում՝ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ եւ Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են Վեիննայում
Լուսանկարում՝ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ եւ Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են Վեիննայում

Ազգային ժողովում մտահոգին են համարում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումից առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որտեղ խոսվում է բանակցությունների ձեւաչափի փոփոխության անցանկալի լինելու մասին եւ չեն հիշատակվում 2016 թ-ի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուգի պայմանավորվածությունները:


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման վերաբերյալ՝ ողջունելով հանդիպելու պատրաստակամությունը և ընդգծելով, որ հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ներառում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշում: Հայտարարության մեջ նաեւ խոսվում է բանակցությունների ձեւաչափի փոփոխության անցանկալի լինելու մասին եւ չեն հիշատակվում 2016 թ-ի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուգի պայմանավորվածությունները:


Թեպետ հայկական կողմը հայտարարում է, որ չի հրաժարվել Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման հանձնառությունից, սակայն այդ պայամավորվածությունների մասին ոչեւէ կետ չկա միջնորդների հայտարարության մեջ: Դրանք են՝ շփման գծում հատուկ սարքավորումների տեղակայումը, միջազգային դիտորդների խմբի ավելացումը եւ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրումը:


Համանախագահների հայտարարությունում կան մտահոգիչ կետեր: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:


«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ մտահոգիչ կետեր կան՝ մասնավորապես այն մասին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում: Միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունն, արդեն շատ բանի մասին է ասում: Սակայն կարծում եմ, որ ևս մեկ անգամ այս հայտարարությանն անդրադառնալու կարիք կա, քանի որ արդեն նախօրին Ադրբեջանի ոգևորությունը տարակուսանքի տեղիք է տալիս, ևս մեկ անգամ հարցին անդրադառնալու անհրաժեշտության կարիք կա», - ասաց նա:


Նրա խոսքով, հայտարարության մեջ տեղ գտած մնացած բոլոր հանգամանքներն անընդունելի են: «Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները, ուժի դիրքերից հանդես գալու հայտարարությունները և հայտարարության մեջ նշված մնացած բոլոր հանգամանքները բացարձակապես անընդունելի են, որովհետև կոնկրետ Ադրբեջանը հետևողական հայատյացության և ուժի դիրքերից է հանդես գալիս, որը մեզ համար միանշանակ ընդունելի չէ», - ասաց նա՝ հավելելով, որ Արցախի ճակատագրի հետ կապված որևէ հարց չի կարող որոշվել առանց Արցախի և Արցախի ժողովրդի մասնակցության: «Մնացածն արդեն քաղաքական գործընթացներ են, որի հետ կապված ԲՀԿ-ն հնչեցրել է տեսակետներ, և եթե լինեն զարգացումներ, մենք կանդրադառնանք», - ասաց նա:


ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը հավելեց, որ հայտարարությունը չէր կարող չմտահոգել, բայց պետք է հարցը դիտարկել ՀՀ ԱԳՆ արձագանքի կոնտեքստում: «Բոլորս էլ գիտենք որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, խոսելով ԼՂ հարցի կարգավորման մասին, մշտապես շեշտադրել է ուժի գործոնը, որ այն շարունակում է մնալ իրենց օրակարգում:


Ընդամենը երեկ Ադրբեջանի ԱԳՆ արձագանքում կրկին շեշտադրվում է Ադրբեջանի ամբողջականության հարցը, իսկ սրան հակառակ մենք ունենք ՀՀ-ի նոր իշխանությունների ավելի կառուցողական դաշտում մոտեցումը, ինչպես օրինակ՝ վարչապետի հայտարարությունը, որ ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի ԼՂՀ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,-ասաց նա՝ հավելելով, հետագա բանակցային գործընթացներում պետք է հայկական կողմը հստակեցնի իր դիրքորոշումը:


Մտահոգիչ է համարում համանախագահների հայտարարությունը նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:


«Իմ քայլը» խմբակցությունում սկայան չեն դրամատիզացնում իրավիճակը՝ խորհուրդ տալով դիրատկել հայտարարությունն ամբողջականության մեջ: «Այդ հայտարարության որևիցե դրույթ խոչընդոտ չի հանդիասնում Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար», - նշում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:


«Բանակցային գործընթացում կարող են հնչել տարբեր դիրքորոշումներ, բայց վարչապետի վերջնական դիրքորոշումը ձեզ հայտնի է՝ բանակցային գործընթացի և հակամարտության կարգավորման համար պիտի փնտրել լուծումներ, որոնք ընդունելի կլինեն և Հայաստանի, և Արցախի բնակչության, և Ադրբեջանի հանրապետության համար: Այդ տեսանկյունից, իմ կարծիքով, ՄԽ համանախագահները փորձել են ամփոփել դեռևս մինչև թավշյա հեղափոխությունը ձևավորված օրակարգը և քննարկել են այն հիմնական հարցերը, որոնք բարձրացված էին եղել այն ժամանակահատվածում», - ասաց Վարդանյանը:


Համանախագահողների հայտարարուրթյունն, ըստ պատգամավորի, առավելապես պետք է դիտարկել այն կոնտեքստում, որ չպետք է խաթարել այն ձևաչափը, որը ձևավորվել է հենց Մինսկի խմբի շրջանականերում: Նա ընդգծեց, որ համանախագահների հայտարարությունը դրական է համարում այն առումով, որ կողմերին ըստ էության ևս մեկ անգամ կոչ է արվում հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքների հիման վրա:


«Այդ ձևաչափը նոր չէ: Այդ կարգի հայտարարություններ արվել են նաև նախկինում, պետք չէ ինչ-որ բան կտրել կոնտեքստից և փորձել ներկայացնել ինչ-որ հեղափոխական բնույթի հայտարարություն: Դա դիվանագիտական աշխարհին բնորոշ հայտարարություն է», - ասաց նա:


 


 

Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախագիծը ԱԺ արտահերթի օրակարգում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար