«Խաղաղությո՞ւն ես ուզում, պատրաստ եղի՛ր պատերազմի» հայտնի պատգամն առավել շատ վերաբերում է այն ազգերին ու պետություններին, որոնք շրջապատված են դարավոր թշնամի հարևան ազգերով ու պետություններով, կամ «… ատյացներով»: Բնականաբար, այս հայտնի պատգամն ուղղակիորեն վերաբերում է նաև Հայաստանին ու Արցախին: Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:
«Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում և գյուղերում ամփոփված են Արցախի և Հայաստանի պաշտպանության համար մարտիրոսված բազմահազար հայորդիների աճյունները: Եվ, նահատակված քաջորդաց զավակների որբանալը բացառապես մեկ մխիթարություն ունի՝ հայոց սուրբ հողի пաշտպանությունը, որն առաքելություն է յուրաքանչյուր հայի համար:
Հայկական բարձրավանդակում և բարձրավանդակից դուրս բնակվող, ողջ հայ ժողովուրդն, իր իշխանության հետ միասին, իր սին, կեղծ, պայմանական խաղաղության համար չի կարող և իրավունք չունի որոշում կայացնել հայոց սուրբ հողի լինել-չլինելու, հանձնել-չհանձնելու, պաշտպանել-չպաշտպանելու վերաբերյալ: Իրոք, հողը սուրբ է և մնայուն, իսկ մարդը՝ մահկանացու, և ոչ մի մահկանացու իրավունք չունի իր ապուպապերի քրտնաջան
աշխատանքի արդյունքում պահպանած, իր եղբայրների և քույրերի արյան գնով պաշտպանած և ազատագրած հայոց սուրբ հողը դարձնելու քննարկման առարկա:
Հայ ժողովուրդն ու իր իշխանությունը կարող են որոշումներ կայացնել ցանկացած հարցի, բայց ոչ երբեք հայոց սուրբ հողի լինել-չլինելու, հանձնել-չհանձնելու վերաբերյալ: Դա նույնն է, որ քննարկես և որոշում կայացնես ազգիդ, ընտանիքիդ, ծնողներիդ և զավակներիդ լինելության կամ չլինելության վերաբերյալ:
Հիմա կհարցնեք, թե Ադրբեջանին առանց հողեր զիջելու, ինչպե՞ս ենք լուծելու մեր խաղաղությունը, չէ՞ որ մենք արյուն և զոհեր չենք ուզում, մենք ուզում ենք խաղաղ ապրել։ Միանգամից պատասխանեմ. չի՛ լինելու խաղաղություն, եթե մենք ազգովի, ամեն րոպե, պատրաստ չլինենք պատերազմի: Չի՛ լինելու խաղաղություն, եթե մենք ազգովի յուրաքանչյուր ակնթարթ պատրաստ չենք մեռնելու հանուն Հայաստանի, Արցախի և ողջ
հայության անվտանգության պահպանության:
Չի՛ լինելու խաղաղություն, եթե մենք ազգովի, ամեն րոպե ներդրում չունենանք հայոց ազգային բանակի անընդհատ հզորացման գործում: Երբեք մի՛ վախեցեք արյունից և զոհերից, եթե այդ արյունն ու զոհերը
հանուն հայ ազգի և Հայոց Տան պաշտպանության են։ Երբե՛ք, լսո՞ւմ եք, հա՛յ ժողովուրդ, Հայաստանի իշխանությո՛ւն, ո՛չ մեկդ, երբե՛ք իրավունք չունեք անգամ քննարկելու հայոց սուրբ հողի ճակատագիրը, քանզի գոյություն ունի մեկ ճշմարիտ ուղի և առաքելություն. միշտ պատրաստ լինել մեռնելու հանուն հայոց սուրբ
հողի և հայ ազգի պաշտպանության:
Հայաստանի ցանկացած իշխանության և հայ ժողովրդի կողմից հանցագործությո՛ւն և պետական դավաճանությո՛ւն են նույնիսկ Արցախի ազատագրված տարածքների հանձնման վերաբերյալ քննարկումները:
Արցախը Հայաստա՛ն է, և վե՛րջ»,- ասված է հայտարարության մեջ: