25.11.2024
Երեւանում ավտոբուսի վարորդները գործադուլ են անում․ 250 վարորդներ դուրս չեն եկել երթուղի
prev Նախորդ նորություն

Կառավարության կտրուկ քայլը. 17 նախարարությունների փոխարեն թողնել 12-ը

ՀՀ կառավարությունն մարտի 7-ի նիստում հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումների մասին օրենքների նախագծերի փաթեթին: Նախատեսվում է այժմ գործող 17 նախարարությունների փոխարեն թողնել 12-ը:

Փաթեթի նպատակը, նշեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ֆունկցիոնալ իմաստով առավել արդյունավետ կառավարության կառուցվածք ունենալն է: Նշեռնք, որ ըստ նախագծի նախատեսվում է կառավարության հետեւյալ կազմը եւ կառուցվածքը՝


1. Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետներից եւ նախարարներից:


2. Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետեւյալ նախարարությունները.


1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը,


2) առողջապահության նախարարությունը,


3) արդարադատության նախարարությունը,


4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,


5) արտաքին գործերի նախարարությունը,


6) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը,


7) շրջակա միջավայրի նախարարությունը,


8) պաշտպանության նախարարությունը,


9) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը,


10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,


11) Էկոնոմիկայի նախարարությունը,


12) ֆինանսների նախարարությունը»:


Կկրճատվի առաջին փոխվարչապետի հաստիքը, որի արդյունքում 3 փոխվարչապետների փոխարեն կլինի 2 փոխվարչապետ:


17 նախարարության փոխարեն կսահմանվի 12 նախարարություն:


«Առաջարկվում է միաձուլել Մշակույթի նախարարությունը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Կրթության եւ գիտության նախարարությունը՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Առաջարկվում է միաձուլել Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարության


Առաջարկվում է միաձուլել Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը՝ ստեղծելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Վերջինիս կփոխանցվեն նաեւ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ տրանսպորտի ոլորտին վերաբերող բոլոր լիազորությունները եւ գործառույթները: Նշված նախարարության ենթակայությանը կհանձնվի նաեւ Պետական գույքի կառավարման կոմիտեն»,- ասաց Զեյնալյանը՝ հավելելով, որ առաջարկվում է նաեւ Տրանսպորտի կապի եւ ՏՏ նախարարությունը վերանվանել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն՝ կրճատելով տրանսպորտի նախարարության բոլոր գործառույթները, նաեւ նախարարությանը հանձնել ռազմարդյունաբերության կոմիտեն:


Նրա խոսքով՝ առաջարկվում է Սփյուռքի նախարարությունը միավորել վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Միեւնույն ժամանակ վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայեցողական պաշտոնը, ով կիրականացնի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը:


Նախագծի ընդունման պարագայում՝ կընդգծվի այն հանգամանքը, որ վարչապետի թույլտվությամբ կառավարության նիստն ամբողջությամբ կարող է ընթանալ դռնբաց, իսկ կառավարության եւ վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավազորությամբ կօժտվի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչն իր հերթին էապես կբարելավի կառավարության եւ վարչապետի որոշումների ընդունմանը հաջորդող գործընթացների հնարավորինս արագ եւ արդյունավետ կազմակերպումը:


Զեյնալյանը նշեց, որ նախարարությունների վերակազմակերպման փուլում կրճատվող աշխատատեղերը հիմնականում վերաբերում են քաղաքական եւ հայեցողական պաշտոններին. «Թվաքանակի կրճատում չի նախատեսվում եւ նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով տեղափոխվում են նոր ստեղծվող նախարարության կազմ»: