25.11.2024
Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Բաքվում հակահայկական միջոցառումը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Պուտինը դժգոհել է Սերժ Սարգսյանից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական իշխանությունը շարունակում է կասկածել, որ 2018-ի ապրիլյան հեղափոխության ժամանակ դավադիր սցենար է գործել, որտեղ իր դերակատարումն է ունեցել նաեւ ՀՀ այն ժամանակվա գործող իշխանությունը։ Մոտ 1 տարի է՝ նախկին իշխանությունը փորձում է համոզել ռուս գործընկերներին, որ մեղք չունեն, ոչ մի կերպ չեն նպաստել Փաշինյանի՝ իշխանության գալուն։ Օրերս հայազգի գործիչներից մեկը մեզ պատմեց, որ Պուտինն անձամբ է իր մոտ դժգոհել Սերժ Սարգսյանից, ասել է՝ այդքան տարի ընկերություն ենք արել, բայց հրաժարականը գրելուց առաջ ինձ չզգուշացրեց, չտեղեկացրեց այդ մասին, տարրական էթիկան պահանջում էր, որ մի հատ զանգեր, նոր գրեր հրաժարականի տեքստը»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի աղբյուրը պարզել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի բուն նպատակը ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական հիմքեր է ունեցել: Պարզվում է, որ վարչապետը ոչ այնքան հագեցած օրակարգով Բրյուսելում էր ՀՀ-ում առկա լուրջ ֆինանսական հարցերը կարգավորելու համար: Տեղեկությունների համաձայն, Փաշինյանը եվրոպացիների հետ քննարկումներում ֆինանսական աջակցության հարց է բարձրացրել, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել առաջիկա ամիսների բյուջեի ծախսերի սպասարկումը, քանի որ, ինչպես հայտնի է, պետբյուջեում, ինչպես նաեւ պահուստային ֆոնդում առկա են լուրջ խնդիրներ: Չի բացառվում, որ առաջիկայում խորհրդարանին ներկայացվի հերթական վարկային պայմանագիրը, որն ավելի կմեծացնի ՀՀ արտաքին պարտքը: Ի դեպ, ուշագրավ է, որ այս, ինչպես նաեւ սրան նախորդած մյուս շատ այլ վարկեր բյուջեում առկա բացերը լրացնելու համար են վերցվում, ինչի մասին ժամանակին բազմիցս քննադատություններով հանդես էր գալիս ընդդիմադիր Փաշինյանը»:


«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, եւ Հայաստանի վարչապետը հուսով է, որ մեկ տարվա ընթացքում կհաջողվի լուծել այդ հարցը։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։ Փաշինյանը բացատրել է, որ սա ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլեւ Եվրասիական տնտեսական միության տարածքում ընդհանուր կարգավորման հարց է, քանի որ միության իմաստը հենց միասնական տնտեսական տարածքի ստեղծումն է։ «Եվ որպեսզի այդ միասնական տնտեսական տարածքը կայանա, պետք է, որ արտադրանքի գնագոյացման մեջ կարեւոր մաս ունեցող էներգակիրների գները լինեն հավասար, լինեն իրար մոտ»,- ասել է Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն իրականում բարձրացնում է շատ սկզբունքային, որեւէ տնտեսական միության, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի համար հիմնարար նշանակություն ունեցող խնդիր։ Լայն իմաստով, եթե տնտեսական միության տարածքում գնագոյացման միասնականությունը չի ապահովվում, ապա անիմաստ է անդամակցությունն այդ միավորմանը։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը սահմանում է բավական բարձր նշաձող՝ սահմանել էներգակիրների միասնական գին։ Նա, իհարկե, հարցազրույցում չի ասում, սակայն այդ գաղափարի տրամաբանությունը ենթադրում է, որ դրա մերժման դեպքում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կարող է ոչ նպատակահարմար համարվել։ 


Արդյոք ԵԱՏՄ-ում ներկայումս նախագահող Հայաստանը կկարողանա՞ հասնել Նիկոլ Փաշինյանի առաջադրած նպատակին, շատ դժվար է ասել։ Ավելին, հակառակն է շատ ավելի հավանական։ Գազի գինը Ռուսաստանի համար տնտեսական միջոց լինելուց բացի ու դրանից առաջ՝ իրենից գազային կախվածություն ունեցող երկրների վրա քաղաքականապես ազդելու, տարբեր ճնշումներ գործադրելու միջոց է։ Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի առաջարկը հակասում է ռուսական քաղաքականությանը։ Մյուս կողմից՝ նման նպատակադրում սահմանելով, Նիկոլ Փաշինյանն իրեն է դնում որոշակիորեն անհարմար դրության մեջ։ Որովհետեւ եթե այդ նպատակը կյանքի չկոչվի՝ դրան պետք է հետեւեն քայլեր։ Իսկ ամենատրամաբանական քայլը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցի բարձրացումն է։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ինքը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի օրակարգում նման հարց չկա։ Այսպիսով, եթե չհաջողվի գազի միասնական գին սահմանել ԵԱՏՄ տարածքում, Հայաստանը հայտնվելու է անհարմար դրության մեջ։ Այդ իմաստով՝ Փաշինյանի հայտարարությունը որոշակիորեն ծուղակ կարող է դառնալ իր ու իր իշխանության համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական կառավարման համակարգում կրճատումների փաթեթի ամբողջական լուծումները շուտով հայտնի կդառնան, մի բան պարզ է, որ կառավարությունը որոշել է անցնցում իրականացնել պետապարատի «հավելյալ արժեք չստեղծող» աշխատակիցների կրճատումը։ Կառավարությանը մոտ կանգնած շրջանակներից տեղեկացանք, որ Ջանջուղազյանի առաջարկած 10 հազարի կրճատումը միանգամից չեն անի, այլ առաջիկա 2 տարվա ընթացքում։ Այժմ կառավարությունում քննարկում են «Աշխատիր Հայաստան» նախաձեռնության վրա, շուտով կհրապարակվեն կոնկրետ գործողությունները, ինչը ենթադրում է մարդկանց կարճաժամկետ պրոֆիլավորում և աշխատանքի շուկայի մասին տեղեկատվություն։ Այսինքն՝ պետությունն իր վրա է վերցնելու այն մեխանիզմների ստեղծումը, որ մարդիկ տեղեկատվություն ստանան պահանջվող մասնագիտությունների, աշխատատեղերի մասին, ինչպես նաև կարճ ժամանակամիջոցում վերապրոֆիլավորվեն պահանջվող աշխատատեղերի համար։ Հատկապես խնդրահարույց է, թե գործազրկության շեմին հայտնվածները համապատասխան որակավորում, կրթություն պետք է ստանան սեփակա՞ն միջոցներով, թե՞ պետության ֆինանսավորմամբ։ Ի դեպ, այս նախաձեռնությունը գործելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կուրացիայի ներքո»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատյան մաքսատան գանձումների համակարգման եւ հաշվառման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Արամ Ազարյանը՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի քեռին, արտոնյալի կարգավիճակում է։ Նա արդեն մոտ 8 ամիս է՝ աշխատում է Արարատյան մաքսատանը, սակայն առ այսօր հայտարարագիր չի ներկայացրել։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում ոչ մի կերպ հնարավոր չէ գտնել ԱԱԾ պետի քեռու ունեցվածքի մասին հայտարարագիր, մինչդեռ Հանրային ծառայությունների մասին օրենքը պարտադրում է պաշտոնյային պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագիր ներկայացնել։ Այս պարագայում ակնհայտ է, որ Վանեցյանի պաշտոնյա քեռին արտոնյալ է եւ նրան կարելի է շրջանցել օրենքը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստել է օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, որն ուղղված է լինելու բիզնես հիմնելու և այն վարելու պայմանների թեթևացմանը: Գործող օրենսդրությունը և նորմատիվ ակտերը այնպիսին են, որ դա հնարավոր է անել բացառապես իշխանությունների թույլտվության դեպքում»:


 


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը, պարզվում է, խորը արմատներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տարիներ շարունակ հեմոդիալիզի սարքավորումներ ու մաքրման հեղուկներ ՀՀ ներկրել է Նարինե Կարապետյանը, որը Էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մորաքրոջ աղջիկն է: Ըստ որոշ լուրերի՝ ՊՎԾ-ից նրան արգելել են այդ սարքավորումները ներկրել ՀՀ՝ պատճառաբանելով Դոն Պիպոյի հետ ազգակցական կապը: Թեեւ Կարապետյանն ասում է, որ մորաքրոջ տղան իր բիզնեսի հետ կապ չունի, սակայն չեն հավատում: Այս խառնաշփոթի մասին տեղյակ են պահում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն էլ հանձնարարում է ԱԱԾ-ին զբաղվել գործընթացով: Այս աղմուկի մասին տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունը, եւ կրակի վրա յուղ լցնելու համար նախարար Արսեն Թորոսյանը իր հերթին դիմում է գրում ԱԱԾ, որ ստուգեն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեությունը: Շատ խճճված պատմություն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ենթակայության ոչ առեւտրային կազմակերպությունների եւ փակ բաժնետիրական մի քանի ընկերությունների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթի արդյունքում «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրենի պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Արման Մխիթարյանը։ Սա ուշագրավ է այն առումով, որ Մխիթարյանի անվան հետ է կապվում «Բիզի» ընկերությունը, որը հայտնի է իր տաքսի սերվիսով, եւ որի դեմ կան տասնյակ դատական հայցեր՝ հարկային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Այսինքն, «Երեւանտրանս»-ը, որը կանոնակարգելու է մայրաքաղաքի տրանսպորտի աշխատանքը, վստահվել է ոչ այնքան բարի համբավ ունեցող մեկին, եւ այստեղ արդեն ակնհայտ է դառնում Հայկ Մարությանի «ազիզյանական» ճաշակը։ Մենք փորձեցինք խոսել Մխիթարյանի հետ, սակայն չհաջողվեց»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է լրացում կատարել ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում, և ապրիլի 16-ը նշել որպես հայ կինոյի օր: Ընդհանրապես, մասնագիտական տոների ավանդույթը գալիս է ԽՍՀՄ տարիներից, և եթե ամեն ինչ գնա այդ ուղղությամբ, ապա պետք է ունենալ մետալուրգի, հիդրոշինարարի, խառատի և այլ տոներ: Որովհետև ինչպես մյուս մասնագիտությունները, կինեմատոգրաֆիստի մասնագիտությունը վերացել է, բայց հիշողությունը դեռ կա»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը ԵԿՄ նախագահի թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց, թե երբ է կայանալու «Երկրապահի» համագումարը։ Միքայելյանն ասաց՝ հայտնի չէ։ Ինչո՞ւ. «Որովհետեւ քննարկումներ են ընթանում»: Թե ինչ քննարկումների մասին է խոսքը հարցին ի պատասխան՝ ԵԿՄ նախագահի թեկնածուն ասաց՝ կազմակերպչական, կառուցվածքային լուրջ փոփոխություններ են սպասվում: Հիշեցնենք, որ ԵԿՄ վարչությունը կազմված է 184 հոգուց, սակայն հիմա քննարկվում է այդ թիվն էականորեն կրճատելու, ըստ այդմ՝ ԵԿՄ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցը: Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ քննարկում են վարչության անդամների թիվը 184-ից կրճատելու եւ մինչեւ 25 հոգանոց կազմ ունենալու հարցը: Բացի այդ, ԵԿՄ-ն ունենալու է նաեւ 7-10 հոգանոց նախագահող խորհուրդ: Ու եթե նախկինում ԵԿՄ-ում որոշումները կայացնում էր ԵԿՄ նախագահը՝ միանձնյա սկզբունքով, այժմ ցանկանում են, որ ԵԿՄ-ում այսուհետ որոշումներն ընդունվեն 7-10 հոգանոց նախագահող կոլեգիալ խորհրդի կողմից քննարկվելուց հետո»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում կարծիքներ են հնչում, որ կոռուպցիայի, ապօրինի հարստացման դեմ պայքարը չպետք է շրջանցի նաեւ «Զվարթնոց» օդանավակայանը, որտեղ եւս առկա են բազմաթիվ կոռուպցիոն մեխանիզմներ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ օդանավակայանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զբաղվել եւ նույնիսկ մինչեւ հիմա էլ զբաղվում են օդանավակայանի համար ավիակերոսինի ձեռքբերմամբ եւ այն ՀՀ-ում գործող որոշ խոշոր բենզին ներկրող ընկերություններին վերավաճառելով, որոնք էլ ավիակերոսինը խառնելով բենզինի հետ՝ վաճառել են սպառողներին: Ամբողջ գաղտնիքն այն է, որ կերոսինի մաքսազերծումը չի կատարվում ակցիզային հարկի կիրառմամբ, այդ իսկ պատճառով անհամեմատ էժան է բենզինի մաքսազերծման գնից: Մեզ հասած տեղեկություններով՝ նման եղանակով ավիավառելիքը ՀՀ-ում վերավաճառվել է «Մաքս գրուպ» եւ «Ֆլեշ» ընկերությունների միջոցով, այսինքն՝ այն կազմակերպությունների, որոնք անմիջական կապ ունեն Սերժ Սարգսյանի եւ նրա փեսայի հետ: Ի դեպ, մեզ հայտնի է դարձել նաեւ, որ նույն «Մաքս գրուպը» նույնպես ներմուծել է ավիակերոսին՝ օդանավակայանին վերավաճառելու նպատակով: Եվ այստեղ հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս է հնարավոր նման գործընթացներ ՀՀ-ի ամենակարեւոր օբյեկտներից մեկում առանց նախկին եւ ներկա պաշտոնյաների իմացության եւ հնարավոր հանցավոր անգործության»:


«168 ժամ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է կտրուկ ավելացնել գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը։ Դրանով ակնկալվում է սպառողների հաշվին փոխհատուցել բյուջեի այն ֆինանսական կորուստները, որոնք կառաջանան բարձր եկամուտներ ունեցողների համար եկամտային հարկի նվազեցման հետեւանքով։ Չնայած դեռ հարց է, այդպես կլինի՞, թե՞ ոչ։ Ակցիզային հարկի բարձրացումից բյուջեի մուտքերի ավելացումն այնքան էլ միանշանակ չէ։ Ոլորտում գործող ընկերություններն ահազանգում են, որ դա չի արդարացնի ակնկալիքները։ Ընդհակառակը` կունենա տնտեսական ու սոցիալական լուրջ հետեւանքներ։ Այդ հետեւանքներին դեռ կանդրադառնանք։ Մինչ այդ խոսենք մի երեւույթի մասին։ Ակնհայտ է, որ կառավարությունն առայժմ ոչ մի կերպ չի կարողանում գլուխ բերել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, չնայած վարչապետի հռչակած տնտեսական հեղափոխության իրականացման ճանապարհին մեծ հույսերը են կապվում այս փաստաթղթի հետ։ Այն քննարկվում է արդեն շուրջ 9-10 ամիս, բայց այդպես էլ վերջնական տեսքի չի գալիս։ Ավելին, ինչքան երկար է ձգվում այս պրոցեսը, այնքան կառավարությունն ավելի ու ավելի է խճճում իրավիճակը։ Հաշվապահներին ու փաստաբաններին ավելացված արժեքի հարկով հարկելու անհաջող փորձերից հետո, հիմա էլ անցել են գազավորված ըմպելիքներ արտադրողներին։


Ոլորտում գործող ընկերությունները խուճապի մեջ են։ Նրանց կարծիքով՝ օրենսգրքի փոփոխություններով լուրջ վտանգներ են ստեղծվելու իրենց հետագա աշխատանքի համար։ Ու մինչ կառավարության պատասխանատուներն ակնկալում են հարկային բեռի ավելացման արդյունքում լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջե` ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչները խոսում են դրա հետեւանքով իրենց հետագա գործունեության հետ կապված առաջացող ռիսկերի մասին։ Խնդիրը նոր փոփոխությունների մեջ է, որն առաջարկում է կառավարությունը։ Եթե սկզբում նախատեսված էր ակցիզային հարկով հարկել միայն այն գազավորված ըմպելիքները, որոնց 100 գրամում պարունակվում էր 5 եւ ավելի գրամ շաքար, ապա այժմ որոշվել է դա տարածել գրեթե բոլորի վրա։ Բացառություն է արվել միայն հանքային ջրերի համար։ Այս քայլով կառավարությունը փորձել է լուծել զուտ ֆիսկալ խնդիր. մի կողմից՝ ընդլայնել է հարկման դաշտում ընդգրկվող ապրանքների ցանկը, մյուս կողմից` թեթեւացրել է հարկային մարմնի գործը։ Կարեւոր չէ, որ այդ ամենից տուժելու են արտադրողներն ու սպառողները։ Այդ խնդիրը կարծես այնքան էլ չի հուզում կառավարությանը։ Մինչդեռ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի ավելացումը նշանակում է, որ այդ ապրանքները նույնքան կտրուկ թանկանալու են։ Խոսքը գների շուրջ 30 տոկոս բարձրացման մասին է»: