25.11.2024
Համաշխարհային բանկը պատրաստում է ՀՀ հետ առաջնահերթությունների ռազմավարական փաստաթուղթ
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Բաքվում հակահայկական միջոցառումը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:


ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին:


Ալեն Սիմոնյանը երկու երկրների միջպետական հարաբերությունների համատեքստում ընդգծել է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցության դերը՝ հավաստիացնելով, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն իր համանախագահությամբ կշարունակի արդյունավետ աշխատանքը:


Բարեկամ ժողովուրդների հարաբերությունների առավել խորացման հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորել է դեսպանի գործուն մասնակցությունն ու աջակցությունը՝ համագործակցելու պատրաստակամություն հայտնելով:


Ալեն Սիմոնյանն իր մտահոգությունն է հայտնել ռուսաստանցի որոշ գործընկերների՝ փետրվարի 26-ին Բաքվում կազմակերպված հակահայկական միջոցառման մասնակցության առնչությամբ:


Ռուս-հայկական քաղաքական օրակարգի առաջմղման գործում կողմերն ընդգծել են միջխորհրդարանական հարաբերությունների առկա մակարդակի կարեւորությունը եւ առաջիկայում հանդիպումներն ու քննարկումները հաճախակի դարձնելու պայմանավորվածություն ձեռք բերել:


Նույն օրը դեսպանի հետ հանդիպում է անցկացրել նաև  ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:


Նա կարեւորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, խոսել միջխորհրդարանական հարթակներում, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում փոխգործակցության խորացումից:


Զրուցակիցները ընդգծել են երկու երկրների խորհրդարանական նույնանուն հանձնաժողովների միջեւ համագործակցության սերտացման, շփումների աշխուժացման ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումների իրականացման կարեւորությունը:


ԱԺ փոխնախագահը հետաքրքրվել է դեսպանատան կողմից կազմակերպվող միջոցառումների եւ իրականացվող ծրագրերի վերաբերյալ, ինչին ի պատասխան Սերգեյ Կոպիրկինը պատմել է առաջիկայում իրականացվելիք բազմաբնույթ միջոցառումների մասին: