Ուսումնասիրվում է ապագայում նոր ատոմակայանի կառուցման հարցը. փոխվարչապետ
Մարտի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին միջուկային էներգիայի հարցերով խորհրդական, Ֆրանսիական միջուկային էներգիայի հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Գորբաչևը և ֆրանսիական ORANO (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ:
Հանդիպմանը ներկա էր նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Զրուցակիցները քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունները: Փոխվարչապետն այս առումով ասել է, որ Հայաստանը կարևորում է երկրի էներգետիկ արտադրական կարողությունների մեջ Մեծամորի ատոմակայանի ունեցած դերը և շարունակելու է զարգացնել միջուկային էներգետիկան: Նա նաև հավելել է, որ այժմ ուսումնասիրվում են ապագայում նոր ատոմակայանի կառուցման և այդ նախագծում օտարերկրյա գործընկերների ներգրավման հարցերը:
Կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես արտադրական, հետազոտության և մշակումների, մասնագիտական փոխանակումների ու կրթական ծրագրերի ուղղություններով: