VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած դեռ 1 տարի կա Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին (նույն օրն են կայանալու), կուլիսներում կրքերը եռում են։ Ղարաբաղյան մեր աղբյուրից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Բակո Սահակյանը սպասվածից շուտ հրաժարական տա, եւ դա է շիկացնում իրավիճակը։ «Երբեք՝ թեւերը կկապենք, չենք թողնի, լուրջ ճգնաժամ կառաջանա Ղարաբաղում։ Պարզապես հին կուսակցություններն օրինաչափորեն մեռնում են, նորերը ստեղծվում, դրա համար է հեռվից այդպես երեւում։ Դեռ մի քանի ամիս պետք է՝ վիճակը հստակվելու համար»: Սամվել Բաբայանն ինչո՞վ է զբաղված։ «Գյուղերով շրջում է, փորձում է հասկանալ իրավիճակը, իր շանսերը»: ԼՂ իշխանություններն ո՞ւմ վրա կդնեն «ստավկան»։ «Դեռ պարզ չէ, այս պահին՝ ոչ մեկի։ Հիմնական մրցակցությունն Արայիկ Հարությունյանի ու Վիտալի Բալասանյանի միջեւ է, չնայած Ղուլյանն էլ կա։ Բակո Սահակյանը, հավանաբար, կստանձնի արբիտրի դեր, չնայած ամեն ինչ կախված է իրավիճակից, սահմանին զարգացումներից։ Հնարավոր է անգամ տանդեմով հանդես գան․ մեկը՝ նախագահ, մյուսը՝ պետնախարար։ Շատ բան հասկանալի կդառնա աշնանը»:
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում, ինչպես հայտնի է, ուժերի վերադասավորման ու դիրքավորման գործընթացներ են սկսվել 2020թ. ընտրություններին ընդառաջ: «Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար, Սամվել Բաբայանի՝ ԱՀ նախագահի պաշտոնում առաջադրման ցանկությունը որոշակի խառնաշփոթ է ստեղծել Արցախի ընդդիմադիր ուժերի դաշտում, քանի որ Բաբայանի անձի հանդեպ վերաբերմունքը, մեղմ ասած, միանշանակ չէ: Օրինակ, Հադրութի շրջանում տարբեր պաշտոններ զբաղեցրած Վահան Բադասյանը նույնիսկ հայտարարել է, որ Բաբայանին ընդդիմություն չի համարում՝ ակնարկելով իշխանության հետ որոշակի հարաբերությունների միտումների մասին: Իր հարցազրույցներում նա վերջերս հիշեցրել է, որ ժամանակին իրենք 7-8 տարի պայքարել են «Սամվել Բաբայանի դիկտատուրայի դեմ»: Թերթի տեղեկություններով, «Սասնա ծռեր» կուսակցության որոշ համախոհներ ևս իրենց հերթին, դեռևս ոչ պաշտոնապես, տարբեր զրույցներում էական վերապահումներ են արտահայտում 90-ականներին Սամվել Բաբայանի վարքի ու գործունեության առումով: Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ վերջերս Սամվել Բաբայանն ինքն էլ էր հայտարարել, որ չի շփվում Ժիրայր Սեֆիլյանի հետ, որովհետև Արցախի հարցում մոտեցումների հակասություն ունեն: Արցախի մեր աղբյուրները նշում են, որ առաջիկայում հայտարարություններ կանեն նաև այլ գործիչներ, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված գեներալ Միհրան Պողոսյանն էկզոտիկ մրգերի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող նոր ընկերություն է ստեղծել: Խոսքը «Մրգենի» ՍՊԸ մասին է, որը, ըստ պետական ռեգիստրի, ստեղծվել է 2018թ. հուլիսի 27-ին, իսկ հիմնադիրն է Լեւոն Աթաջանյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Մրգենի» ընկերությունը մրգի տեղափոխումը իրականացնում է «Քեթրին գրուպ»-ի մեքենաներով: Հիշեցնենք, որ «Քեթրին գրուպին» 25 մլն դրամ պարտքը չվճարելու պատճառով սնանկ ճանաչելու համար վերջերս դատարան էր դիմել միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Ալիանս Լոջիսթիք» ընկերությունը: Այս երեւույթը հայաստանյան իրականության մեջ այլեւս նոր չէ, քանի որ երբ մի ընկերությունը սնանկանում է, ապա սեփականատերը հանձն է առնում նորը բացելու գործը: Համացանցում առկա չեն «Մրգենի» ընկերության կոնտակտները, հետեւաբար այս տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Քեթրին գրուպ»-ի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած երեկ մեկնարկած յոթերորդ գումարման խորհրդարանի օրակարգում ընդամենը 5 քննարկվող հարց էր ընդգրկված, ու պատգամավորները թեթև ռեժիմով էին աշխատում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նրանց գերլարված օրեր են սպասվում. ԱԺ արտահերթ նիստերի պակաս չի լինելու: Բանն այն է, որ մոտ 50 նախագիծ է առկա Ազգային ժողովի նիստերի օրակարգ չընդգրկված նախագծերի ցանկում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դրանց մի մասը՝ պատգամավորների ներկայացրածները, դեռևս չունի կառավարության եզրակացություն, իսկ մի մասն էլ, որոնք արդեն կառավարության կողմից են ներկայացված, դեռևս քննարկում չեն անցել մշտական հանձնաժողովներում և այդ պատճառով ընդգրկված չեն այս նիստի օրակարգում: Միևնույն ժամանակ, տեղեկացանք, որ կան նախագծեր, որոնք կառավարության կողմից ճանաչվել են անհետաձգելի, և քանի որ այս նստաշրջանի օրակարգ չեն ընդգրկվել, առաջիկայում տեղի կունենա նաև արտահերթ նիստ դրանք քննարկելու համար»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքում: ԼՀԿ-ն առաջարկում է փոխհատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, ում առողջական վիճակը վատթարացել է «զինվորական ծառայության ընթացքում և պատճառով»: Սա շատ կարևոր փոփոխություն է, որովհետև շատ դեպքերում զինծառայողները զրկվում են փոխհատուցումից միայն այն պատճառաբանությամբ, որ առողջական վիճակի վատթարացումը կապ չունի մարտական գործողությունների հետ, մինչդեռ զինվորի ծառայությունը միայն մարտական գործողությունները չեն»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ Տիգրան Ավինյանը հանդիպել է չինական «ԱՎԻԿ» հոլդինգի ներկայացուցիչների հետ և քննարկել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման հարցում այդ ընկերության ներգրավվածության հարցը: Հրապարակված լուսանկարներում երևում է նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Մեր տեղեկություններով՝ Բագրատյանը խորհրդատվական ծառայություններ է մատուցում չինական ընկերությանը և այդ հանդիպմանը մասնակցել է որպես այդ ընկերության ներկայացուցիչ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կողմից նախաձեռնված Հայ սպաների միություն ստեղծելու նախաձեռնությունը այդպես էլ կմնա չիրականացած: Եթե սկզբնական շրջանում այդ գաղափարին աջակցում էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ապա այժմ նա անտարբեր է դարձել: Այս նախաձեռնությանը սկզբնական շրջանում աջակցելու պատրաստակամություն էին հայտնել Սփյուռքում գտնվող տարբեր հայ պաշտոնաթող սպաներ, սակայն նրանց մոտ առկա ոգեւորությունը եւս սառել է՝ կապված Հայաստանում ընթացող պրոցեսների հետ, որոնք Սփյուռքում ոչ միանշանակ են ընդունվում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ 1 տարի է՝ խոսվում է, որ բենզինի ներկրումն այլեւս ազատ է, սակայն նոր խոշոր ներկրողներ դեռ չկան։ Կան մտադրություններ․ ղազախական մի ընկերություն, Խաչատուր Սուքիասյանն է սկսել ներկրել։ Իսկ նախկիններից ոմանք հետ են քաշվել՝ Բ․Բեգլարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ընտանիքը։ Վերջինս, ըստ լուրերի, դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի հորդորով»։
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցը սպասվածին հակառակ փոքր-ինչ միապաղաղ է անցել: Բանն այն է, որ եվրոպական քաղաքական վերնախավը պատրաստվում է մայիսյան ընտրություններին, բոլոր կուսակցություններն ու քաղաքական դեմքերն իրենց ուժերը գեներացրել են ընտրական գործընթացների նախապատրաստական աշխատանքներին: Մյուս կողմից՝ Եվրահանձնաժողովն ամփոփում է իր աշխատանքները, Եվրախորհրդի պառլամենտականները զբաղված են նախընտրական քարոզչությամբ: Այդ իսկ պատճառով, նույնիսկ իշխանական շրջանակներում կարծիք կա, որ Բրյուսել մեկնելու ամենապատեհ պահը չէր, առավել եւս, որ շատ լուրջ օրակարգ եւ փաստաթղթերի փաթեթներ հրատապ քննարկելու անհրաժեշտություն չկար: Ըստ տեղեկությունների, տեղում իրավիճակը փորձել է փրկել Զոհրաբ Մնացականյանը, ով 2013 թվականի եվրոասոցացման պայմանագրի նախապատրաստական փուլում էական դերակատարություն է ունեցել, եղել է հիմնական բանակցողը եւ որոշակի կապեր ունի: Անկարեւոր չէ նշել, որ այցը կայացել է հայաստանյան կողմի նախաձեռնությամբ: Բայց եթե անցյալ տարվա հունիսյան այցը Բրյուսել իսկապես կարելի է բավականին հաջողված համարել՝ նաեւ հաշվի առնելով հեղափոխության «թարմությունը», ապա ինն ամիս անց որոշակի սառնություն եւ անհանգստություն կա եվրոպաշտոնյաների շրջանում: Իսկ անհանգստությունն այն է, որ ինչքան էլ Փաշինյանը գովում է ԵՄ-ՀՀ համաձայնագիրը, վերջինիս կյանքի կոչման ուղղությամբ էական քայլեր դեռեւս չեն նշմարվում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 13-14-ին Հայաստան է այցելելու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Այցը պաշտոնական է, երկօրյա, օրակարգը հագեցած` ավանդական այց Ծիծեռնակաբերդ, հանդիպումներ երկրի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, կաթողիկոսի հետ: Զուրաբիշվիլու տարածաշրջանային առաջին այցը դեպի Ադրբեջան էր, այժմ պարիտետն է պահպանում։ Բայց մեզ ասացին, որ այցի հրավերն ուղարկել է Արմեն Սարգսյանը: Ի դեպ, Ադրբեջանում տիկինը բավականին հետաքրքիր հայտարարություն արեց երկու երկրների միանման ճակատագրի` «օկուպացիայի»-տարածքային ամբողջականության մասին։ Մենք հետաքրքրվեցինք՝ գուցե Հայաստանում կսրբագրվի՞ ասվածը։ «Շատ բաներից կխոսվի, անշուշտ. բոլոր դեպքերում չմոռանանք, որ Վրաստանի այսօրվա նախագահը եղել է նաեւ ԱԳ նախարար, դիվանագիտական մաներային լավագույնս տիրապետող անձ»։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ որոշ պատգամավորներ մտադիր են հանդես գալ հայտարարությամբ՝ առաջարկելով Երևանի ավագանուն փոխել դեռևս 2015թ. ընդունված որոշումը, ըստ որի՝ Երևանի գեղասահքի դպրոցն անվանակոչվել էր ռուս հայտնի գեղասահորդուհի Իրինա Ռոդնինայի անունով: Սրա պատճառը Ռոդնինայի այցն էր Բաքու և նրա տված սրտաճմլիկ հարցազրույցը հայերի կողմից իբրև թե իրագործված վայրագությունների մասին: Ընդհանրապես որևէ մարդու, առավել ևս օտարերկրացու անունով ինչ-որ բան արժի անվանակոչել միայն նրա մահից հետո, երբ նրա գործունեությունն ու կենսագրությունը ամբողջացել է»:
«Փաստ» թերթը գրում է. «Երկու օր է՝ շատերի ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Կարեն Բրուտյանը: Այս անգամ՝ ոչ պարգևատրումների հարցով: Բանն այն է, որ list.am կայքում Բրուտյանը հայտարարություն է տեղադրել` բնակարանը վաճառելու մասին: Խոսքը 6 սենյականոց, 176 քմ տարածքով բնակարանի մասին է: Օգտատերերից շատերը կատակում էին, թե երկրում իրավիճակ է փոխվել՝ պաշտոնյաներն սկսել են տները վաճառել: Ի դեպ, մենք փորձեցինք Բրուտյանի հայտարարագրից պարզել, թե արդյո՞ք սա նրա միակ բնակարանն է, թե՞ բնակարաններից մեկը: Պարզվեց՝ Բրուտյանը չի ներկայացրել ոչ միայն պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, այլև պաշտոնատար անձի՝ 2018 թ. տարեկան հայտարարագիրը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Լուրեր կան, որ դիալիզի բիզնեսի գործով մեղադրվող ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանին եւ եղբորը ՊՎԾ-ում պաշտոն ստանալու հարցում Դուք եք օգնել․ երեկ մեր լրագրողը հարցրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՊՎԾ պետի նախկին տեղակալ Հայկ Սարգսյանին։ «Ես որեւիցե մեկին աշխատանքի չեմ տեղավորել»։ Ճանաչո՞ւմ եք նրանց։ «Ոչ»։ Հայկ Սարգսյանն ասել է, որ Ադյան եղբայրներն իր կուրացիայի տակ չեն աշխատել, ինքը կդժվարանա կարծիք հայտնել։ Հիշեցնենք, որ օրերս ԱԱԾ-ն ձերբակալեց ՊՎԾ վերահսկողական վարչության բաժնի պետ Սամվել Ադյանին եւ եւս 2 հոգու, որոնք կասկածվում են կահույքի բիզնեսով զբաղվող «Զորաշեն» ընկերությանը դիալիզի ոլորտում ներդնելու մեջ։ Ի դեպ, ըստ լուրերի, «Զորաշենն» իրականում պատկանում է կալանավորված Ադյանին․ նրա մեքենայից դիալիզի ապարատներ են հայտնաբերվել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը զգալի նվազել է. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Պարզվում է, որ անցած տարի, 2017 թվականի համեմատ, իրանցի զբոսաշրջիկների թիվը պակասել է 44.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրանցի զբոսաշրջիկները վերջին երկու տարիներին նախընտրում են հանգիստն անցկացնել Վրաստանում, քան Հայաստանում, քանի որ այնտեղ ծառայությունները ավելի մատչելի են: Փոխարենը 76.7 տոկոսով ավելացել է Թուրքիայից ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը. սա տոկոսային առումով միգուցե մեծ թվա, բայց բացարձակ թվով քիչ քանակի մասին է խոսքը: Նկատենք, որ Ռուսաստանից ՀՀ եկող զբոսաշրջիկների քանակը ևս աճել է 20.5 տոկոսով: Ավելացել է նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Նիդերլանդներից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը»