25.11.2024
Այս ստատուս-քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել. Դոնալդ Տուսկ
prev Նախորդ նորություն

Սա ուղղակի քաղաքական դաշտը ապականելու հերթական քայլ է․ Գորգիսյանը՝ վարչապետին

Եթե վարչապետը պնդում է, որ կան նման մարդիկ քաղաքական դաշտում, ապա ԱԱԾ-ն պետք է գնա այդ մարդկանց հետեւից։ Այս մասին մարտի 5-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:


Նա այսպես անդրադարձել է Իրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում չպետք է լինեն պաշտոնյաներ, որ ավելի շատ միջազգային գործակալ են հիշեցնում:


Նրա խոսքով, ԱԱԾ-ն պետք է ոչ միայն գնա նման մարդկանց հետեւից, այլեւ պետք է հրապարակայնացի արդյունքները։


Հարցին՝ անձամբ հասկանո՞ւմ է, թե վարչապետն ում նկատի ուներ, երբ խոսեց գործակալներից, Գորգիսյանը նշեց, թե դժվարանում է պատասխանել՝ ում կարող էր ակնարկել վարչապետը. «Եթե պարոն վարչապետի ձեռքում կոնկրետ անձանց նկատմամբ կան կոնկրետ փաստեր, կարծում եմ՝ ճիշտ կլինի դրանք փոխանցել համապատասխան մարմիններին եւ սկսել համապատասխան գործընթաց, հակառակ դեպքում՝ սա ուղղակի քաղաքական դաշտը ապականելու հերթական քայլ է, որը, մեղմ ասած, ողջունելի չէ», - շարունակեց Գեւորգ Գորգիսյանը։


Ինչ վերաբերում է հարցին՝ վարչապետի խոսքը խորհրդարանակա՞ն, թե արտախորհրդարանական ընդդիմությանն էր ուղված, պատգամավորը պատասխանեց. «Չգիտեմ, այդ հարցը պետք է ուղղեք վարչապետին։ Եթե կան փաստեր, դրանց պիտի հաջորդեն գործողություններ, եթե չէ, սա ուղղակի բամբասանքի բարձրաձայնում է»։


Լրագրողի մեկ այլ հարցին՝ պահանջելո՞ւ են արդյոք անուններ հնչեցնել, նշեց, որ դրա կարիքը չի տեսնում. «Կա ԱԱԾ, որ պետք է զբաղվի այդ գործերով: Ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով: Եթե վարչապետը պնդում է, որ կան նման անձիք, ուրեմն ԱԱԾ-ն պետք է գնա նրանց հետևից և հրապարակայնացնի բոլոր արդյունքները»: