Արգելակման ուղին կազմել է 393 մետր․ Էլեկտրագնացքը բախվել է ավտոմեքենայի. ՀԿԵ պարզաբանումը
Մարտի 1-ին՝ ժամը 15:16-ին, փորձարկումներն անցնող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, Գյումրիից Երևան վերադառնալիս բախվել է երկաթուղային գծերի վրա հայտնված ավտոմեքենային: Ընկերությունը հայտնում է, որ գնացքը վարում էր մեքենավարը՝ մեքենավար-հրահանգչի ուղեկցությամբ:
«Ավտոմեքենայի վարորդը չէր արձագանքում էլեկտրագնացքի վազմաթիվ զգուշացնող ձայնային ազդանշաններին: Հետագայում վարորդը բացատրեց, որ փորձում էր հատել գծերը չթույլատրված վայրում»,- գրված է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Արտակարգ արգելակման ժամանակ գնացքի արագությունը կազմել է 83 կմ/ժ (տվյալ հատվածում թույլատրվող արագությունը կազմում է մինչև 90 կմ/ժ), արգելակման ուղին կազմել է 393 մետր:
«Չնայած արգելակմանը, բախումն անխուսափելի էր: Արդյունքում ՀԿԵ-ին հասցվել է նյութական վնաս, որի չափն այս պահին ճշտվում է»:
Հարավկովկասյան երկաթուղին կրկին հիշեցնում է, որ երկաթուղին հանդիսանում է վտանգավոր գոտի և կոչ է անում լինել առավել ուշադիր և զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: «Անփույթ վարորդի կամ հետիոտնի համար հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգնել: Արտակարգ արգելակման դեպքում ուղևորատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ առավելագույնը 1 կմ»,- եզրափակում է ընկերությունը: