ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել, որտեղ կարևոր շեշտադրումներ կան իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին:
Տեր-Պետրոսյանը շեշտում է, որ ինքն որևէ կապ և ազդեցություն չունի Փաշինյանի վրա՝դրանով մի քանի կարևոր մեսիջներ հղելով:
Նախ՝Տեր-Պետրոսյանը հասկանալով, որ հասարակության շրջանում ինքը շատ բացասական կերպար է ընկալվում՝90-ական թթ.-ի մութ ու ցուրտ տարիների, ՀՀՇ-ի իշխանության տարիների բազմաթիվ բացթողումների՝տնտեսական, արտագաղթ, կոռուպցիա և այլն, փորձում է տարանջատել Նիկոլ Փաշինյանին՝իր թիմից և անձամբ իրենից, դրանով բարձրացնելով Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ու սրբագրելով Փաշինյանի ու ՀԱԿ-ի համագործակցության էջը:
Առաջին նախագահը ցանկանում է Փաշինյանի, որպես անկախ քաղաքական գործչի դերն ու նշանակությունը բարձրացնել ու շեշտել, որ Նիկոլ Փաշինյանի որոշումների ընդունման վրա ինքն ոչ մի ազդեցություն չի ունենում: Դրանով փորձելով իր, որպես գորշ կարդինալի մասին լուրերը չեզոքացնել:
«Եթե ոմանց կարծիքով Փաշինյանին հնարավոր է ուղղորդել խորհուրդներով կամ նրան ինչ-որ բան թելադրել, նրանք կամ չարաչար սխալվում են, կամ ընդհանրապես այդ մարդուն չեն ճանաչում, կամ էլ նրա մասին դատում են սեփական հակումներով։ Ես Փաշինյանից ավելի անկախ եւ ինքնաբավ մարդու չեմ հանդիպել»,-նշել է Տեր-Պետրոսյանը։
Տեր-Պետրոսյանը, փաստորեն, սկսել է զբաղվել Նիկոլ Փաշինյանի PR-ով, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանն ու իր թիմն ունեն լուրջ խնդիրներ՝թե երկրի ներսում հասարակության հիասթափության ֆոնին վարկանիշի անկման, թե արտաքին՝Ադրբեջանի կողմից վերսկսված ռազմական հռետորաբանություն ու ղարաբաղյան գործընթացում անհասկանալի իրավիճակ:
Այդ պատճառով, Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին նաև ցանկանում է զերծ պահել ղարաբաղյան հարցում ՝իր հետ հնարավոր զուգահեռներից:
Առաջին նախագահը նշում է, որ Փաշինյանը չի իրականացնում՝ղարաբաղյան հարցի կարգավորման տերպետրոսյանական կոնցեպցիան՝դրանով փորձում ամրապնդել Փաշինյանի վարկանիշը հասարակության շրջանում՝Փաշինյանը հողեր հանձնող չէ բանաձևով:
ՀՀ առաջին նախագահը նաև կարևոր մեսիջ հղեց՝խորհրդարանական կառավարման մոդելի կապակցությամբ նշելով, որ իրենք դեմ էին խորհրդարանական մոդելին և սահմանադրությունը փոխվել էր, որպեսզի Սերժ Սարգսյանը մնար իշխանության:
«Գաղտնիք չէ, որ անցումը խորհրդարանական կառավարման համակարգին ոչ թե Հանրապետականի եւ նրա դաշնակից կուսակցությունների սկզբունքային մոտեցման արտահայտությունն էր, այլ նախկին Սահամանադրությամբ Սերժ Սարգսյանի երրորդ անգամ ընտրվելու արգելքի հաղթահարման ձգտումը։ Գաղտնիք չէ նաեւ, որ այդ Սահմանադրությունը կարված էր բացառապես վերջինիս համար։ Եթե Սահմանադրությունը չփոխվեր եւ անցկացվեին նոր նախագահական ընտրություններ, ապա քոչարյանա-սարգսյանական վարչախմբի դեմ կուտակված համաժողովրդական ատելության մթնոլորտում, միեւնույն է, նախագահ էր ընտրվելու Նիկոլ Փաշինյանը, քանի որ դա նրա աստեղային ժամն էր եւ գործող իշխանությունը երկրորդ «Մարտի 1» չէր կարող անել»,-նշել է Տեր-Պետրոսյանը։
Այստեղ, սակայն, Տեր-Պետրոսյանը կրկին պաշտպանելով ու PR անելով Նիկոլ Փաշինյանի մեկ կարևոր բացթողում է կատարում:
Եթե Սերժ Սարգսյանն երրորդ անգամ չփորձեր ընտրվեր՝այս անգամ փոխելով սահմանադրությունն ու դառնալով վարչապետ ու ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն լիներ և հետագայում ևս մնար Կարեն Կարապետյանը, ապա ոչ մի հասարակական դժգոհություն կամ այսպես կոչված թավշյա հեղափոխություն չէր լինի:
Այսինքն, եթե Սերժ Սարգսյանը հեռանար՝մնալով միայն ՀՀԿ նախագահ, իսկ վարչապետ մնար ու շարունակեր պաշտոնավարել Կարեն Կարապետյանը, ապա Նիկոլ Փաշինյանն ոչ մի շանս չուներ դառնալու ՀՀ վարչապետ՝ՀՀ-ի հասարակությունը դուրս էր եկել մերժելու Սերժ Սարգսյանին՝ով խոստացավ այլևս երբեք չդառնալ նախագահ կամ վարչապետ, սակայն կրկին անգամ եկավ իշխանության՝առաջացնելով հասարակության մեծ դժգոհություն կամ պայթուն՝ինչից էլ օգտվեց ու հասարակական շարժումը գլխավորեց Նիկոլ Փաշինյանը:
Կարեն Կարապետյանը մնալով վարչապետի պաշտոնում և ունենալով ՀՀԿ-ի մեծամասնությունը թե խորհրդարանում, թե մարզերում ու քաղաքներում՝բոլոր մարզպետներն ու քաղաքապետերը ՀՀԿ-ական էին, կշարունակեր պաշտոնավարեր, իսկ Նիկոլ Փաշինյանը կմնար ԱԺ պատգամավոր:
Բացի այդ, Տեր-Պետրոսյանն իր հոդվածի վերջում կրկին անգամ սլաքներն ուղղում է նախին ռեժիմին ու տողատակով մեղադրում Ռոբերտ Քոչարյանին՝հզոր մեդիառեսուրսներով Նիկոլ Փաշինյանի դեմ աշխատելու և Լևոն Տեր-Պետրոսյանին ու Նիկոլ Փաշինյանին միմյանց կապելու փորձերի մեջ:
Դրանով Տեր-Պետրոսյանը ցույց է տալիս, որ մարտի 1-ի հետ կապված Քոչարյանի ձերբակալությունն իր սրտով է և նա այդ հարցում լիովին Նիկոլ Փաշինյանի կողքն է ու նրանք այդ հարցում համախոհներ են՝Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից մեկուսացնելու ու բանտարկելու մտադրությունում: Պատահական չէ, որ Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի գործով միայն հարցաքննվեց վկայի կարգավիճակում: