Ստեփանակերտում վաղը կկայանա Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս տեղեկությունը հաստատում են կառավարությունից:
Նշենք, որ շաբաթ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ հանդես են եկել հայտարարությամբ, որը Երևանում և Ստեփանակերտում լուրջ անհանգստություն է առաջացրել: Համանախագահները, ըստ էության, հստակ ձևակերպեցին այն ուղերձը, որ բանակցային ձևաչափը չի փոխվելու: Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը հենց այս թեզն էր առաջ քաշում, որ ձևաչափը պետք է փոխվի, բանակցային սեղան վերադառնա Արցախը, քանի որ ինքը չի կարող բանակցել Ստեփանակերտի անունից:
Փորձագիտական շրջանակներից անգամ հնչում է կարծիք, որ նման, մեղմ ասած, հայկական շահերի տեսանկյունից ոչ բարեհաճ հայտարարությունից հետո Փաշինյանը Ալիևի հետ հանդիպման չպետք է մեկնի, քանի որ բացահայտ խոսվում է տարածքների վերադարձի մասին: Եվ պատահական չէ, որ պաշտոնական Բաքուն ողջունեց այս հայտարարությունը: Մինչդեռ Երևանը, անգամ ԱԱԾ տնօրենի շուրթերով, բազմիցս հայտարարել է, որ «մենք ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, այլ ընդհակառակը, մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»:
Այս ամենի ֆոնին ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը իր ծավալուն հայտարարության մեջ անդրադարձ չի կատարում այն փաստին, որ Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է սկսել, որոնց մասնակցում են անձնակազմի մինչեւ 10 հազար զինծառայողներ, մինչեւ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմեքենաներ եւ հատուկ տեխնիկա, մինչեւ 300 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայանքներ, համազարկի կրակի եւ ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչեւ 20 միավոր տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիա:
Ակնհայտ է, որ իրավիճակը Արցախի շուրջ թեժանում է:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի կարծիքով, Մինսկի խմբի հայտարարությունը առ այն, որ հետ ենք գնում մինչև 2009-2012 բանակցային իրավիճակ նշանակում է, որ Վիեննան, Սանկտ-Պետերբուրգը, այսինքն հայկական կողմի հիմնական ձեռքբերումները 2012 թվականից այս կողմ, այլևս ակտուալ չեն։
«Այսինքն, երեք տարի անց Ադրբեջանին հաջողվեց մարսել Ապրիլյան պատերազմը»,- նշում է նա՝ հավելելով, որ Ադրբեջանի մասշտաբային չհայտարարված ու չզգուշացված զորավարժությունները ևս մեկ անգամ մեզ պիտի հիշեցնեն այդ մասին։
ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ վտանգավոր միտումներ է տեսնում համանախագահների հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ այն մտահոգիչ կետեր է պարունակում և խոսքը հատկապես Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները Ադրբեջանին վերադարձնելու կետի մասին է.
«Հայտարարության մեջ մտահոգիչ կետեր կան, մասնավորապես, այն մասով, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում: Միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունը, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում: Մեր ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, բայց դրան ևս մեկ անգամ անդրադառնալու կարքի կա», - վստահ է պատգամավորը:
Իվետա Տոնոյանի խոսքով՝ Արցախի հետ կապված որևէ հարց չի կարող քննարկվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության:
Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն իր հերթին հիշեցրեց, որ Արցախի՝ բանակցային և հակամարտության կողմի կարգավիճակը, որոշվել է ԵԱՀԿ-ի կողմից 1994 թվականին Բուդապեշտի գագաթաժողովի ժամանակ: Այսինքն, այստեղ որևէ տարաձայնություն և մեկնաբանություն չի կարող լինել, սա օրենք է, իրավական փաստաթուղթ, որն ընդունվել է:
«Պարզպես խեղաթյուրված ձևաչափով է գնում գործընթացը և սա նաև հակասում է ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերին. պարադոքսը սրա մեջ է: Բայց հասկանալով, որ ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներ կան, շատ ավելի գերադասելի է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը, երկխոսության շարունակականության ապահովումը: Ավելի լավ է բանակցությունները, երկխոսություններն այսպիսի՝ ոչ լիարժեք ձևաչափով ընթանան, քան տապալվեն և այլ իրավիճակ ստեղծվի»,- հայտարարեց Բաբայանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունների, Բաբայանը նշեց, որ դրանց ժամանակ Արցախի բանակն ամենաբարձր պատրաստության աստիճանի է բերվել:
«Առաջին անգամ չէ, երբ ադրբեջանական կողմը նման ձևով փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Այս պայմաններում հայկական կողմից հակազդեցությունը լինում է մի քանի ճակատով՝ քաղաքական ու ռազմական։ Այնպես, որ Բաքվի բոլոր այդ փորձերը ապարդյուն են»,- հավելեց նա:
Բայց այն, որ հայկական կողմը վերջին իրադարձությունների ֆոնին մտահոգվելու տեղ ունի միանշանակ է: