VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ըստ ԱԳՆ մեր աղբյուրների, Վաշինգտոնը չեղարկել է Զոհրաբ Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ, որի ուղղությամբ տեւական ժամանակ է՝ աշխատում էին մերոնք։ Մեր աղբյուրը նշում է, որ այստեղ դերակատարում է ունեցել Բոլթոն-Փաշինյան հեռախոսազրույցը, որի ժամանակ Բոլթոնը հարցրել է՝ արդյոք Սիրիա առաքելություն ուղարկելու որոշումը վերջնական է եւ անբեկանելի՞, եւ դրական պատասխան է ստացել։ Թեեւ ԱԳՆ-ն փորձում է բոլոր խողովակներով հարթել իրավիճակը եւ մասնավորապես ստանալ պետքարտուղար Պոմպեոյի հետ Մնացականյանի հանդիպման հրավերը, սակայն առայժմ՝ ապարդյուն։ «Չի բացառվում, որ հայկական կողմը դիմի մեր լոբբիստների օգնությանը՝ այդ այցը կազմակերպելու համար։ Վաշինգտոնում մեր դեսպանն էլ մի լավ օրի չէ»,- ասաց մեր աղբյուրը։
«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական առօրյայում շատ է խոսվում այն մասին, որ այսօրվա իշխանություններն ունեն կադրային լուրջ խնդիր, շեշտվում է այն փաստը, որ չկա այդ լուրջ ռեսուրսը, որպեսզի կարողանան «փակեն» կարեւոր հաստիքները: Արդյունքում իշխանությունները հիմնականում ստիպված են հենվել հին կադրերի վրա, որոնք կա՛մ ՀՀՇ-ի, կա՛մ ՀՀԿ-ի օրոք լուրջ կարիերա են արել: Մասնավորապես, «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, ոչ միայն պաշտպանական եւ անվտանգության հարցերով, այլեւ իրավապահ համակարգի «կուրացիայի» առումով պատասխանատուն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է: Մեր աղբյուրները պնդում են, որ հենց նրա հետ են համաձայնեցվում ՀՔԾ-ում ու Գլխավոր դատախազությունում ընթացող փակ քննարկումները, հատկապես թե ում կանչեն հարցաքննությունների եւ ինչ ձեւաչափով: Թերթը պարզել է, որ Քոչարյանը հիմնական շեշտը դրել է հատկապես Մարտի 1-ի գործի տիրույթում ընթացող հարցաքննությունների վրա: Այս գործով ցանկացած հարց համաձայնեցվում է նրա հետ: Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը եղել է Մարտի 1-ի գործով դեռեւս 2008թ. նոյեմբերին ձեւավորված փաստահավաք խմբի անդամ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ի շուրջ տևական ժամանակ պահպանվող աղմուկի ֆոնին ՊԵԿ-ում ուշագրավ կադրային նշանակումներ ու «ռակիրովկաներ» են տեղի ունենում։ Մասնավորապես՝ հետբացթողումային վարչության պետ, ֆիննախի ԿՌՈՒ-ից Արման Զարգարյանը տեղափոխվել է սպասարկման վարչության պետ։ Նրա փոխարեն այս կարևորագույն մաքսային վարչությունը կգլխավորի երկու տասնամյակ հարկային-մաքսային գծով պաշտոնյա, փոխնախարար, վարչության պետ աշխատած Մանվել Եգանյանի փեսան` Արմեն Սաֆարյանը։ Սաֆարյանն Արարատյան մաքսատան պետի տեղակալն էր։ Եգանյանները, ի թիվս այլ պատմությունների, հայտնի են նրանով, որ ՀՀԿ խնջույքների մեծ մասը կազմակերպում էին իրենց «Օջախ» ռեստորանում։ Նրանց ներկայիս վերելքը պայմանավորված է այն հանգամանքով, որ բոլոր իշխանությունների և ամեն տեսակի փոփոխությունների ժամանակ շատ արագ և ճիշտ կողմնորոշվում են՝ ճիշտ ժամանակին հայտնվելով ճիշտ տեղում։ Եգանյանները Սերժ Սարգսյանի ռեժիմի վերջին օրերին «քայլել» են»:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Բավականին հետաքրքիր իրադրություն է առաջացել Ռուսաստան-Բելառուս տանդեմում: Եթե նկատեցիք` Սոչիում Պուտին-Լուկաշենկո 2 օր տեւած բանակցություններից ոչ մի արտահոսք չեղավ։ Միայն Բատկան հարցին` որքանո՞վ եք պատրաստ միավորվել Ռուսաստանի հետ, մեկ նախադասությամբ պատասխանեց․ «Այնքանով, որքանով պատրաստ են ժողովուրդները», այսինքն` պատրաստ չենք»,- արձանագրեց մեր աղբյուրը: Ինչքա՞ն կտեւի այդ սագան, չէ՞ որ դրանից կախված` ՀԱՊԿ քարտուղարի խնդիրը եւս մնում է օդում։ «Դե, հիմա Լուկաշենկոն սկսել է խաղեր տալ Արեւմուտքի հետ, Պուտինը համբերատար սպասում է. առջեւում Բելառուսի ընտրություններն են, եւ չի բացառվում, որ, Ուկրաինայի նման, Ռուսաստանը կտրուկ դնի` կա՛մ-կա՛մ»: Բելառուսի ՀԱՊԿ քարտուղարի թեկնածու Զասն ասել է` կարող են հարցը լուծել առանց կոնսենսուսի, առանց Հայաստանի։ «Հնարավոր չէ նման բան՝ դա կլինի կոնսենսուս «պա բելառուսկի»` ավանտյուրա, որովհետեւ առանց կոնսենսուսի հարցը լուծելու համար եւս կոնսենսուս է պետք՝ ՀԱՊԿ կանոնակարգն է այդպես պահանջում։ Այսինքն, Հայաստանը պետք է իր համաձայնությունը տա, որ այդ հարցն առանց իրեն լուծվի, իսկ Հայաստանը նման համաձայնություն երբեք չի տա։ Մինչեւ ապրիլ հարցը պարզ կլինի։ Ի դեպ, քննարկվում է նաեւ ՀԱՊԿ կանոնակարգը փոխելու հարցը, այդ թվում եւ գլխավոր քարտուղարի անսպասելի հրաժարականի եւ մյուս դեպքերի մասով, չի բացառվում՝ խնդրի լուծման գնան հենց այդ ճանապարհով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի ոդին՝ Լեւոն Քոչարյանը, կնոջ՝ Սիրուշոյի հետ օրերս այցելել է Լոս Անջելեսում գործող First steps՝ «Առաջին քայլեր» անվանումով մանկապարտեզ իրենց երեխաներին այնտեղ տեղավորելու հարցով: Ըստ մեր աղբյուրի՝ Քոչարյան կրտսերը պայմանավորվել է, որ առնվազն առաջիկա երկու ամիսներին երեխաները կայցելեն հենց այդ մանկապարտեզը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նավթամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ով ավելի հայտնի է Ֆլեշ Բարսեղ անունով, երեկ «ուրախալի» լուր է հայտնել հայ հանրությանը՝ ասելով, որ առաջիկայում բենզինի գները Հայաստանում թանկանալու են, քանի որ բենզինը միջազգային շուկայում թանկացել է: Բենզինի միջազգային գին, որպես այդպիսին, գոյություն չունի, կա նավթի համաշխարհային գին, եւ ամեն երկիր ինքն է որոշում, թե բենզինի վրա ինչ չափով հարկ կիրառի, եւ ըստ այդմ էլ ձեւավորվում է բենզինի գինը: Հայաստանում բենզինի հարկումը չի փոխվել: Նավթի համաշխարհային գները ոչ միայն չեն աճել, այլեւ նվազել են, օրինակ՝ եթե հոկտեմբերին այն արժեր 85 դոլար, ապա հիմա 65 դոլար է մեկ բարելի դիմաց: Ռուսաստանում եւս բենզինը էժանանում է. հունվարին բենզինի մեծածախի գինը էժանացել է 19,1 տոկոսով: Բենզինը էժանացել է նաեւ բենզալցակայաններում, թեեւ ոչ այդ չափով: Այսպիսով, պարզ է, որ Բարսեղ Բեգլարյանի սիրտը շատ փող է ուզում, եւ նա որոշել է դա աշխատել բենզինը թանկացնելու միջոցով»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ այցելել է խորհրդարան: Նա հանդիպել է իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Բացի այդ, ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպումներ է ունեցել ԱԺ այն մշտական հանձնաժողովների նախագահների հետ, որոնք «Իմ քայլը» խմբակցության անդամ են` Անդրանիկ Քոչարյան, Ռուբեն Ռուբինյան, Բաբկեն Թունյան, Արման Եղոյան, Վարազդատ Կարապետյան: Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ հանդիպումների այս շարքն ուշագրավ է մեկ առումով. օրեր առաջ Հայաստան էին ժամանել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորների խումբը` Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ, ու «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հենց Կալաշնիկովը խոստովանել էր. «ՌԴ-ում, չհասկանալով, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում, սկսում են հետեւություններ անել, խոսել լավ ու վատ սպասելիքների մասին: Մենք չենք կարող չիմանալ մեր գործընկերներին, նրանց պատկերացումները եւ այդ պատճառով էլ եկել էինք»: Այնպես որ, ՌԴ դեսպանի երեկվա հանդիպումները կարելի է համարել ռուս խորհրդարանականների այցի շարունակությունը: Սրանով կարծես դեսպանը փորձել է լրացնել վերջին ամիսների բացը` ավելի մոտիկից շփվելով իշխանության նոր ներկայացուցիչների հետ` հասկանալու նրանց տրամադրություններն ու ձեռք բերելու պայմանավորվածություններ: Այս առումով պատահական չէ, որ խորհրդարանում վերջերս ստեղծվել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, որի ղեկավարը ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն է, բայց ՌԴ դեսպանը նրա հետ չի հանդիպել. նրան հետաքրքրել են հենց իշխանության ներկայացուցիչները»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումը բավականին ակտիվ է անցել. պատգամավորները հարցախեղդ են արել Թորոսյանին, սակայն վերջինս շատ հպանցիկ պատասխաններ է տվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորներն այնքան էլ գոհ չեն մնացել նախարարի հետ հանդիպումից, քանի որ վերջինս ոչ մի հարցի հստակ չի պատասխանել, այլ մակերեսային եւ անգիր արած արտահայտություններ է արել՝ առանց հստակ, ծրագրային դրույթներ ներկայացնելու։ Հանդիպումը տեւել է մոտ մեկուկես ժամ: Եւ այդ ընթացքում նկատեցինք, որ պատգամավորները հաճախ էին դուրս ու ներս անում հանդիպման ժամանակ կամ, առհասարակ, դուրս էին գալիս եւ այլեւս ներս չէին վերադառնում, իսկ «ներսում հետաքրքիր չէ՞» հարցին ի պատասխան` բոլորն ասում էին, թե մի քանի րոպեով են դուրս եկել եւ հետ են գալու, սակայն շատերն այդպես էլ հետ չէին գալիս»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առողջապահության նախարարությունը հետին թվով հրավիրել է մի խումբ հայտնի օնկոլոգների՝ քաղցկեղի անվճար բուժման հետ կապված հարցերը քննարկելու։ Մասնակցել են Արմեն Տանանյանը, Նիկոլայ Դալլաքյանը, Արթուր Սահակյանը, Ռոբերտ Կուրղինյանը, Արմեն Ավագյանը, նախարարությունից՝ փոխնախարար Արսեն Դավթյանը եւ Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Բժիշկները խիստ քննադատության են ենթարկել հայտարարված ծրագիրը, ասել, որ այն իրատեսական չէ, եւ առնվազն սեպտեմբերին համակարգում կոլապս կառաջանա, քանի որ նախատեսված գնացուցակով հնարավոր չի լինի իրականացնել պետպատվերը։ Նրանք մատնանշել են, որ հսկայական հերթեր են գոյանալու, եւ սկսվելու է վիրաբույժների արտահոսք դեպի այն կլինիկաներ, որտեղ վճարովի են կատարվում վիրահատությունները։ Ի դեպ, այն կլինիկաները, որոնք կստորագրեն պայմանագիրը եւ կմտնեն պետպատվերով օնկովիրահատություններ կատարողների ցանկ, կզրկվեն վճարովի վիրահատություններ անելու հնարավորությունից։ Բժիշկները պահանջել են հստակեցնել ծրագրի պայմանները, վերջնականապես որոշել գնացուցակը։ Նախնական տեղեկություններով, ծրագրին մասնակցելուց հրաժարվել են «Էրեբունի» եւ «Իզմիրլյան» ԲԿ-ները»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբոր դուստրը` Աննա Սարգսյանը, որ 12 տարի շարունակ աշխատել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում որպես օտարերկրացիների ուսուցման դեկան, այդ բուհի դեմ դատական հայց է ներկայացրել: Նախկին վարչապետի քույրը պահանջում է անվավեր ճանաչել իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը եւ վերականգնել նախկին պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աննա Սարգսյանը մասնակցել է համալսարանում դեկանի ընտրություններին եւ 56 դեմ, 7 կողմ ձայներով չի ընտրվել դեկանի պաշտոնում: Ընդ որում, այդ բուհում դեկանի ընտրություններ տեղի են ունեցել բոլոր ֆակուլտետներում: Եվ, ահա, մյուսներն ընդունել են ընտրությունների արդյունքները, իսկ նախկին վարչապետի ազգականը` ոչ` դիմելով դատարան: Փաստորեն, Հայաստանում երկու ցմահ պաշտոններ զբաղեցնող անձ կա՝ Գարեգին Երկրորդը եւ Տիգրան Սարգսյանի քույրը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ պաշտոնից ազատվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության պետի տեղակալ Արտաշես Բեգլարյանը՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի փեսան։ Դա կատարվել է կառուցվածքային փոփոխության անվան տակ՝ օպերվարչությունը միավորվել է հետաքննության վարչությանը։ Օրեր առաջ էլ ազատվել էր նույն վարչության պետը՝ Կարեն Կարապետյանը, որը կոնֆլիկտ ուներ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ։ Բեգլարյանը հաստատեց լուրը՝ նշելով․ «Ես հիմա տեղափոխվում եմ այլ ծառայություն»։ Որ ծառայություն՝ դեռ պարզ չէ։ ՊԵԿ համակարգի ներսո՞ւմ, թե՞ դրսում։ «Չէ, համակարգից դուրս չեմ գալիս։ Նույն համակարգի մեջ այլ աշխատանքի»։ Ավելի բա՞րձր պաշտոնի։ «Գիտեք, դա ես չեմ որոշում, իմ ցանկությունով չի։ Անկեղծ, եթե իմանամ, կպատասխանեմ»։ Իսկ հնարավո՞ր է պաշտոնից ազատումը պայմանավորված է աներոջ՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի գործոնով։ «Բայց ի՞նչ կապ ունի, յուրաքանչյուր մարդ ինչ-որ մեկի փեսան է կամ աներն է, ի՞նչ կապ ունի Գագիկ Հարությունյանը։ Ես Գագիկ Բեգլարյանի տղան եմ, ասեմ՝ իմանաք։ Իմ հայրը ոչ պակաս հայտնի մարդ է, շատ հայտնի բժիշկ է»։
«168 ժամ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած աղմկահարույց տեսանյութը հասարակությանը բորբոքեց: «Զինվորի հացը գողացողին» ամենածանր պատիժն էին պահանջում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերներում հաճախ էր անդրադառնում այս բացահայտմանը եւ հայրենակիցներին խոստանում, որ զինվորի հաց գողացող որեւէ մեկը չի մնա անպատիժ: Իհարկե, վարչապետի այս հայտարարությանը հաջորդեցին նախկին իշխանություններից մի քանի նշանակումներ կառավարության կազմում՝ Հունան Պողոսյան, Վալերի Օսիպյան, որոնք ըստ էության հակասության մեջ դրեցին վարչապետին՝ իր ասած եւ գործած քայլերի մեջ, բայց դա աննկատ մնաց: Հանրությունն այդպես էլ հարցադրում չարեց, ինչո՞ւ նորից նշանակել անձանց, որոնք ժամանակին պաշտոնական դիրքից ելնելով՝ անուղղակիորեն պատասխանատվություն ունեին զինվոր հաց գողանալը կանխելու կամ գողացողին պատժելու հարցում եւ այդ լիազորությություններից չեն օգտվել: Հասարակությունն էլ այս պահանջը չդրեց կառավարման եկածների առաջ ու չկանխեց ավելի սկանդալային մի նշանակում, որն օրերս արվել է արտակարգ իրավիճակների ոլորտում:
ԱԻՆ պաշտոնական կայքի «նախարարի հրամաններ» բաժնում վերջին հայտարարությունն անցած տարի նոյեմբերի 5-ի հրամանի մասին է: Մինչդեռ 168 ժամ»-ի տեղեկություններով՝ եղել են մի շարք հրամաններ, եւ կայքում չհրապարակվածների մեջ հատկապես մեկը խիստ ուշագրավ է: Փետրվարի սկզբին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Կարապետ Մարգարյանին նշանակել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր: Կարապետ Մարգարյանն ունի դատվածություն, ժամանակին նա զինված ուժերի զորամասերից մեկի հրամանատարն է եղել, 2010թ. ապրիլի 6-ից մինչեւ 2013թ. oգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում նա իրեն իրավունք է վերապահել հանձնարարել ոմանց, որպեսզի Պաշտպանության նախարարության կողմից զորամասին հատկացված եւ զորամասի կարիքների համար պահպանվող ընդհանուր առմամբ 1.656 միլիոն ՀՀ դրամի դիզվառելիքը դուրս գրեն, ինչպես նաեւ՝ 8.137 միլիոն ՀՀ դրամի ռեգուլյար տեսակի ավտոբենզինը, եւ վատնել է սեփական կարիքների համար: ՊՆ-ի գույքը մսխելու եւ նախարարությանը պատճառած առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն 793 հազար դրամ նյութական վնասի համար 2015 թվականի նոյեմբերի 3-ին Երեւանի Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Կարապետ Մարգարյանին դատապարտել է ազատազրկման՝ հինգ ու կես տարի ժամեկտով, սակայն նշանակած պատիժը նախկին հրամանատարի նկատմամբ չի կիրառվել պայմանականորեն եւ սահմանվել է փորձաշրջան՝ 4 տարի ժամկետով, ընդ որում՝ պատիժը հրամանատարի նկատմամբ ճանաչվել է առանց գույքի բռնագանձման, ինչը խիստ հազվադեպ երեւույթ է պետության միջոցների այս չափերի յուրացման դեպքերում: Նկատենք, այն պահին, երբ Կարապետ Մարգարյանը յուրացնում էր պետության միջոցները, Ֆելիքս Ցոլակյանը զբաղված էր ազգային անվտանգության հարցերով: Հետեւապես զինվորի հացը գողացած եւ դեռեւս դատվածության մեջ գտնվող անձի կենսագրությունը չէր կարող վրիպել Ազգային անվտանգության ծառայության երկարամյա եւ փորձառու աշխատակցի աչքից»: