Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործով մեղադրական եզրակացությունը դատարանում է
ՀՀ գլխավոր դատախազությունը Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատարան:
Տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի շրջանակներում հուլիսի 5-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Էդուարդ Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել և Է. Բաբայանը կալանավորվել է: Այնուհետև Էդուարդ Բաբայանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: