24.11.2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկ Էնգելին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Կարեն Կարապետյանը Ծառուկյանի խնամու դաչայում հավաք էր հրավիրել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ նախկին պատգամավոր եւ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի դաչայում կազմակերպել է նախկին իշխանական վերնախավի ներկայացուցիչների հավաք, որին ներկա են եղել նաեւ նախկին նախարարներ եւ մարզպետներ: Հավաքի ընթացքում քննարկել են ստեղծված իրավիճակում գործելու հնարավորությունները, այդ թվում՝ միասնական թիմով հանդես գալու միջոցով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում, մասնավորապես՝ մարտին պաշտոնանկ կարվի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ Նրա աշխատանքներից լուրջ դժգոհություններ չկան, սակայն Փաշինյանը ԿԲ ղեկավարի պաշտոնում ցանկանում է իր մարդուն տեսնել։ ԿԲ նոր ղեկավարի թեկնածուն հենց այդ շրջանակներից է»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Յուրաքանչյուր ամիս մինչև ամսվա 7-ը ՊԵԿ բոլոր աշխատակիցները ստացել են պարգևավճարներ նվազագույնը 1 դրույքի չափով։ Արդեն ամիսուկես է՝ բաղձալի պրեմյաները չեն նստում աշխատակիցների հաշիվներին, որը օր օրի զայրացնում է ՊԵԿ-ի կոռուպցիազերծ զանգվածներին։ Մենք, իհարկե, երբեք չէինք անդրադառնա Դավիթ Անանյանին, եթե նա իրենց տանը նարդի խաղալիս լիներ կամ որպես հաշվետար աշխատեր որևէ տեղ։ Անդրադառնում ենք, որովհետև ՀՀ բյուջեի 1.5 տրիլիոն դրամի հավաքագրումը վստահված է իրեն: Այս պահին ընդամենը ցանկանում ենք մի բան իմանալ` բյուջեում փող չկա՞, թե՞ «քարտուղարուհուց» քաշվածն են մոտ 2000 պետական ծառայող: ՊԵԿ նախագահի քարտուղարուհին հայտնի դարձավ ոչ միայն իր ստացած պարգևավճարով, այլ որ այն եզակի քարտուղարուհին է, ով ինքն էլ քարտուղարուհի ունի»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե որքան էլ իշխանությունները քափ ու քրտինք մտած փորձում են հակադարձել հանրապետականների, հատկապես Արմեն Աշոտյանի քննադատությանը Սիրիա զորք ուղարկելու վտանգավորության առնչությամբ, այնքան ավելի են խճճվում այդ հարցում։ Դա փաստորեն մեկ մարդու որոշում էր` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, սակայն դրա տակից փորձում է սահուն դուրս գալ ՊՆ-ն` նախարար Տոնոյանի եւ փոխնախարար Բալայանի միջոցով, այնուհանդերձ, վերջիններիս փաստարկները չեն ցրում հիմնավորումը, որ որոշումը բացառապես կայացվել է «այսրոպեական ռեժիմով», Ռուսաստանին դուր գալու, սեփական իշխանությունն ամեն գնով պահելու անհաղթահարելի առաջնահերթությամբ, եւ որ երբեւէ «բացվելու» են այդ էջերը, ինչպես նորերն են բացում նախկին էջերը, ընդհուպ մինչեւ ծանրագույն պատասխանատվություն»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը կարող է փորձ անել առաջադրվել հաջորդ տարվա սկզբին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում: Իհարկե, Քոչարյանը Արցախում մշտական բնակության ցենզի հետ խնդիր ունի, բայց եթե նա 1998թ. գտավ մի ԺԷԿ-ի պետ, որը նրան մշտական բնակության կեղծ տեղեկանք տվեց, ապա նույնը կարող է անել նաև ԱՀ-ում: Կա մի այլ տարբերակ ևս, սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելը, որի համար պետք է ԱՀ ընտրողների 10 տոկոսի, այսինքն՝ 10 հազարի չափ ստորագրություն հավաքել: Այդ ճանապարհով է ուզում գնալ նաև ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, բայց եթե Քոչարյանը որոշի առաջադրվել, Բաբայանը կարող է պաշտպանել նրան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, թեժ պայքար է ընթանում ապագայում ստեղծվելիք սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար։ Առաջամարտիկը սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն է։ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» նախագծով առաջիկայում սփյուռքի նախարարությունը կվերակազմակերպվի՝ միանալով վարչապետի աշխատակազմին եւ աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Այն լինելու է պետական հայեցողական պաշտոն, որը զբաղեցնողը ենթակա եւ հաշվետու է վարչապետին։ Նա է հանձնակատարին պաշտոնի նշանակելու, ազատելու եւ այլն։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար կարող է նշանակվել առնվազն 2 օտար լեզվի իմացությամբ, 5 տարվա աշխատանքային ստաժ եւ բարձրագույն կրթություն ունեցող անձը։ Հիշեցնենք, որ Բաբկեն Տեր-Գրիգորյանը ծնվել է Փարիզում, մեծացել եւ կրթությունը ստացել է ԱՄՆ-ում եւ մեզանում հայտնի է որպես Պուտինի դեմ ակցիաների ջերմեռանդ մասնակից»:


«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ Ֆինանսների նախարարի թեկնածուի շուրջ իշխանական ուժի որոնումները դարձյալ կանգ են առել նախկին կառավարության պաշտոնյաներից մեկի վրա: Ֆինանսների նախարարի պաշտոնում դիտարկվում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղակալ Վախթանգ Միրումյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում է կառավարությանը մոտ կանգնած 168.am-ի աղբյուրը: Վախթանգ Միրումյանի թեկնածությունն առաջ է քաշվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի կողմից, իսկ թեկնածուի հետ հանդիպման նախաձեռնությունն իր վրա է վերցրել կառավարության ներկայացուցչական դեմքերից մեկը: Բացառված չէ, որ Վախթանգ Միրումյանին հանդիպման հրավերն արվել է հենց Տիգրան Ավինյանի գրասենյակից: Ի դեպ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը միակն է գործող իշխանության մեջ, ով անձնական հին կապեր ունի նախկին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և չճշտված տեղեկությունների համաձայն՝ ժամանակ առ ժամանակ դիմում է, անկաշկանդ շփումներ է ունենում նախկին իշխանության որոշ անդամների հետ, խորհրդակցում է աշխատանքային հարցերի շուրջ: Միրումյանի հետ հանդիպման մանրամասներին մեր աղբյուրը չէր տիրապետում: Հանդիպման արդյունքների մասին փորձեցինք տեղեկանալ անձամբ իրենից՝ Վ. Միրումյանից, սակայն նրա հեռախոսն անջատված էր, իսկ «Գազպրոմ Արմենիայի» գրասենյակում նրան գտնել չհաջողվեց»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին առողջապահության նախարարությունում 2019-ի պետպատվերի պայմանագրերն են կնքում։ Հետաքրքիր է, թե Արսեն Թորոսյանն ինչպես է պատրաստվում կազմակերպել «անվճար եւ արտոնյալ պայմաններով բուժօգնությունը»։ Շատ ուշագրավ տվյալներ հայտնաբերեցինք ԱՆ կայքում։ Ամենամեծ պատվերն իջեցվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնին, որը, ինչպես գիտենք, պատկանում է նախկին իշխանությունների սիրելի օլիգարխին՝ Սամվել Ալեքսանյանին։ Եթե 2018-ին նա ստացել է 1 միլիարդ 579 միլիոնի պատվեր, ապա 2019-ին դա կրկնապատկվել է՝ 2 միլիարդ 641 միլիոն։ Կրճատվել է «Նորք-Մարաշ» սրտաբանականի պետպատվերը՝ 1 միլիարդ 46 միլիոնից դառնալով 941 միլիոն։ Բայց ամենաուշագրավն Արսեն Թորոսյանի կողմից «սեփական ծառը ջրելու» մղումն է՝ նա կրկնապատկել է իր «Միբս» ՍՊԸ-ին տրվող պետական ֆինանսավորումը, որն ընդամենը ՄՌՏ ծառայություններ է մատուցում․ եթե 2018-ին այն կազմել է ընդամենը 25 միլիոն դրամ, ապա 2019-ին 57 միլիոն 37 հազար կստանա։ Ի դեպ, նույնն արեց ժամանակին նաեւ Լեւոն Ալթունյանը՝ իր «Վարդանանց» կլինիկայի պետպատվերն ավելացնելով։ Մեզ հետ զրույցում «Աստղիկի» մասին առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանն ասաց, որ թվերը չի հիշում, պետք է նայել, թե որ ծրագրերով է աճել․ «Մենք նոր ուռուցքաբանական վիրահատությունների ծրագիր ենք սկսել, «Աստղիկն» իրականացնում է հեմոդիալիզի ծառայություններ, ծննդօգնություններ»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորը վերջերս դիմել է ՍԴ՝ վիճարկելով համաներում հայտարարելու մասին 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած ՀՀ օրենքի սահմանադրականությունը: Բանն այն է, որ եթե նախկինում համաներման ժամանակ նշված է եղել, որ այն չի կարող կիրառվել պետությանը կամ անձին հասցրած վնասը չփոխհատուցած անձանց դեպքում, ապա այս անգամ նման արգելք չկա: Վերջերս հայտարարված համաներման արդյունքում ազատ արձակվեցին նաեւ անձինք, որոնք պետության կամ քաղաքացու վնասը չեն հատուցել: Նրանց նկատմամբ համաներում կիրառվել է, միեւնույն ժամանակ, օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տուժողներին հնարավորություն է տրվել քաղաքացիական հայց ներկայացնել դատարան՝ մեղադրյալներից պահանջելով վնասի փոխհատուցումը: Դատավորները հենց սա էլ համարում են խնդրահարույց ու հիմա այս կապակցությամբ դիմել են ՍԴ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բնապահպանները տեւական ժամանակ պայքարում էին Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ՝ պատճառաբանելով, որ այն բնապահպանական վտանգ է ներկայացնում: Պարզվում է, սակայն, այսօր, երբ հանքավայրի գործունեությունը դադարեցված է, բնապահպանական խնդիրները ոչ միայն չեն չեզոքացել, այլեւ նոր վտանգներ են ի հայտ եկել: Մասնավորապես, ըստ հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության` ձմռան այս ամիսներին Ամուլսարի տեղամասում արձանագրվել են ձյան առատ տեղումներ, բայց շրջափակման պատճառով հնարավոր չի եղել իրականացնել մակերեւութային ջրերում նստվածքների առաջացումը վերահսկելու համակարգի կառուցման աշխատանքները: Նրանց պնդմամբ` այս աշխատանքները պետք է իրականցվեին մինչ ձյան տեղումները, մինչդեռ հանքավայրը շրջափակված է, կառավարությունը քայլեր չի ձեռնարկում ապօրինի շրջափակման վերացման ուղղությամբ, եւ «Լիդիան Արմենիա»-ն հայտարարել է, թե շրջակա միջավայրի, ջրի եւ օդի որակի վատթարացման հետ կապված ցանկացած խնդրի առաջացման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը: Կառավարությունը` ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ բնապահպանական տեսչությունը, դեռ չեն արձագանքել «Լիդիան Արմենիային»: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն առաջիկայում նշանակված միջազգային փորձաքննությունից հետո շարունակելու է իր գործունեությունը ՀՀ-ում, քանի որ եզրակացությունը լինելու է հօգուտ իրենց: Մինչ այդ նկատենք, որ այս ընկերությունը 2018 թվականին, 2017-ի համեմատ, ավելի քան 3 մլրդ 132 մլն դրամով նվազեցրել է հարկերը: Եթե 2017թ. նրանք 16-րդ խոշոր հարկատուն էին, վճարել էին 7.8 մլրդ դրամ, ապա 2018 թ. նրանց վճարած հարկերը կազմել էին 4.7 մլրդ դրամ` խոշոր հարկատուների մեջ զբաղեցնելով 33-րդ տեղը»:


«Փաստ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով ծրագրային ընդարձակ առաջարկությունների փաթեթ՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխություններից սկսած, վերջացրած տնտեսության տարբեր ոլորտների մասին մոտեցումներով: Ծրագրի բովանդակային մասը չէ, սակայն, մեր քննարկման առարկան: Այս ծրագրային փաթեթն, ըստ էության, կարելի է անվանել ՀԱԿ–ի՝ վերջին շրջանի քաղաքական ակտիվության ֆորմալիզացիա: ՀԱԿ–ը հայտ է ներկայացնում քաղաքական կյանքում դերակատարություն ստանձնելու: Այդ դերակատարությունն, ըստ էության, ավարտվեց 2017թ. Ազգային ժողովի ընտրություններով, երբ Հայ ազգային կոնգրեսը չհայտնվեց խորհրդարանում՝ ընդդիմադիր ուժի դրոշը զիջելով «Ելք» դաշինքին: Նույնիսկ հեղափոխության օրերին ՀԱԿ–ը տեսանելի չէր քաղաքական դաշտում: Տեսանելիության առումով որոշակի տեղաշարժ սկսվեց վերջին ամիսներին:


Հաճախ է շրջանառվող տեղեկություններում Նիկոլ Փաշինյանը ներկայացվում Լևոն Տեր– Պետրոսյանի հոգեզավակ: Իսկ հասարակության մեջ կա մի ստվար հատված, որ կոնկրետ դիրքորոշում ունի Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության տարիների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանի կապը Տեր–Պետրոսյանի հետ, հնարավոր է, իշխանությանը որոշակի վարկանիշային ռիսկեր հասցնի: Այս խոսակություններն ավելի սրվեցին, երբ Փաշինյանը վերջին շրջանում ՀԱԿ–ից և 2008–ի քաղաքական շարժման մասնակիցներից ոմանց նշանակեց տարբեր պաշտոնների: Բնականաբար, այս հանգամանքը չվրիպեց վերոնշյալ թեզը շրջանառողների ուշադրությունից: ՀԱԿ–ը որոշեց օգտվել տեղեկատվական այս հոսքերից կամ այս խաղից, որտեղ իրենք հասարակության աչքերում Փաշինյանին վարկաբեկող գործիք են: Նիկոլին վերագրվող՝ ՀԱԿ–ի և Տեր–Պետրոսյանի հոգեզավակ լինելու հանգամանքը ՀԱԿ–ին դուր եկավ: Նրանք սկսեցին դիրքավորվել հենց այդ մոտեցման սահմաններում: Պատմության վերանայման առաջարկությունները, ամենօրյա ռեժիմով իշխանության մրցակիցներին կուսակցական ռեսուրսներով պատասխանելը, առաջարկությունների ծրագրային փաթեթը, և, բնականաբար, Մարտի 1–ի թեման ՀԱԿ– ին առնվազն հիմա վերադարձնում են քաղաքականության գոնե տեղեկատվական առաջնագիծ: Կոնգրեսն ու Տեր–Պետրոսյանը, փաստացի, խաղում են այն դերը, որը նրանց վերագրվում էր տեղեկատվական հոսքերում:


Մոտավոր այս ամենը կարելի է ձևակերպել այսպես. «Այո, Նիկոլը մեր հոգեզավակն է, 2008–ի շարժման դեմքերից է, եթե չլիներ 2008–ը, չէր լինի 2018–ը, Նիկոլն արել է այն, ինչ մենք ենք փորձել անել»: Ավելի կարևոր է, սակայն, այլ հարց՝ ինչպիսին է Փաշինյանի վերաբերմունքն ու դիրքորոշումն այս ամենին: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Փաշինյանի և Տեր–Պետրոսյանի ներկայիս կապերի մասին լուրերը հասարակության շրջանում հարցականներ են թողել: Նույնկերպ սխալված չենք լինի, եթե ֆիքսենք, որ եթե օբյեկտիվորեն ՀԱԿ–ն այժմ Փաշինյանի լիարժեք դաշնակիցների ցուցակում էլ չէ, ապա գոնե «թշնամիների» ցուցակում չէ: Մեկ այլ օբյեկտիվ հանգամանք, Փաշինյանի և կոնգրեսականների միջև բարոյահոգեբանական դիստանցիան, այսպես ասած, առավել պակաս է, քան Փաշինյանի և, օրինակ, Սերժ Սարգսյանի «պրոֆեսիոնալների»: Այսքանով հանդերձ, առայժմ չկա որևէ իրատեսական ինդիկատոր առ այն, որ Փաշինյանը գնում է ծավալուն «լևոնականության»: Ամենայն հավանականությամբ, այս մտայնության հետևում կա մի քանի մոտիվ: Նախ՝ կադրային սովը, որը փորձ է արվում լրացնել հնարավոր բոլոր ռեսուրսներով: Այս իմաստով Փաշինյանի նշանակումներում շատ են ոչ միայն «լևոնականները», այլև «ռոբականները, սերժականները, վազգենականները»:


Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ այս պահին իշխանությունն իսկապես դաշնակիցներ չունի: Անհեռատեսություն կլինի նման իրավիճակում մերժել ՀԱԿ–ի ակտիվությունը, գոնե տեղեկատվական դաշտում այն հիմա իշխանություններին ձեռնտու է: Այնուամենայնիվ, միամտություն է կարծել, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է կիսել իշխանությունը ՀԱԿ–ի հետ, կամ, ինչպես հիմա մոդայիկ է տարատեսակ խոսակցություններում ասել, մտադիր է Տեր–Պետրոսյանին նշանակել խորհրդական: Գործ ունենք բազմակողմ խաղի հետ, որտեղ կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր շահերն իրացնել: Առայժմ այդ շահերի իրացումը տեղի է ունենում տեղեկատվական դաշտում: Իսկ խորհրդական լինելու համար հրամանագիր կամ որոշում Տեր–Պետրոսյանին պետք էլ չէ.;